Դա չպետք է արվի ինչ-որ պահի օգուտի համար. Զախարյանի գործակալը` Արսենի ՀՀ անձնագիր ստանալու մտադրության մասին
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը խոսել է ֆուտբոլիստի՝ հայկական անձնագիր ստանալու մտադրության մասին.
«Անձնագրի թեմայով, ճիշտն ասած նրա հետ չենք խոսել։ Ես գիտեմ, որ Արսենի ծնողները հայ են, և նա կարող է ստանալ հայկական անձնագիր։
Բայց, եթե դա տեղի ունենա, Արսենի համար Եվրոպա մեկնելը ավելի հեշտ չի լինի: Բանակցություններում երբեք անձնագրի հետ կապված խնդիրներ չեն եղել։ Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի անձնագիր ստանալը գիտակցված արարք է ու շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում: Իհարկե, դա չպետք է արվի ինչ-որ պահի օգուտի համար։
Հնարավոր տրանսֆերի գումարը հայկական բանկ փոխանցելու մասին տեղեկություն իրականության հետ կապ չունի, հայկական բանկերն այս պատմության մեջ դեր չունեն»,- Անդրեևի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու գործընթացը հեշտացնելու համար կարող է դեկտեմբերին ստանալ հայկական անձնագիր, սակայն չի փոխի մարզական քաղաքացիությունը:

