Մոսկվան Արցախում ի ցույց է դնում «Բ» պլանը
ՎերլուծությունԱյսպիսով, Նիկոլը եւս նախօրեին հայտարարեց, թե պատրաստվում է մեկնել Սոչի՝ Պուտինի միջնորդությամբ Ալիեւի հետ հանդիպման: Ճիշտ է, դրանով հանդերձ շրջանառվում են լուրեր, որ անգամ վերջին պահին նա կարող է ինչ-որ պատրվակով չեղարկել այցը: Նաեւ, թե իրեն ամերիկացիները վսատհեցրել են, որ Ալիեւը չի գա, ուստի կարող է համաձայնություն տալ՝ մասնակցել մի հանդիպման, որը չի լինելու, եւ այսպես շարունակ:
ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԸ ՀԱՆԿԱՐԾ ՀԻՇԵՑ ՀԱՊԿ-Ի ՄԱՍԻՆ
Իհարկե, հաշվի առնելով այն, որ մասնավորապես մեր տարածաշրջանում ռուս-ամերիկյան արդեն ուղիղ պայքարը հասնում է կուլմինացիային, ամեն տարբերակ էլ հնարավոր է, այդ թվում, որ Նիկոլը վերջին պահին կհրաժարվի Սոչի գնալ, կամ՝ Ալիեւը: Սակայն հիշատակված բոլոր լուրերով հանդերձ, ամենահավանական տարբերակը գոնե երեկվա դրությամբ այն էր, որ այդ եռակողմ հանդիպումը կկայանա: Ու առաջ է գալիս այս հարցը՝ ի՞նչ է պետք սպասել:
Նիկոլը նախօրեին ԱԺ-ում, հաստատելով մեկնելու լուրը, հերթական անգամ հաստատեց, թե՝ ես կցանկանամ, որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի մինչեւ այս տարեվերջ: Ում է դա ասում՝ ռուսների՞ն, թե ամերիկացիներին, այսինքն՝ ո՞ւմ ներկայացրած «խաղաղության պայմանագիրը» նկատի ունի: Նրա հաջորդ խոսքերը որոշ մտորումների տեղ տալիս են. «Մենք հույս ունենք, որ մինչեւ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ավարտված կլինեն դելիմիտացիայի աշխատանքները... Դա կարող է լինել իրատեսական, որովհետեւ սահմանները հայտնի են»:
Այո, «սահմանները հայտնի են», բայց նաեւ չմոռանանք, որ դրանք սահմանազատման համար անհրաժեշտ մակարդակով հայտնի են միայն ռուսներին, այդ դետալային քարտեզները միայն այնտեղ կան: Այսինքն, միայն ռուսների հետ աշխատելով՝ Նիկոլը կարող է քանիցս հայտարարած 29.8 հազար քկմ Հայաստանը գծել:
Եվ հենց նույն մտքին է տանում նրա հաջորդ հայտարարությունը, թե՝ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային եւ կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ: Այսինքն, որ. «Մենք առաջիկայում նախաձեռնում ենք ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը: Հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը»:
Այստեղ, իհարկե, պետք է հիշեցնել, որ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը պետք է հրավիրեր Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող: Ընդ որում, ինչպես ՀԱՊԿ-ի եզրակացությունը, այնպես էլ դրա հիման վրա նիստ հրավիրելու տարբերակն արդեն տեւական ժամանակ օրակարգում են, Լավրովն այդ մասին անգամ Աստանայում հրապարակավ հայտարարեց: Այսինքն, Նիկոլը նախ պետք է տա պարզ հարցի պատասխան՝ իսկ ինչո՞ւ մինչ այս չէր հրավիրում: Նաեւ, թե այդ ի՞նչ փոխվեց, որ հիմա «հույս ունի», որ այդ նիստը «հնարավորինս արագ տեղի կունենա»:
Իհարկե, այդ հարցի պատասխանը կարելի է հասկանալ. եթե նման նիստ ավելի շուտ աներ, այնտեղ էլ «պատահաբար» որոշվեր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզը պետք է կյանքի կոչվի ՀԱՊԿ-ի դիտորդների (կամ ուժերի) մասնակցությամբ, ապա ի՞նչ էին անելու այստեղ բերված եվրոպական դիտորդների հետ: Բայց եթե հիմա Նիկոլը «հույս ունի», ապա դա նմանվում է նրա կողմից շատ հետաքրքիր ակնարկի: Առավել եւս, որ եթե նման որոշում լինի, ապա էլի «Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» միակ տարբերակը Մոսկվայում պահվող քարտեզներն են: Ինչ է, որոշել են «ձեռքի հետ» էլ ռուսական քարտեզներով եւ ռուսների մասնակցությամբ դելիմիտացիա՞ անել, ինչպես որ Նիկոլն ակնկալում է:
Եվ այս ամենն ի՞նչ է հուշում, որ իրո՞ք Նիկոլի մոտ Պրահայի հանդիպմանը հաջորդած՝ «Опять власть меняется» տարբերակն է, ինչի մասին կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք «Իրավունքի» նախորդ համարում:
ԱՐՑԱԽԻՑ ՈՒՇԱԳՐԱՎ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՍՊԱՍԵԼԻՔ
Չնայած, այս օրերին նկատվեցին որոշ այլ զարգացումներ եւս, որոնք իրենց հերթին են ակնարկում այն մասին, որ ոչ միայն Նիկոլը, այլ նաեւ Ալիեւն է ստիպված լինելու անցնել՝ «Опять власть меняется» ռեժիմին:
Այսպես, նախ այստեղ ընդգծենք այն փաստը, որ վերջին ժամանակներս ռուսական քաղաքագիտական եւ լրատվական դաշտը, այդ թվում՝ կենտրոնական, կարծես թե դարձել են Արցախի ամենաջերմեռանդ պաշտպանները: Բանը հասավ նրան, որ Բաքուն պաշտոնական բողոք հղեց Մոսկվային, թե այս ի՞նչ է կատարվում: Բայց անգամ դրանից հետո բան չի փոխվում: Ճիշտ է, «չար լեզուներն» ասում են, թե այդ փոփոխությունը պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի, այլ տարբերակով՝ նաեւ մյուս ռուսահայ մեծահարուստների փողերով: Սակայն ներկայումս Ռուսաստանն այն սուր աշխարհաքաղաքական բախումների մեջ է, որ այստեղ միայն փողով, անգամ մեծ փողով նման կտրուկ տեղաշարժեր չես առաջացնի, պետք է նաեւ վերեւների «դաբրոն»:
Իսկ այն, որ նման «դաբրո» կա, հաստատում են նաեւ այն ոչ պաշտոնական խոսակցությունները, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել մի շարք առանցքային դեմքերի հետ: Դա եւս կապվում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու հետ, թե նրա եւ ռուսահայ մյուս մեծահարուստների միջնորդությամբ են Արայիկին Մոսկվա կանչել: Սակայն այս դեպքում եւս նույն հարցադրումը կա. եթե հստակ, կոնկրետ որոշում, նաեւ դրա տակ դրված ծրագիր չլիներ, Արայիկին կանչում էին Մոսկվա, որ ի՞նչ:
Մյուս կողմից, թե այդ այցն ինչով է բացատրվում, հուշում է նաեւ նախօրեին «Իրավունքի» տարածած տեղեկատվությունն այն մասին, որ՝ «Հոկտեմբերի 30-ին Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու, որի ընթացքում հայտարարություն է ընդունվելու: Նիստից անմիջապես հետո է սպասվում համազգային հանրահավաք Ստեփանակերտում` «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» պահանջով: Հանրահավաքի ժամանակ «կարմիր գծով» ֆիքսվելու է Արցախի բնակչության տեսակետը: Այն է, որ Արցախի միակ փրկությունը տեսնում են ՌԴ-ի հետ»:
Թե ինչու հոկտեմբերի 30-ին, կարելի է հասկանալ. Ա. Հարությունյանն այսօր-վաղն է վերադառնալու Մոսկվայից, այսինքն, թե ԱՀ ԱԺ հայտարարությունն ինչ վերջնական տեսք կունենա, հենց այդ այցի շրջանակներում էլ լուծվելու է: Հետաքրքիր է նաեւ, որ ԱԺ հայտարարությունը պետք է «պեչատել» «համազգային հանրահավաքով»: Դա մեկ բան է հուշում, որ այդ հայտարարությունը նախատեսված է դրսում խաղարկելու համար: Այսինքն, կարող է վիճարկվել, թե ԱՀ ԱԺ-ն չճանաչված մարմին է, նրա հայտարարություններն առ ոչինչ են, եւ այդ դեպքում արդեն այն մեկնաբանությունը, թե՝ որոշումը միայն ԱՀ ԱԺ-ինը չէ, այլ՝ Արցախի ողջ բնակչությանը, եւ այն հավանություն է ստացել «համազգային հանրահավաքում»:
Այսպիսով, ի՞նչ կարող է հայտարարել ԱՀ ԱԺ-ն, որը պետք է հաստատի «համազգային հանրահավաքը»: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, այս փուլում Մոսկվան մտածում է գործարկել Արցախի հետ կապված «Բ» պլանը, որի մասին դեռ տարեսկզբին խոսելու առիթ ունեցել ենք: Այսինքն, եթե Ալիեւն ու Նիկոլը որոշեն գնալ ամերիկյան «խաղաղության պայմանագրի» սցենարով, որը ենթադրում է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության զրոյացում եւ ռուսական զորքերին Արցախից դուրս բերելու հեռանկար, ապա այդ դեպքում Մոսկվան կգործարկի այդ «Բ» պլանը: Այն է՝ արցախյան հիմնախնդիրը կուղղորդի աբխազական, օսեթական, մերձդնեստրյան հունով: Այսինքն, որ զորքերին Արցախում է պահում ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության հիմքով, այլ, պարզապես, որ ապահովեն Արցախի բնակչության կյանքն ու անվտանգությունը:
ԱԼԻԵՎԻ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Սա Ալիեւի համար, ինչ խոսք, վատագույն տարբերակն է դառնում: Եվ դրա դեմն առնելու ամենահարմար տարբերակը մնում է Սոչիում այլ տարբերակով պայմանավորվելու փորձը: Այսինքն, այն «խաղաղության պայմանագիրը», որն առաջարկում է Ռուսաստանը, Արցախը թողնելով հայկական, այնուամենայնիվ, նաեւ Ադրբեջանի համար անհամեմատ մեղմ տարբերակ է առաջարկում: Ուստիեւ, քիչ հավանական է, որ նա գնա Սոչիի հանդիպման տապալման ուղղությամբ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

