ՓՇԱԼԱՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԽՈՒՆՏԱՆ ՉԻ ՓՐԿՎԻ
ՎերլուծությունԸնդդիմության հանրահավաքների օրը կապիտուլյանտները զոդել են տալիս ԱԺ դարպասը: Սակայն նոյեմբերի 9-ին` կապիտուլյացիայի տարելիցին, չնայած ընդդիմությունը հանրահավաք չէր նշանակել կամ ծրագրել, նիկոլենք ոչ միայն զոդեցին դարպասը, այլև փշալար քաշեցին: Դժվար թե դրանց ահի աղբյուրը լիներ այդ օրը ջահերթ անցկացնող ԱԺԲ-ն, քանզի «ծռաշեղվածների» թիրախը ոչ թե իշխանական շենքերն էին, այլ` ՌԴ դեսպանատունը:
ԵՐԲ ԱՀՈՒՍԱՐՍԱՓՆ ԱՆՍԱՀՄԱՆ Է
Գյուղական «վախ բռնողները» սրանց հաստատ չեն օգնի: Մնում է ԱԺ անվտանգության աշխատակիցներին էլ փոխարինեն թուրքական կամ ադրբեջանական «սպեցնազով», ու պըրծ... Արդյո՞ք սրանց վախը լրիվ իռացիոնալ է, թե՞ կան պատճառներ, որոնց մասին շարքային մահկանացուներս անտեղյակ ենք:
Կա վարկած, որ խունտան պատրաստվում է սրընթաց կատարել թշնամու թելադրանքը և նույնքան սրընթաց վերջնական կապիտուլյացիայի փաստաթուղթը բերել ԱԺ վավերացման, և սրանք այդ փշալարով պաշտպանվելու են գազազած քաղաքացիների ցասումից: Ի դեպ, Նիկոլի «հայրենասիրական» ճառերը, ուր «կիրթ ու կառուցողական» Ալիևը համեմատվում է իսլամական տեռորիստների հետ, և կապիտուլյանտը հայտարարում է Ալիևի` ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին, մի տեսակ կասկածելի են: Ինչպես նկատում է Էդուարդ Շարմազանովը. «Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են: Հիշեք 2020-ի սեպտեմբեր 25-26 -ին նրա ելույթները: Դրան հաջորդեցին պատերազմը, նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը: Արտասահմանյան սցենարիստները երեւի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել, նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը: Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի: Բայց արդյունքում կարող են զոհվել ուրիշները,իսկ կապիտուլյացիա-2 կստորագրի Նիկոլը»:
Իսկ երկրորդ վարկածը` որ Նիկոլը վախենում է հեղաշրջումից: Գուցե Նիկոլը վախենում է ոչ միայն իր, այլև սեփական թիմակիցների՞ համար, որոնց մասին նա սովորաբար հոգ է տանում՝ օրինականության շղարշ հաղորդելու սեփական ապօրինություններին ու բռնապետությանը: Կամ հենց թիմակիցների՞ց, քանզի պառակտման ցեցն մտել է ՔՊ-ի «ջանը»: Գռզո-Նիկոլ հակամարտությունը, ՔՊ վարչության ընտրությունների կեղծման և վերահաշվարկի սկանդալը շատ պերճախոս են: Ակնհայտ է, որ թիմի ներսում նա այլևս անվերապահ հեղինակություն չէ, և «սորոսական թևը» մեծ ճիգեր է գործադրում ՔՊ ներսում վերահսկողությունը վերցնելու: Նաիրի Հոխիկյանի դիտարկմամբ. «Տկարամիտների բռնապետություն: Ահա այսպես կարելի է անվանել մի քաղաքական ուժին, որը նույնիսկ իր կուսակցության ներսում է 1020 հոգու մասնակցությամբ ընտրական կեղծիքներ անում: Պարզվել է, որ ՔՊ-ի ներսում վարչության կազմ ընտրելիս կեղծիքներ են արել, հետո իրար բզկտել ու վերահաշվարկ արել, պարզել կեղծիքները, հիմա էլ միմյանց հոշոտում են»:
Հարցերի պատասխանը կարող է թաքնված լինել ապագայի հնարավոր զարգացումներում, որոնց մասին Նիկոլը տեղյակ է վաղօրոք: Երևի Նիկոլի մանկլավիկները շեֆին զեկուցել են, որ կարող է ԱԺ շենքի գրավման փորձեր էլ լինեն, ուստի որոշել է հենց այսօրվանից պատշաճորեն «զինել» սեփական թիմակիցներին: Եվ արդյո՞ք պատահական է, որ ԱԺԲ-ականները վանկարկում էին «ռուս Նիկոլ» և «ՀԱՊԿ Նիկոլ» և հայտարարում, որ Նիկոլը ծառայում է Ռուսաստանին: Միգուցե սցենա՞ր կա, որ Նիկոլին «ռսի ագենտ» հռչակելով, օգնեն «ամրոցի ներսի» վառ արևմտամետներին դառնալ դրության տերը և Նիկոլին, Պավլիկ Մանուկյանի ասած, «գցեն զիբիլի վեդրոն»: Ի վերջո Հայաստանում ամրանալու ձգտող ամերիկացիներին խանգարում է «մե՛կ մերոնց, մե՛կ ձերոնց» ծառայող Նիկոլը, և իրենք ձգտում են հստակ գիծ անցկացնող առաջին դեմք ունենալ: Առավելևս, Խերսոնում տեղի ունեցածից հետո, որը գնահատվում է «ճակատագրական»:
Սակայն Նիկոլը ունի և մի շատ մեծ վախ, որի անունն է Նիկոլին «Հայաստանի կառավարիչ» կոչող Սերժ Սարգսյան: ՔՊ-ականները բավականին վախեցել են «Իշխանություն-2» ֆիլմի ընթացքում ցուցադրած խորհրդանշական մեսիջներից, որոնք նրանք համարում են Սերժ Սարգսյանի` քաջատեղյակներին հղած ակնարկներ: Եվ պատահական չէ, որ անգամ կոչ տարածեցին հավաքել և հրապարակում վառել ֆիլմի պաստառները` ֆիլմի հեղինակների հետ մեկտեղ, սակայն «հուժկու ակցիային» եկել էին մեկուկես նիկոլազոմբի:
Խոսենք ֆիլմի ամենացայտուն խորհրդանիշից` նախագահի կողմից Ալիսա Դայանին փոխանցած «ֆլեշկայից»: Ֆիմում դա վերածվում է «վարչապետի» ամենահավատարիմ պահապանի վրա պոռնո-կոմպրոմատի, որի միջոցով ստիպում են վճռական պահին դուրս գալ «շեֆի» դեմ և վերջինիս հարկադրել հրաժարական և ուղևորություն դեպի բանտախուց: Այսինքն` որ բռնապետին հարվածելու է նա, ումից բռնապետը դա ամենաքիչն է սպասում, նրա ամենահավատարիմը: Արմեն Աշոտյանի ասած «սև կարապի» սցենարը...
ՕՏԱՐ ԽԱՂԵՐ
Անշուշտ, գնալով ամրանում է այն համոզմունքը, որ Նիկոլի հարցը լուծվելու է կուլիսներում, իսկ հրապարակում փոթորկվող քաղաքացիները սոսկ դրան օժանդակելու են: Եվ խորհրդանիշների «պատերազմ» իրոք տեսնում ենք:
Հայրենասեր ընդդիմության սիմվոլիկային հակադրվում է օտար ուժերի սիմվոլիկան: Հենց նոյեմբերի 9-ին` կապիտուլյացիայի տարելիցին, Պեմզաշենում մի ամբողջ ընտանիքի զարհուրելի սպանությունը շատ է նման ծիսական, սիմվոլիկ զոհաբերության` ճիշտ այնպես, ինչպես վիժվածք Պերմյակովի` տարիներ առաջ Գյումրիում կատարած ծիսական զարհուրելի սպանդը... Սա թուրքական սիմվոլիզմն է:
Իսկ մյուս` «մաքուր ամերիկյանը»` ցուցադրեց ԱԺԲ-ն նոյեմբերի 9-ի իր ջահերթի ժամանակ: Հռչակվեց մաքուր, անխառն հակառուսականություն, ՌԴ-ն հայտարարվեց թշնամի, բոլոր մեղքերը վերագրվեցին Կրեմլին, ՌԴ-ի վրա, ռսի ասած` «всех собак повесили»: Եվ Ռուսաստանի ծառա հռչակեցին ինչպես կապիտուլյանտ Նիկոլին, այնպես էլ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին, սակայն պլստացին նախագահներ Արմեն Սարգսյանը և Վահագն Խաչատրյանը... Առաջին և երկրորդ նախագահները միգուցե կարձագանքեն կամ ոչ, սակայն Սերժ Սարգսյանին ՌԴ-ի ծառա անվանելը մոտավորապես նույնն է, ինչ ԱՄՆ-ի ծառա անվանես Իսրայելի վարչապետներին: Պարզապես ՀՀ երրորդ նախագահը ճիշտ ու գրագետ կառուցել էր հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ և ռուսներից ՀՀ-ն ստացել էր այնքան օգուտ, որքան «ծառային» հաստատ չեն տալիս, իսկ վստահելի գործընկերոջը և դաշնակցին` տալիս են: Նույնը և Իսրայելի ու ԱՄՆ-ի հարաբերությունների հանգամանքն է...
Սակայն վերադառնանք խորհրդանիշների պատերազմին: «Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ցույց է տալիս, թե ինչպես է Նիկոլը «պասերով» խաղում Ալիևի հետ` հենց սիմվոլների պատերազմում. «Արհեստածին Ադրբեջանի նավթոտ (վերջին տարիներին ավելի շատ գազոտ) բռնապետը նոյեմբերի 8֊ին օկուպացված Շուշիում հերթական սպառնալիքների տարափն էր հնչեցրել Հայաստանի հասցեին, որին այս անգամ ՀՀ դե ֆակտո վարչապետը որոշեց արձագանքել:
«Վիրտուալ Հայաստանի» տրամաբանության շրջանակներում նախ իշխանամետ ԶԼՄ֊ները անոնս արեցին, թե այս անգամ Պապ թագավորի նվիրյալ հետնորդը Բաքվի բռնապետի «պորտը տեղն է դնելու», մինչդեռ արդյունքում ստացանք հերթական լացուկոծը ու իրարամերժ հայտարարությունների շարանը: Փորձեմ անդրադառնալ, ըստ իս, այսօրվա ելույթի ամենախնդրահարույց դրվագներին: Նախ ելույթում 8 անգամ օգտագործվում է «ցեղասպանություն» բառը` գուժելով, որ Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել Արցախի հայ ժողովրդին: Նույն անձը, Թուրքիայի մասին իր բոլոր հրապարակային ելույթներից` լինի դա ՄԱԿ֊ում, թե այլ կարևոր հարթակներում, դուրս է մղել «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, հրաժարվել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, Ադրբեջանին և Թուրքիայի բռնապետերին կիրթ և կառուցողական ներկայացնելով ամեն կերպ մաքրել է նրանցից ցեղասպանական պիտակը` այդ թվում 44֊օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո տեղի ունեցած պատերազմական գործողությունները:
Միաժամանակ անհասկանալի է, թե ինչպես է վերջինս պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում՝ բազմիցս նշելով, թե իբր Հայաստանը մի քանի անգամ` սկսած 90-ականներից, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, երբ իր իսկ բնորոշմամբ` նման սցենարի դեպքում Արցախի հայությանը սպառնում է ցեղասպանություն: Ավելին, նրա թիմակիցներից շատերը հավատում են Արցախի հայության անվտանգ կենսագործունեությանը ցեղասպան Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Փորձագետի ամփոփմամբ. «Ընդհանուր առմամբ, ելույթը (Նիկոլի-խմբ.) կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ: Կիրթ և կառուցողական նորելուկ Թալեաթը պատրաստվում է արցախահայությանը ցեղասպանության ենթարկել, բայց մենք շարունակում ենք հավատարիմ մնալ «խաղաղության օրակարգին»՝ այդ թվում Արցախը թողնելով Բաքվի բռնապետի ողորմածությանը: Չէ որ, ըստ «զրոյից արտաքին քաղաքականություն կերտող» թավշյա դեմոկրատների` «թշնամանքը պետք է կառավարել, հետևաբար պետք է կառավարել նաև հայատյացությունը», այսինքն «կառավարել նաև ցեղասպանությունը»:
Գրողը տանի, կառավարելի քաոսը գիտենք ինչ է: Բայց ո՞ր մի «նիկոլս» է «կառավարելի ցեղասպանությունը»: Օրուէլը գլուխը պատով է տվել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


