Գուրգեն Մելիքյանն ընթերցեց հայտարարության տեքստը
ՆերքաղաքականԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը Ֆրանսիայի հրապարակում ընթերցեց ընդդիմության հայտարարության տեքստը. «Ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների՝ պայքարը շարունակելու կամքը: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս գաղափարն է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի հիմքում և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով: Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ և կապիտուլյացիա: Հայատանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում:
Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը Ղարաբաղյան հանրապետության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի: Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ առանց նախապայմանների, ուժի կիրառման, կամ դրա սպառնալիքի: Զանգեզուրի միջանցքը պահանջելու՝ թուրք -ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք: Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Թուրքիան չպետք է Հայաստանի Հանրապետության հետ խոսի վերջնագրերի լեզվով, մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ համաձայն ՀՀ գերագույն խորհրդի՝ 1992 թվականի հունիսի 8-ի որոշման՝ ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթութ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում:

