Կոչ եմ անում ռուսաստանյան 2 միլիոնանոց հայությանը ելնել պայքարի ու ցույց տալ, որ կանգնած են ՌԴ-ի կողքին. Մկրտչյան
Ներքաղաքական
Իշխանական եւ մերձիշխանական շրջանակների կողմից գեներացվող հակառուսական տրամադրությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ազատամարտիկ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:
— Պարոն Մկրտչյան, այս օրերին տեսնում ենք հակառուսական տարբեր ակցիաներ, հանրահավաքներ: Ի՞նչ հետեւանքներ այս ամենը կարող է ունենալ:
— Այսօրվա բռնած հակառուսական ուղին մեզ համար կործանարար է: Բազմիցս զգուշացրել էի, բայց մեր իշխանությունները եւս մեկ անգամ հաստատեցին, որ իրենք դավաճան ընկեր են: Մտածում են, թե ռուսը թուլացել է, ուզում են իրենց ընկերոջ գլխից թռնել, ինչի համար էլ մահանաներ են գտնում: Բայց նրանք ոչ միայն դավաճան են, այլ նաեւ անխելք են, եթե կարծում են, որ ռուսը կթուլանա ու կպարտվի: Ռուսի պարտությունն աշխարհի կործանումն է: Ի՞նչ են մտածում` աշխարհը կկործանվի՞: Ռուսը հաղթելու է այս պատերազմում ու ամբողջ աշխարհին էլ ծնկի է բերելու: Իսկ եթե մենք շարունակենք ռուսի գլխից թռնել, այստեղ դառնալու է Ուկրաինա եւ Սիրիա: Մեր վրայով անցնելու են թուրքերն էլ, պարսիկներն էլ, մեր տարածաշրջանում կռիվ է լինելու, թե նրանցից ով ինչ վերցնի: Իհարկե, վերջում ռուսն ասելու է` գնացեք այստեղից, որովհետեւ սա իմ տարածքն է: Եվ, իրոք, սա Խորհրդային միության տարածքն է, որի համար Ռուսաստանի պապերն են արյուն թափել: Եթե ռուսը գնա, կանգնի իր պապերի գերեզմանին, էն աշխարհից պապերը կհայհոյեն ու կասեն` ես զոհվել եմ, որ հսկա պետություն ստեղծեմ, դու ինչպե՞ս ես թողնում, որ դրանք գնան դեպի Եվրոպա:
— Հակառուսական տրամադրություններ հրահրողները բերում են փաստարկ, թե ՀԱՊԿ-ին դիմեցինք ու ակնկալվող աջակցությունը չստացանք: Այդ մասին բարձրաձայնեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստատեսության եթերում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Դիտավորյալ նման տպավորություն են ստեղծում, թե ՀԱՊԿ-ը չի օգնում, որ թռնեն Ռուսաստանի գլխից եւ փորձեն գնալ դեպի Արեւմուտք: Բայց իրենց մոտ չի ստացվելու` ինչքան էլ թռնեն, Թուրքիայից այն կողմ չեն կարող թռնել: Միշտ ՀԱՊԿ-ն էլ, ռուսն էլ մեր նկատմամբ իրենց ճիշտ են պահել, հիմա ի՞նչ է փոխվել: Ճիշտ պահեք ձեզ, որ ռուսն էլ իրեն ճիշտ պահի: Անընդհատ ռուսի թիկունքում խաղեր են տալիս: Այո՛, ինչ-որ տեղ ռուսն էլ կարող է ջղայնանալ ու ձեռքերը լվանալ: Ու կան մարդիկ, որ ասում են, թե ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանել, գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչ է կատարվելու: Նույնիսկ իրենց ԱՄՆ-ն չի հասցնի իր զորքը բերել այստեղ, թուրքն արդեն մեզ կոտորած կլինի, այստեղ հայ չի մնա, ժամերի ընթացքում կվերացնեն բոլորին ու կռիվը կհասնի մինչեւ Երեւան:
— Ի դեպ, իշխանական եւ մերձիշխանական շրջանակների կողմից մեծ խանդավառությամբ ընդունվեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան: Ի վերջո, ի՞նչ արդյունք այս այցն ունեցավ` Ձեր գնահատմամբ:
— Ինչքան ԱՄՆ-ն Ուկրաինայում խաղաղություն հաստատեց, այդքան էլ այստեղ կհաստատի: Իսկ Ուկրաինայում ԱՄՆ-ն ցեղասպանություն է անում, ոչնչացնում եւ կոտորում է ուկրաինացիներին, նույնն էլ այստեղ է լինելու: Կարծում են, թե ռուսը չի՞ վերցնելու Ուկրաինան, ինչքան շարունակեն այդ պատերազմն, այնքան զոհերն ավելի շատ են լինելու: Ամենավերջում, եթե ռուսն ատոմային ռումբով խփեց Ուկրաինային, ի՞նչ են անելու: Եվ այո՛, ռուսը կխփի, բայց չի պարտվի: Զելենսկին էլ Ուկրաինայի ազգակործան պատուհասն է, ինչպես այստեղ Նիկոլը: Եթե Արեւմուտքը չխառնվեր, ռուսը մեկ շաբաթում Ուկրաինան կվերցներ եւ այսքան զոհեր ու ավերածություններ չէին լինի: Սրանք իրավիճակը տանում են նրան, որ ռուսն անխուսափելիորեն ատոմային ռումբով խփի Ուկրաինային: Միգուցե, ԱՄՆ-ն հենց դա էլ ուզում է: Ու այդ դեպքում ԱՄՆ-ից պատասխան չի լինելու, որովհետեւ ցանկացած պետության կողմից Ռուսաստանի վրա ատոմային ռումբ գցելը նշանակում է հենց իր վրա է գցում: Այնպես որ, ԱՄՆ-ն հանուն Ուկրաինայի չի գնա կործանման: Ինչ վերաբերում է Նենսի Փելոսիին, եկել էր, թող շատ լավ ընդունեին, ո՞վ է դեմ, բայց ի հաշիվ ռուսի՞:
— Ու ամեն կերպ փորձ արվեց ՀՀ սահմանների վրա տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիայի սանձումը վերագրել հենց Նենսի Փելոսիին: Ինչպե՞ս սա կբացատրեք:
— Այո՛, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, որին շատ հարգում եմ, իրենց հայտարարություններով մեր կողքին են կանգնած, բայց մեզ համար կռվել է ռուսը: Թող հարգեն բոլորին, ո՞վ է ասում` մի՛ հարգեք: Ինչո՞ւ է պարտադիր, որ ԱՄՆ-ին հարգելը լինի ռուսին գցելու հաշվին: Որ ասում են, թե իբր Նենսի Փելոսին հայտարարություն արեց ու կռիվը կանգնեց, ուրեմն` ռուսը հե՞չ: Պուտինն էլ հայտարարեց, իսկ ո՞վ է ասում, որ նրա ասածը չի անցել, այլ անցել է Փելոսիի ասածը: Թող կանգնեն ու ասեն` շնորհակալություն` Պուտինին էլ, Փելոսիին էլ, Մակրոնին էլ, բոլորն էլ կանգնեցին մեր կողքին, եւ կռիվը կանգնեց, էլի եմ ասում` ինչո՞ւ են ռուսին գցում: Դրանով իրենք ապացուցում են, որ թուրքն է եղել ժամանակին ճիշտ, որ կոտորել է մեզ: Բայց չմոռանանք, որ թուրքն ինչ տարածք գրավել է, կոտորել ու ստրկացրել է տեղի ժողովրդին, իսկ ռուսը, երբ գրավել է, հնարավորություն է տվել այդտեղի ժողովրդին, որ ապրեն: Փաստորեն, սխա՞լ է արել, որ այսօր դուրս են եկել ռուսի դեմ:
— Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը: Վերջիվերջո, ի՞նչ անել:
— Պետք է պայքարենք ու ցույց տանք Ռուսաստանին, որ պետք չէ այս իշխանություններով չափել մեր ամբողջ ազգին: Հետեւապես, կոչ եմ անում նախեւառաջ Ռուսաստանի մոտ երկումիլիոնանոց հայությանը` ելե՛ք պայքարի եւ ցույց տվեք որ կանգնած եք ՌԴ-ի կողքին: Այլապես, եթե ռուսը ձեր դեմ էլ լարվեց, ի՞նչ եք անելու: Այստեղ հակառուսական տրամադրություններ են, իսկ Ռուսաստանում մեր հայերը պասիվ լինեն, բա որ մի հատ էլ հակահայկական արշավ սկսվի ռուսների կողմից: Դեռ ճնշումները մի կողմ, իսկ չե՞ն մտածել, որ այնտեղի ազգայնականները կարող են ելնել ոտքի ու սկսեն կոտորել հայերին: Դրա համար եմ ասում` թող ցույց տան, որ իրենք ապերախտ չեն ու այնպես չէ, որ ռուսի հացը «լափում են» ու ռուսի դեմ են խոսում: Թող ի պաշտպանություն Ռուսաստանի` ակցիաներ անի ռուսաստանյան հայությունը, եւ նույն էլ պետք է լինի Արցախում: Ռուսը, եթե Արցախից նեղանա, ժամերի ընթացքում կբնաջնջվեն մեր արցախցիները: Ավելին` եթե այսպես շարունակենք, Հայաստանն էլ կբնաջնջվի: Թշնամին Երասխով մտնելու է եւ հաշված ժամերի ընթացքում Երեւանը վերցնի: Կկոտորվենք, կցեղասպանվենք, որովհետեւ այստեղ կռվելու են Ադրբեջանն ու Թուրքիան: Իսկ այդ ժամանակ էլ հայ չի մնա, վերջում էլ ռուսը կգա եւ հաղթող կողմին կասի` գնացեք այստեղից, սա իմ տարածքն է: Այս ամենը հաշվի առնելով` մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, ոչ թե թռնենք ռուսի վրայից: Մենք չպետք է լինենք ապերախտ ու դավաճան: Եթե այսօր դեռ կանք, առաջին հերթին ռուսի շնորհքն է, հետո` մեր կռվող տղերքի:
— Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ՀՀ սահմանների վրա ադրբեջանական հարձակման ժամանակ կրկին դիրքային կորուստներ ունեցանք: Ի՞նչ դասեր պետք է քաղենք 44-օրյա պատերազմից երկու տարի անց:
— Ինչքան կարեւոր դիրք կար, եկան ու վերցրին, մեր տղերքը կռվելով` զոհվեցին, բայց չկարողացան պահել դիրքերը ու չեն էլ կարղ: Մինչդեռ երբ ռուսը մեր մեջքին է կանգնում, կռվում ենք ու հաղթում: Թեկուզ մեր կյանքի գնով, բայց հողը պահում ենք: Իսկ հիմա կոտորվում ենք ու էլի հող ենք տալիս, չենք կարողանում պահել, որովհետեւ անհավասար են ուժերը: Առաջին հերթին մեր դիվանագիտությունը պետք է ճիշտ լինի: Մեր հաղթանակների հիմքում նախեւառաջ ընկած է մեր հզոր դիվանագիտությունը, որ կարողացել ենք ճիշտ պահել մեր հարաբերություններն աշխարհի հետ: Իսկ հիմա պետք է ելնենք պայքարի ու սատարենք Ռուսաստանին, այլապես պետություն ենք կորցնելու, ցեղասպանվելու ենք, այստեղ հայ չի մնալու` ով փախավ, փախավ, ով զոհվեց, զոհվեց, մյուսները ստրկացվելու են ու ոչնչանան: Այստեղ լինելու է «պալիգոն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=237829&l=am/