Հայաստանը միակողմանի Ադրբեջանին է հանձնել է Արցախյան առաջին պատերազմի հուղարկավորության վայրերի քարտեզները.Նիկոլ Փաշինյան
Ներքաղաքական2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով։Այս մասին ԱՊՀ խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտել է, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը կայանում էր բացարձակապես բոլոր գերիների անհապաղ փոխանակման մեջ:
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, սակայն ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ստանալուց հետո Ադրբեջանը հայտարարել է, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%-ը
«Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստուգել այս հայտարարությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Մյուս կողմից, եթե անգամ այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քարտեզները տվել է Ադրբեջանին և չունի «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ, որոնք թողել է իրեն:
Այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։ Ցանկանում եմ նշել, որ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս կային անհայտ կորածներ։ Առաջին պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհայտ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը` զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհայտ կորածների խնդրի ողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի՝ հարյուրավոր զոհերի աճյուններ»,-ասել է Փաշինյանը:

