Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակները, որտեղ տեղ գտած ըմբիշները կստանան պարգևավճարներ։
Լավագույնների թվում են Հայաստանի 2 ներկայացուցիչներ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու ազատ ոճի ըմբաշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը գլխավորում է բուլղարացի Կիրիլ Միլովը, որը կստանա 5000 դոլար պարգևավճար: Արթուր Ալեքսանյանը երկրորդն է ու կստանա 3000 դոլար: Լավագույն եռյակը եզրափակում ադրբեջանցի Արիֆ Նիֆտուլաևը (2000 դոլար):
Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի դասակարգման առաջատար, Ճապոնիայի ներկայացուցիչ Ռեի Հիգուչին կպարգևատրվի 5000 դոլարով, Արսեն Հարությունյանը երկրորդ տեղում է ու կստանա 3000 դոլար: Լավագույն եռյակում է նաև թուրք Սուլեյման Ատլին (2000 դոլար):

