«Կամքը» բաց նամակ է հղել ՌԴ ազգությամբ հայ գործարարներին եւ մշակութային համայնքի ներկայացուցիչներին
ՆերքաղաքականՀայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ-ում ռուսական ներկայացուցչական շրջանակներին, ռուսահայությանը եւ Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ գործարար եւ մշակութային համայնքի ներկայացուցիչներին` Ալբերտ Ավդոլյանին, Արտյոմ Խաչատրյանին, Արա Աբրահամյան, Արթուր Ասատրյանին, Սերգեյ Գալիցկիին, Սերգեյ Համբարձումյանին, Սերգեյ Սարկիսովին, Նիկոլայ Սարկիսովին, Նորայր Թեւանյանին, Գենադի Ստեփանյանին, Գարեգին Ղևոնդյանին, Գագիկ Զաքարյանին, Ռուբեն Վարդանյանին, Կարեն Կարապետյանին, Սամվել Կարապետյան, Դանիլ Խաչատուրովին, Կամո Հայրապետյանին, Արսեն Աբրամյանին, Վահե Ավանեսյանին եւ այլոց:
«Պետք է արձանագրենք, որ հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն հետընթաց են ապրում ոչ միայն վերջին ամիսներին, այլեւ արդեն տարիներ շարունակ։ Մինչդեռ 19-րդ դարից հայ֊ռուսական հարաբերությունները կառուցված են եղել աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական համամարդկային եւ միջազգային արժեքների վրա, այսօր այդ հարաբերությունները վտանգված են հիմնական երկու պատճառներով՝ դրանք են․ սովետական ժամանակաշրջանից ժառանգված հայկական ստրկամիտ շրջանակների ավանդույթները եւ երկրորդ՝ ամենակարևորը, անցած երեք տասնամյակներում երկու երկրների միջեւ հարաբերությունները՝ անխնա շահագործող մարդկանց եւ շրջանակների կողմից նույն այդ հարաբերությունները մասնավոր և խմբակային շահերին ի սպաս մսխելու ազգադավ գործունեությունը: Պարտավոր ենք գիտակցել, որ դարանակալ թշնամին օգտվել եւ այսօր էլ շարունակում է օգտվել հենց այս երեւույթներից:
Այսօր էլ, երբ ՌԴ-ում, Անդրկովկասում եւ հատկապես Երեւանում հակառուսականության արկածախնդրության հեղինակներն ու դրդողները ոչ միայն հայկական Արցախը, այլեւ ամբողջ հայության ազգային հեռանկարներն են դնում համաղետի առջև, տեսնում ենք, որ անհեռատես թմբիրի մեջ քնած են միլիոնավոր ռուսահայությունն ընդհանրապես և ռուսահայ գործարարները մասնավորապես՝ նրանք, ովքեր հայ֊ռուսական ձևավորվող անհանդուրժողականության պայմաններում կարող են կորցնել ամեն ինչ:
«Անհասկանալի» պատճառներով չեն բարձրաձայնվում հայ֊ռուսական հարաբերություններին վերաբերվող իրական խնդիրները, չեն արծարծվում առաջնահերթությունները, որոնք են․ Անդրկովկասի աշխարհաքաղաքական կայունության հեռանկարները, հայ֊ռուսական աշխարհատնտեսական և տրանսպորտային հեռանկարները, հայ եւ ռուս ժողովրդների անվտանգային հայեցակարգային հիմնադրույթները, հանուն հարատև կայունության երկու ժողովրդների կոշտ եւ փափուկ ուժի կենտրոնների զորաշարժի եւ համագործակցության կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարները:
Մյուս կողմից, արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում Արեւմուտք-ՌԴ առճակատումը տեղափոխել մեր երկիր։ Իսկ այդ հողի վրա, հակառուսականության, ռուսատյացության տարածումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանը սիրիականացնելու գործընթաց։
Այսօր արձանագրել է պետք, որ խնդիրը ոչ միայն հակառուսականություն եւ ռուսատյացություն տարածողների ճամբարում գործող, այլ երկրների շահերն սպասարկող դավադիր նախագծի բաղադրիչներն են, ալև մեր ոչ համակարգված եւ ոչ համախումբ գործելը: Հիմա արդեն պարզ է, որ այս համաղետի դեմ մենք պարտավոր ենք պայքարել ոչ միայն իռացիոնալ հայտարարություններով և հարցազրույցներով, այլ հանուն մեր և մեր սերունդների ապագայի, պարտավոր ենք անցնել հստակ և համակարգված գործողությունների։ Ուստի, հիմնվելով վերոնշյալ ահազանգային փաստերի վրա, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը կոչ է ուղղում ռուսահայությանը, եւ ՀՀ ում ռուսական ներկայացուցչական շրջանակներին` զերծ մնալ երկու ժողովրդների թշնամիների դարանակալ նպատակները գիտակցաբար կամ անգիտակցաբար սնելու անհեռանկար պահվածքից, վերջ տալ անհեռատես և վիրավորական գործելաոճից։
Ինչպես նաեւ կոչ ենք ուղղում ռուսահայ գործարար և մշակութային համայնքի ներկայացուցիչներին հետայսու լրջագույն, հեռանկարային, վճռական, հետեւողական եւ համակարգված գործողություններով կանխել հակառուսականության, ռուսատացության տարածումը։ Նաեւ համախմբվել Հայկական Արժեքները պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության եւ նրա գործընկեր ուժերի կողմից առաջարկվող՝ Հայաստանում, ժամ առաջ հայ֊ռուսական փոխհարաբերությունների հեռանկարային հայեցակարգ ձեւավորելու գաղափարի շուրջ եւ աջակցել այդ գաղափարի կյանքի կոչմանը»

