Բացվում է ԱՄՆ-ի դեմ «երկրորդ ճակատը»
ՎերլուծությունԱզդակը, որը եկավ Չինաստանից, գալիս է հուշելու, որ անկախ կովկասյան տարածաշրջանում ներկա զարգացումներից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=239188&l=am), մեր այս տարածաշրջանը մնում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Չինաստանի, այս երկու երկրների գործոնով պայմանավորված` Իրանի կենսական շահերի գոտում: Այլ կերպ ասած, որ Պեկինն ու Թեհրանն էլ իրենց հերթին են լրջորեն շահագրգռված, որ մասնավորապես մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերահսկողության հարցում անակնկալներ չլինեն:
Չնայած, չինական այդ ազդակը միայն մասամբ է մեր տարածաշրջանին վերաբերում, այն շատ ավելի գլոբալ իմաստ ունի: Խոսքը Պեկինում ընթացող Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 20-րդ համագումարի մասին է, որը, դժվար չէ նկատել, որ աշխարհի մասշտաբով էր ի սկզբանե ճակատագրական համարվում: Ավելի կոնկրետ, այս համագումարում մի քանի էական հարցերի պատասխան պետք է հնչեր, որն էլ հստակեցնելու է, թե Չինաստանը, որն ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես հռչակվեց, որպես թիվ 1 հակառակորդ, ինչ գլոբալ դերի է պատրաստվում հավակնել:
Այդ հարցերի թվում առաջինն այն էր, թե նախագահ Սի Ցզինպինը գնալո՞ւ է երկրի առաջնորդի երրորդ ժամկետին, որը չինական վերջին 4 տասնամյակի համար աննախադեպ էր: Չնայած, այս հարցի պատասխանը դեռ մինչ համագումարն էր ակնհայտ. ոչ միայն գնալու է, այլ էական մրցակից չունի: Եվ այստեղից բխող այլ հարց կար` իսկ ի՞նչ կառավարության կազմ է ստեղծելու, ո՞ր դիրքերում գտնվող գործիչներին կտա նախապատվությունը: Վերջապես, ի՞նչ քաղաքական հայտով եւ, առաջին հերթին` աշխարհաքաղաքական: Համագումարի ընթացքը ցույց տվեց, որ անակնկալներ չեն լինելու: Սին մնում է իր դիրքում, միաժամանակ իշխանական առաջին էշելոն են գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը, ԱՄՆ-ի հետ դիմակայության սրմանը եւ, որպես մասնավոր դրվագ, Թայվանի հարցում ամենավճռական քայլերի դիմելու կողմնակիցները:
Հաջորդը` Չինաստանի առաջիկա քաղաքական կուրսր հետ կապված եւս անակնկալներ կարծես թե չկան: Ամեն դեպքում, նախագահ Սին իր ներածական ելույթում, թեեւ բավականին զուսպ, առանց վերջնական կոնկրետացումների, այնուամենայնիվ, ամեն ինչ իր տեղը դրեց:
Առաջին կարեւոր մտքերից մեկը, որ Սին հնչեցրեց սպասվող կուրսի առնչությամբ, արդեն իսկ անուղղակիորեն վերաբերում էր մեր տարածաշրջանին: Այն է` Պեկինն ուժեղացնում է իր ընդլայնումը արտերկրում, մասնավորապես՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», ավելի պարզ ասած` «Մետաքսի ուղու» համաշխարհային նախագծի միջոցով: Ու սա հենց այն նախագիծն է, որն ԱՄՆ-ի համար ամենավտանգավորների թվում է: Հիշեցնենք, խոսքը Չինաստանից մինչեւ Եվրոպա ձգվող առեւտրատնտեսական ուղիների մասին է, որի հարավային ուղղության հանգուցային բաշխիչ կետը Իրանն է` դրանից բխող մեր տարածաշրջանին վերաբերող բոլոր հասկանալի սպասումներով հանդերձ: Ու հենց Իրանում էլ «Մետաքսի ուղին», ըստ ծրագրվածի, խաչվելու է Հնդկաստանից եկող «Հյուսիս-հարավ» մեգածրագրի հետ, որի արդյունքում անգլոսաքսոնների վերահսկողության տակ գտնվող ծովային առեւտրային ուղիներն էապես կորցնում են իրենց դիրքը` հսկայական շահույթներով եւ դոլարին հասցված ծանր հարվածով հանդերձ: Սա, ըստ էության, ծանր մարտահրավեր է Վաշինգտոնին: Առավել եւս, որ մեկ այլ մտքով եւս Սին մոտավորապես նույն ազդակը հղեց, թե` պետք եղավ, Թայվանում ռազմական ուժ կկիրառեն: Արդյունքում, նախագահ Սիի միտքը, թե` «Առաջիկա հինգ տարիները վճռորոշ են լինելու», միանգամայն հասկանալի տեսք ունի:
Ասենք, ԱՄՆ-ի հետ պայքարելու տեսլականը Սին շատ ավելի կոնկրետ նշեց. «Մենք համակողմանիորեն խթանում ենք չինական բնութագրերով մեծ տերությունների դիվանագիտությունը, վճռականորեն պաշտպանում ենք անաչառությունն ու արդարությունը միջազգային հարաբերություններում, քարոզում եւ կիրառում ենք իսկական բազմակողմանիություն եւ հստակ դիրքորոշում ենք ընդունում հեգեմոնիզմի եւ բիրտ ուժի քաղաքականության»: Արդյունքում, գրեթե ողջ փորձագիտական հանրությունն այն կարծիքին է, որ այսպիսով Պեկինը, առանց կոնկրետ անուններ տալու, պարզ հղեց Վաշինգտոնի հետ հակամարտության եւ Մոսկվայի համար միանշանակ դրական ազդանշան:
Եվ հենց այն պահին, երբ Վաշինգտոնն աչքի առաջ զրկվում է դաշնակիցներից: Եվրոպայում ճգնաժամ է, եւ ով իմանա, թե դա ուր կտանի եվրոպական առաջատար երկրների եւ ԱՄՆ-ի հարաբերությունները: Բրիտանիայում նորից վարչապետին հեռացնելու լուրջ քննարկումներ են, այսինքն` ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն այդպես էլ ներքին հակասություններից աչք չի բացում: Ասենք, ԱՄՆ-ի ներսում եւս սուր իրավիճակ է` կապված նոյեմբերի 8-ի ընտրությունների հետ, եւ այստեղ էլ ամեն մի զարգացում դարձել է հնարավոր:
Այսինքն, Պեկինից եկած ազդակները ոչ միայն անակնկալներ չունեին, այլ նաեւ ճիշտ պահին էին: Ու սա շատ հեռուն տանող հետեւանքներ է ունենալու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

