ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հասան շիկացման այն կետին, երբ մնում է նստել եւ «լեզու գտնել»
ՎերլուծությունԱհա այս ֆոնին էլ (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=241530&l=am), այն բանից հետո, երբ Թուրքիան նաեւ պաշտոնապես մերժեց Ստամբուլի ահաբեկչության հետ կապված ԱՄՆ-ի ցավակցությունը, G-20-ի շրջանակներում կայացավ Էրդողանի եւ Բայդենի հանդիպումը: Թե դեմ առ դեմ ձեւաչափով ինչի մասին են խոսել, իհարկե, միայն ժամանակի ընթացքում հասկանալի կդառնա: Սակայն փորձագիտական աղբյուրներն առաջ ընկնելով՝ ակնարկում էին այն մասին, որ ինչ-որ էական տեղաշարժեր դրանից պետք չէ սպասել, չափից դուրս հակասական են այս պահին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները:
Որոշ փորձագետներ նույնիսկ այն մտքին հասան, որ այդ հանդիպման առանցքը ոչ թե նույնիսկ թուրք-ամերիկյան օրակարգին էր վերաբերում, այլ այն դերին, որն Անկարան ցանկանում է ստանձնել ռուս-ուկրաինական բանակցությունների հետ կապված: Ու կարելի է ասել, որ արդեն աստիճանաբար ստանձնում է, հաշվի առնելով, որ հենց Անկարայում տեղի ունեցավ այդքան աղմուկ հանած՝ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկին հանդիպումը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսի հետ: Ընդ որում՝ թուրքական հետախուզական ծառայության կենտրոնակայանում, որն այս դեպքում ամենեւին էլ պատահական դետալ չէ:
Թե ինչ են քննարկել, թերեւս շատ ավելի մեծ գաղտնիք է, քան անգամ Էրդողանի եւ Բայդենի քննարկումները: Ավելին, Նարիշկինը եւ Բերնսը ղեկավարում են այն կառույցները, որոնք կարող էին այդ հանդիպումն այնպես կազմակերպել, որ անգամ բուն հանդիպման փաստը ոչ մեկը չիմանար: Ու եթե դեռ հանդիպումը չսկսված, այդ մասին խոսվում էր, դա մեկ բան է նշանակում՝ պետք էր, որ այդ փաստը բացահայտվեր: Դա, միգուցե, Ուկրաինային ուղղված ակնարկ էր, որը համառում է բանակցային սեղանի շուրջ նստելու հարցով՝ անիրատեսական տարբեր պայմաններ առաջ քաշելով: Այսինքն, եթե մի կողմից Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակով ասում է, թե առանց Ուկրաինայի մասնակցության որեւէ բանակցություն չի լինի, եւ նույն պահին էլ այնպիսի առանցքային դեմքեր, ինչպիսիք են Նարիշկինը եւ Բերնսը, առանց որեւէ Ուկրաինայի մասնակցության բանակցում են՝ ի ցույց դնելով, թե հենց Ուկրաինայի հարցով, ապա միայն այդ փաստը պետք է որ գոնե Զելենսկու համար միանգամայն թափանցիկ ակնարկ լիներ:
Նաեւ Անկարայում եւ հենց թուրքական հետախուզության կենտրոնակայանում հանդիպելու փաստն էլ իր հերթին էր միանգամայն թափանցիկ ակնարկ. դրանով առաջ մղվեց Էրդողանի դերը, թե տեսեք, նա ինչ կարգի հանդիպում կարողացավ կազմակերպել: Նաեւ, թե գիտեր, որ նման հանդիպում է լինելու, այսինքն՝ ռուսների մոտ վստահություն է վայելում: Հաշվի առնելով, որ հենց Մոսկվան է քանիցս ընդունելի համարել Թուրքիայի միջնորդությամբ բանակցությունները:
Սակայն ամբողջ հարցն այն է, թե իրոք օրակարգում միայն Ուկրաինայի թեմա՞ն էր: Այս հարցի հետ կապված, թերեւս, որոշակի բաներ է հուշում մեկ այլ արտահոսք, որը եւս չէր կարող պատահական լինել: Այսպես, շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ Բերնսի հետ հանդիպումից հետո Նարիշկինը ոչ թե Մոսկվա է վերադարձել՝ արդյունքների մասին զեկուցելու, այլ մեկնել է Թեհրան: Պաշտոնապես Իրանը ուկրաինական թեմայի մեջ չկա: Իհարկե, որպես սերտ գործընկերոջ, Մոսկվան Թեհրանին կարող է ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկացնել: Սակայն դա Նարիշկինի գործը չէ: Առավել եւս, որ Անկարայի այդ հանդիպմանը զուգահեռ, կայացել էր նաեւ Ռայիսիի հետ Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում էլ ընթացիկ դետալները կարող էին նրան փոխանցվել:
Բայց երբ Նարիշկինն այս իրավիճակում մեկնում է Թեհրան, ապա դա նման է ակնարկի, որ Իրանի հետ կապված որոշակի հարցեր եւս եղել են Բերնսի հետ հանդիպման օրակարգում: Ընդ որում, դա կարելի էր նաեւ սպասել: Նկատի ունենք, որ հազիվ թե հենց այդ հանդիպմանը զուգահեռ Իրանը հայտարարեր կառավարվող հիպերձայնային հրթիռի փորձնական արձակման մասին: Իսկ դա մի այնպիսի փաստ է, որը չէր կարող լրջորեն չհետաքրքրեր ամերիկացիներին, եւ այդ մասին չցանկանային կոնկրետ հարցեր քննարկել ռուսների հետ:
Ի դեպ, չմոռանանք, որ ամերիկյան կողմը խոսում էր, որ Նարիշկինի հետ քննարկելու են նաեւ միջուկային զենք չօգտագործելու թեման: Հրապարակավ խոսքը վերաբերում էր Ուկրաինային: Սակայն ո՞վ կարող է ասել, որ ամերիկացիները չեն մտածում, թե Իրանը հանկարծ կառավարվող հիպերձայնային հրթիռ «ստեղծելով», նաեւ «չի ստեղծել» դրան սազական միջուկային լիցք:
Եվ վերջին ակնարկը, որը եկավ Նարիշկինի եւ Բերնսի հանդիպումից, դա ի ցույց դնելն էր, որ այդ ամբողջական բանակցային գործընթացը հենց իրենց՝ անվտանգության հարցով նշանակությամբ երեւի միայն բանակներին զիջող երկու կարեւորագույն կառույցների վերահսկողության տակ է: Թերեւս մեկ բանի համար, որ թույլ չտան խնդիրները հասնեն երկու բանակների միջոցով լուծելու մակարդակին, որի դեպքում պարզապես լուծելու բան էլ չի մնա: Սա, թերեւս, այն ակնարկն էր, որ ռուսներն ու ամերիկացիները, մի լավ իրար «միս ուտելով», վերջապես հասան այն փուլին, երբ պետք է նստեն եւ պայմանավորվեն: Իսկ դա բոլորի համար է ամենակարեւորը:
Իսկ Իրանը, ասենք նաեւ Թուրքիան, իհարկե, այդ պայմանավորվածությունների կարեւորագույն ուղղություններից են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

