Արմեն Մելիքբեկյանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների մասին
Սպորտ-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երբևէ առաջարկ չի արել Մարսելինո Գարսիա Տորալին,-այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և հավելել, որ տարբեր անունների շրջանառումը խանգարում է բանակցային գործընթացին.
«Պատկերացրեք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է մարզչի հետ, և այդ մարզիչը մամուլից հանկարծ իմանում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, թե 100 տոկոսով մեկ այլ մարզչի էլ է առաջարկ արվել: Դա ուղղակի խանգարում է ֆեդերացիայի և այդ մարզչի միջև փոխադարձ վստահության բանակցությունները շարունակելուն: Դա բարդ գործընթաց է, որը վարում են սահմանափակ թվով մարդիկ:
Հավանական մարզիչների անուններ, մամուլը, ամենայն հավանականությամբ, կիմանա վերջին պահին: Առայժմ չեմ կարող ասել՝ մինչև ընկերական խաղերի մեկնարկը կունենանք նշանակում, թե՝ ոչ: Մարզիչ ընտրելիս չենք առաջնորդվում ազգությամբ: Մարզչի ընտրությունն առաջին հերթին կատարում ենք՝ հաշվի առնելով Հայաստանի հավաքականի ներուժը, և թե ինչ կարող է այդ մարզիչը տալ հավաքականին», — նշել է Մելիքբեկյանը:

