120 օրվա գերության բոլոր հուշերը դրել եմ «հիշատակների տուփի» մեջ. Ինչու է Մարալը որոշել կրկին վերադառնալ Լիբանան
ՀանդիպումԱդրբեջանական գերության մեջ չորս ամիս անցկացրած, ապա Լիբանան վերադարձած, կարճ ժամանակ անց էլ ՀՀ տեղափոխված Մարալ Նաջարյանը, պատրաստվում է հեռանալ հայրենիքից, կրկին վերադառնալ Լիբանան: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց անձամբ հաջորդ շաբաթ Լիբանան վերադարձող մեր հայրենակցուհին: Հիշեցնենք, Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստանի քաղաքացի է 2014 թվականից: Մարալը գերեվարվել էր Վիգեն Էուլջեքյանի հետ նախորդ տարվա նոյեմբերին եռակողմ հայտարարությունից հետո. իրերի հետևից Բերձոր ու Շուշի էին գնում։ Իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Նրա ու մյուս հայ գերիների ճակատագիրը դեռևս անորոշ է մնում։
Թե ինչո՞ւ է Մարալը որոշել կրկին վերադառնալ Լիբանան մեզ հետ զրույցում ասաց.
-Այստեղ շատ է թանկությունը, վարձով տները անտանելի թակացրել են, չեմ հասցնում վարձակալած տան գումարը աշխատել, ամբողջ ամիս պիտի չուտեմ-չխմեմ , որ տանիքիս գումարը տամ: Լիբանում էլի հեշտ կլինի, այնտեղ են իմ հարազատները: Ես շատ դժվարությամբ հետ վերադառնալու որոշումս կայացրել, բայց ապրել չեմ կարողանում Հայաստանում, չնայած շատ եմ սիրում հայրենիքս:
Մարալը վստահեցրեց, որ հաղթահարել է գերության չորս ամիսների ընթացքում ապրած հոգեկան ցավը.
-Հոգեպես չեմ կարող ասել՝ շատ լավ եմ կամ շատ վատ. մեջինն եմ: Անկարելի է այդ ամենը մոռանալ, բայց այդ բոլոր հուշերը դրել եմ մի «հիշատակների տուփի» մեջ: Երբեմն-երբեմն մտածում եմ այդ ահավոր ամիսների մասին, բայց փորձում եմ այդ բացասական մտքերը «տուփի» մեջ դնել: Ինձ համար նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներն էին գերության մեջ ամենադաժանը. հիվանդ էի և ինձ հետ կոպիտ էին վարվում, բայց ինձ բոլորովին ձեռք չեն տվել: Կոպիտ էին խոսում, դռները ուժով փակում էին, բայց հետո հասկացա, որ դա ընդունված էր անել բոլոր բանտարկյալների դեպքում, նույնիսկ իրենց սեփական կալանավորների հետ:
Մարալը պարբերական կապի մեջ է նաեւ իր հետ գերեվարված Վիգեն Էուլջեքյանի ընտանիքի հետ.
-Կապի մեջ եմ նրա կնոջ հետ: Միայն երեխաների հետ են թողնում ամիսը մեկ կապ հաստատի, կինն ասաց, որ Բաքվի բերդում շատ ծանր հիվանդ է, դժվարանում է անգամ երբեմն խոսել, բայց վստահեցնում է հարազատներին, որ կհաղթահարի եւ կվերադառնա: Այսքանը գիտեմ Վիգենի մասին, նրան դատել են, որպես ահաբեկիչ, բայց նա ահաբեկիչ չէր, եթե նա ահաբեկիչ լիներ Արցախ չէր գնա առանց զենքի, առանց ոչ մի բանի: Այս մեղադրանքները բոլորովին կեղծ են: Նա պատերազմի սկզբին կամավոր գրվեց, ինչ իմանար որ...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=242637&l=am/

