Ինչ էին ուզում ամերիկացիներն Ալիեւից
ՎերլուծությունՄերձավոր Արեւելքում կայունությունը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=242600&l=am) Հայաստանի համար, միանշանակ, մեծ կարեւորություն է ներկայացնում: Այն առումով, որ նման իրավիճակը նաեւ Ադրբեջանի համար է լուրջ զսպող գործոն, առավել եւս, որ Իրանի հետ կապված կարծես թե «մեծ եղբոր»՝ Թուրքիայի հետ հայտնվել են բարիկադների հակառակ կողմում:
Վաշինգտոնը, իհարկե, դեռ փորձում է Ալիեւին պահել իր խաղի մեջ, որի համար լծակների պակաս չունի: Օրինակ, բավական է Ալիեւին սպառնալ, թե կսառեցնեն արեւմտյան բանկերում պահվող նրա միլիարդները, որ նրան հնարավորինս պահեն վերահսկողության տակ:
Խնդիրը, թերեւս, նույնն է՝ Ալիեւին պահել «Բրյուսելի գործընթացում», որից նա, ըստ էության, ցուցադրաբար հետ քաշվեց՝ հրաժարվելով Նիկոլի հետ դեկտեմբերին ծրագրված հերթական հանդիպումից: Պատճառաբանությունն այն էր, թե չի ուզում Մակրոնի երեսը տեսնել, մինչդեռ Նիկոլը, ըստ Ալիեւի, պնդում է, թե կհանդիպի նրա մասնակցության դեպքում: Բայց ասել, որ դրա պատճառը Ֆրանսիայի ընդունած վերջին բանաձեւն է, սխալ կլիներ: Ալիեւը քաղաքականության մեջ նոր մարդ չէ, եւ հազիվ թե իրեն խռոված երեխայի պես պահելու «շքեղությունը» թույլ տար, թե՝ մեր դեմ բանաձեւ եք ընդունել, երեսներդ չեմ ուզում տեսնել: Դա կարող է միայն առիթը լինել: Փոխարենը, շատ ավելի լուրջ է այն հանգամանքը, որ ներկայումս Մոսկվայի հետ խորը հակասության մեջ մտնելը Ալիեւի համար մի շարք պատճառներով առավել քան ցանկալի չէ: Եթե դրան գումարենք ՌԴ-ի հետ կնքած գազային գործարքը, ապա այն տպավորությունն է, որ բրյուսելյան հարթակը, ինչպես քանիցս ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք, Ալիեւի համար ինչքան էլ որ լավագույն տարբերակ է, սակայն մեկ է՝ այն կարող է վնասաբեր եւ վտանգավոր լինել:
Իսկ ահա Հեյդարովիչին նախօրեին այցելած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ համարվող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը Ալիեւին եւ Բայրամովին փորձում էր ամեն կերպ «համոզել», թե՝ «ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է»: Դրա տակ Վաշինգտոնում հասկանում են հետեւյալը՝ ի՞նչ Մոսկվա, եկեք եւ երկուսով ստորագրեք «խաղաղության պայմանագիրը»:
Ի՞նչ արդյունքի հասավ Ռիքերը Բաքվում, դեռ հայտնի չէ: Ամեն դեպքում, Ադրբեջանից դեռ չի եղել հաստատում, թե՝ փոշմանել ենք, կգանք Բրյուսել: Բայց ահա փոխարենը շտապեց մեջ ընկնել Նիկոլի Էդմոնը, թե՝ քանի որ Ալիեւը Պրահայում պայմանավորվել է՝ շարունակել հանդիպումները քառակողմ ձեւաչափով, ուրեմն թող բարի լինի՝ շարունակի. «Տրամաբանական է, որ հանդիպման ձեւաչափը եւ մասնակիցների կազմը պետք է լինի նույնը: Ուստի, հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում Էմանուել Մակրոնի եւ Շառլ Միշելի հետ»: Ի՞նչ է, Նիկոլի անունից «կրակին յուղ է լցնում», որ Ալիեւն էլ ավելի սրի «կապրիզները», թե ոչ մի Բրյուսե՞լ: Եթե այս տրամաբանությամբ մտածենք, ապա կստացվի, որ Ալիեւն ու Նիկոլը համատեղ ուժերո՞վ են տապալում բրյուսելյան հանդիպումը, որ փոխարենը Մոսկվա՞ գնան: Բայց այդ դեպքում ստիպված կլինենք նաեւ մտածել, որ Մակրոնը եւս այդ խաղի մեջ է: Այսինքն, պատահակա՞ն էր, որ հենց այդ հանդիպման շեմին ընդունեց «հակաադրբեջանական» բանաձեւը, որն էլ Ալիեւին ու Նիկոլին Բրյուսելի խոստացած հանդիպումից «թռնելու» նման գեղեցիկ խաղ սարքեց:
Չնայած, Մակրոնը կարող է եւ Վաշինգտոնի «ոտքերի տակ սապոն դնի». դրա առիթը նա ունի: Հարվածները, որոնք Վաշինգտոնը հասցնում է եվրոպական, այդ թվում՝ ֆրանսիական տնտեսությանը, արդեն հասցրել են բավականին խորը հակասությունների, եւ այդ մասին Մակրոնը մեկ անգամ չէ, որ հրապարակային մեղադրանքներ է հղել ամերիկացիների հասցեին: Ու հարցը, թե ինչ կմնա եվրոպական տնտեսությունից, եթե ամերիկացիները մինչեւ թեկուզեւ գարուն ձգեն ուկրաինական ճգնաժամը, Եվրոպայի փորձագիտական հարթակներում լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Իսկ ահա կովկասյան ուղղությամբ, եթե ամերիկացիներին հաջողվի կյանքի կոչել իրենց «խաղաղության պայմանագիրը», ապա դա, ի թիվս այլ հարցերի, նաեւ միանշանակ կազդի ուկրաինական պատերազմի երկարացման վրա...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

