ՆԻԿՈԼԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԵՎՐԱԺՊԻՏԸ»
Վերլուծություն«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կնքեն կայուն խաղաղության պայմանագիր: Այդ կայուն խաղաղության ճանապարհին... համաձայնության են եկել 5 սկզբունքների շուրջ»,- հայտարարել է Չավուշօղլուն Պրահայի խայտառակ հանդիպման արդյունքում ու նաև սաստել թրքալեզ Նիկոլին,- «Հայ-թուրքական կարգավորումը հայ-ադրեջանական գործընթացից ամբողջությամբ անկախ համարելը խաբուսիկ կլինի, և այպիսի բան լինել չի կարող: Մենք, անշուշտ, միշտ Ադրբեջանի հետ համաձայնեցված ենք գործում»:
ԱՂԵՏԻՑ 5 ՊԱԿԱՍ
Ասել կուզե` կապիտուլյանտը համաձայնել է թրքերի առաջադրած բոլոր պահանջներին, այդ թվում` «Զանգեզուրի միջանցքին»: Դե, ամենօրյա կրակոցներն էլ Սյունիքում, որոնք Ադրբեջանի ՊՆ-ն արդեն օրական երկու անգամ բարդում է հայկական կողմի վրա, ոչ այլ ինչ է, քան մշտական սպառնալիք` ցանկացած պահի ներխուժել և զենքի ուժով հաստատել չարաբաստիկ «միջանցքը»:
«Շատ իրողություններ պայմանավորված են ՌԴ-Արևմուտք՝ Ուկրաինայում պրոքսի պատերազմի ելքով ու պայմանավորվածություններով: Ադրբեջանն ամեն առիթ գործածելու է՝ հավելյալ ճնշման լծակներ ձեռք բերելու, հայկական ու հայաստանյան բարոյահոգեբանական միջավայրը տապալելու, ռազմաքաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար: Գործող վարչախմբի խաղաղասիրական կեղծ օրակարգն ավելի շատ պատրանք է, թշվառ գոռոզամտության ու անսխալականության հիվանդ սինդրոմի դրսևորում, քան ռեալպոլիտիկի հաշվարկ: Որևէ պարագայում, կանգնելու ենք պատերազմական հերթական գործողությունների շեմին»,- ասում է քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը: Նրա պնդմամբ` միակ ելքը հայկական բանակցային կազմի, դիվանագիտական խոսույթի ու թեզիսային քաղաքականության փոփոխությունն է. «Պիտի հասկանալ ու հաշվարկել՝ նման անելանելի ու անվտանգային ռեէսկալացիայի պայմաններում Հայաստանն ինչ խնդիր է ուզում լուծել: Պաշտոնական խոսույթում շրջանառության մեջ է դրվել հերթական կապիտուլյացիոն ու ոչ հայանպաստ լուծումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում, բայցև ՀՀ 28.900 քկմ տարածքի պահպանում: Սա ի սկզբանե տապալված դիսկուրս է, որովհետև Ադրբեջանը չի սահմանափակվելու այդքանով ու եթե կոշտ և խելացի ուժի՝ ռազմական ու դիվանագիտական համակցված գործողությունների չհանդիպի՝ միջազգային բարենպաստ ամենահարմար պահին ներխուժելու է Հայաստան ու հավելյալ տարածքներ գրավի»:
Այսինքն, և դա գործնականում աքսիոմ է, աղետից խուսափելու ֎1 նախապայմանը գլխավոր բանակցողին փոխելն է, նրա ծայրահեղ վտանգավոր բանակցային պայմանավորվածություններից ձերբազատվելն է, և բնականաբար լրիվ այլ անձ պետք է լինի գերագույն գլխավոր հրամանատար: Ընդ որում, ՀՀ երկրորդ նախագահի առաջարկած «հումանիտար միջանցքով» և հետևաբար` ՔՊ-ին բավարարող նոր վարչապետով դա անիրագործելի առաքելություն է: Խունտայի համար ընդունելի դեմքերը` լինեն դա գործող փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը (ընդունելի է ռուսների համար) կամ Համբարձում Մաթևոսյանը (ընդունելի է Արևմուտքի համար), եթե մի կողմ դնենք դավաճանությունն անպատժելի թողնելու ավերիչ հետևանքները, էլի չենք ազատվի բանավոր պայմանավորվածությունների բեռից: Գումարած դրան` և՛ անմիջապես, և՛ ԼՏՊ-ի շուրթերով կապիտուլյանտ հողատուն արդեն հասկացնել տվեց, որ չի հավատում իր անձնական անվտանգության այդպիսի երաշխիքի: Չի հավատում նաև, որ «ռուսական տարբերակով» կարող է այդպիսի երաշխիքներ ստանալ: Իսկ «հավաստի աղբյուրով» ընտանեկան աղբակայքում ներկայացվածը, իբր ՌԴ-ն պարտադրում է միանալ միութենական պետությանը կամ մտնել իր կազմ, թերևս սուտնիկոլական հերթական բլեֆն է: Եթե սեղանին այդպիսի բան լիներ, նա «պարելով» համաձայն կլիներ` պայմանով, որ իրեն կտան ցմահ իշխանավարում:
ԱՆՑՆՑՈՒՄ ՉԻ ՍՏԱՑՎԻ
Բլեֆ կամ կիսաբլեֆ է և «հավաստի աղբյուրի» պնդումը, թե ՌԴ-ն օգնել է Ալիևին հաղթել, զենք չի տվել վճարումից հետո և ստիպում է թուրքերին միջանցք նվիրել, և այլն: Եթե անգամ հոռեգույն կերպարով պատկերացնենք ՌԴ նախագահին, ապա հաստատ Պուտինի հրամանով չէր, այլ հենց Նիկոլի, մարտական գեներալների փոխարինումը պարգևավճար լափող անիմաստ կենդանիներով, հաստատ Պուտինի հրամանագրով չէր ՊՆ և ԱԱԾ ղեկավարներին ձեռնոցի պես փոխելը, հաստատ Պուտինի հրամանով չէր ՀՕՊ միջոցների փոխարեն առանց հրթիռներ օդանավեր և չկրակող մետաղաջարդոնի գնումը, հաստատ Պուտինի հրամանով չէր պատերազմի երրորդ օրը մոբիլիզացիայի կանգնեցումը: Եվ կապիտուլյացիայից հետո հաստատ Պուտինի պատճառով չէր, որ սահմանագծին որևէ ամրություն չի կառուցվել, դիրքեր չեն կահավորվել: Եվ ընդհանրապես թուրքի կոշիկը լիզող կապիտուլյանտից լսել հավաստիացումներ Հայաստանի սուվերենությունը որևէ մեկի ոտնձգությունից պաշտպանելու մասին, պարզապես ծիծաղելի է... Գերեզմանափորն իրեն դրել է կյանքի պահապանի տեղ, խելքին աշեցեք: Էդուարդ Շարմազանովն իրավամբ նշում է, որ այն, ինչ ՀՀԿ-ն ասում էր հենց Թուրքիայում, սրանք վախենում են ասել անգամ ԱԺ-ում. «Ինչու՞ եք «լցրել տակներդ»: Դուք էիք մեծ-մեծ հպարտ ու ինքնիշխան արտաքին քաղաքականությունից խոսում, այ աշխարհաքաղաքական «տուզիկի» կարգավիճակ էլ չունեցողներ: Մերժեցիք անգամ Թուրքիայում հայության շահերը պաշտպանող իշխանությունը, փոխարենը ստացաք Հայաստանում թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող կապիտուլյանտների ռեժիմ»:
Եվրադիտորդներին էլ սահման բերելը զրո պաշտպանություն է Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից, ցայտուն օրինակ` նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամությունը Հունաստանին չի պաշտպանում Էրդողանի սպառնալիքներից, այլ պաշտպանում է բացառապես սեփական բանակը: Եվրոպացիներն էլ, թեև հավեսով դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան և խավարի դարերի վարքագիծը, բայց մտադիր չեն ադրբեջանական գազից հրաժարվել: Ու դրա մասին անթաքույց ասում են: Այնպես որ, «եվրաժպիտը» իրականում լրիվ թուրքական է ստացվում: Հետո էլ կհայտարարեն` խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, եթե անգամ եվրոպացի դիտորդների ներկայությունն Ալիևը բանի տեղ չդրեց և ներխուժեց...
Սակայն նույն եվրոպացիները «հավեսով» ողջունում են Նիկոլի «խաղաղասիրական» ջանքերը: Նրանց ձեռնտու է, որ Արցախը հանկարծ չխանգարի էներգակիրների, ապրանքների ու ֆինանսների շարժին Թուրքական աշխարհի ու Եվրոպայի միջև: Ու այդ առումով «Զանգեզուրի միջանցքն» էլ է ձեռնտու:
Իսկ Նիկոլին հեռացնելու համար, ինչպես «5-րդ ալիքին» տված հարցազրույցում փաստեց Արմեն Աշոտյանը, անգամ 100 հազար ցուցարար փողոց հանելը բավարար չէ, և ընդհանրապես որևէ ինստիտուցիոնալ գործընթաց չի աշխատի, զի ինստիտուտները քայքայված են: ՀՀԿ փոխնախագահը շեշտեց միակ աշխատողը` «լավ իմաստով» ֆորսմաժորը, «սև կարապները», որոնք կանխավ անհաշվարկելի են: Որովհետև եթե հաշվարկելի լինեն, դա արդեն ֆորսմաժոր չէ: Միգուցե «անսպասելի» տեղաշարժեր կապիտուլյանտի թիմի ներսում, միգուցե այլ սցենարներ: Համենայնդեպս, ազգային ընտրախավը պետք է լուծի «սև կարապների» գեներացման բարդագույն խնդիրը:
Հա, ու թերևս պատահական չէ, որ «Իշխանություն» հռչակավոր ֆիլմի 2-րդ մասի պրեմիերան լինելու է նոյեմբերի 9-ին: Եվ պատահական չէ, որ «մերժված» նախագահը ֆիլմի սպոյլերում խոսում է «լավ հաշվարկված» մեկ հարվածի մասին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

