ՀՀ իշխանությունը զուգահեռ իրականության մեջ է ապրում, որի գինն Արցախի ոչնչացումն է. Արման Աբովյան
ՏեսանյութերԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Արեւելյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառության մեջ է»: Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին, ինչին արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, անիրատեսական համարելով սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները` ընդգծել էր. «Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ խուսափելու համար 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու մասին ստանձնած պարտավորություններից»: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:
— Ադրբեջանն ամենավատ իմաստով հեգնանքով է վերաբերվում այն բոլոր հայտարարություններին, որոնք անում է հայաստանյան իշխանությունը կամ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, տվյալ դեպքում` Նիկոլ Փաշինյանը: Այստեղ քաղաքականություն չկա, սա ակնհայտ է եւ ավելորդ անգամ ապացուցում է, որ այն գործողությունները, որոնք կատարում է ՀՀ իշխանությունը կամա, թե ակամա կարծելով, որ իրենց սիրած «ապագան կա», «խաղաղության դարաշրջանը» կբացվի, ամբողջն աբսուրդ է: Մինչդեռ դրանով կերակրում էին մարդկանց եւ շարունակում են կերակրել: Խնդիրն այն է, որ զուգահեռ իրականության մեջ է ապրում ՀՀ իշխանությունները, քանզի այդ իրականությունն իրենց համար կոնֆորտ է, այնտեղ թուրքն ու ադրբեջանցին լավն են, որոնց համար ճանապարհները պետք բացվեն: Բայց այդ զուգահեռ իրականության գինն արցախահայության կյանքի վտանգն է եւ Արցախի ոչնչացումը: Ըստ իրենց տեսլականի` կարելի է հայոց աշխարհի մի մասը հանձնել ոսոխին եւ այն մյուս մասի համար գնել կամ ձեռք բերել անվտանգություն: Այս ամենն այնքան պրիմիտիվ ու անիրատեսական է, որ նույնիսկ խոսք չեմ կարող գտնել: Սակայն իշխանության բոլոր ճիգերը` այս տեսլականը տեղավորել մարդկանց գլխի մեջ եւ ստեղծել թրքահաճո ու ադրբեջանամետ իրականություն, իսպառ ջախջախվում է հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Նրանք մոտ 120 տարի իրականացնում են իրենց ազգային կամ պետական դոկտրինը, որը թելադրում է, որ իրենք պետք է միմյանց հետ ցամաքով սահման ունենան: Իսկ հետո թրքալեզու պետությունների մեծ միավորում պետք է ձեւավորվի, որին այսօր ականատես ենք նվազագույնը տնտեսական, դիվանագիտական եւ, ինչու ոչ, ռազմական առումով: Այն արդեն իսկ ձեւավորման շատ ակտիվ փուլում է. գոյություն ունի թուրքական պետությունների միավորում, Թուրանի բանակ կոչված միավորում, որոնց նպատակն է կառավարչական, քաղաքական, դիվանագիտական բոլոր առումներով թրքալեզու պետությունները միավորել: Բայց բոլոր այդ նախագծերը բախվում են շատ պարզ եւ էլեմենտար իրողության` մինչեւ գոյություն ունի էթնոքաղաքական տարր, որը չի համապատասխանում իրենց տեսլականին եւ ամենակարեւորը` խոչընդոտում է իրենց պետությունների միավորմանը, ապա իրենց բոլոր քայլերի տրամաբանությունը միտված է լինելու այդ էթնոքաղաքական տարրի կա՛մ ոչնչացմանը, կա՛մ տարհանմանն իրենց միավորման ճանապարհից: Պարզ է, որ խոսքը ՀՀ-ի եւ հայերի մասին է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

