Գեներալները շատ բան ունեն ասելու. Արշակ Զաքարյան
ՆերքաղաքականԱնդրադառնալով 44-օրյա պատերազմում թույլ տված, այսպես ասած, անփութության համար գեներալիտետի կարկառուն ներկայացուցիչների դեմ առաջադրված մեղադրանքին` «Հայոց ազգային գվարդիա» կազմակերպության ղեկավար ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ ասաց, որ նրանցից շատերի հետ շփվել է, որոշների հետ էլ նույնիսկ ընկերություն է արել:
— Մենք գիտեինք, որ ունենք մարտական գեներալներ, եւ ամբողջ ազգը չէր էլ մտածում, թե ինչպես կարող է հայտնվի մեկը, որը այդ մարտական գեներալների արյամբ ու ջանքերի շնորհիվ հետ բերածը գրիչով կստորագրի, կհանձնի ու այդ գեներալները դրա հետ կհամակերպվեն ու կշարունակեն ապրել: Սակայն փաստը ցույց տվեց, որ հնարավոր էր, եւ ամենաանհնար բանը իրականություն դարձավ: Բայց գամ հակառակ կողմից` հիմա, երբ մտածում ենք, թե ամեն ինչ այլեւս կորսված է, գեներալներին ձերբակալեցին, ո՞վ է ասում, որ նոր արժանապատիվ գեներալներ ունենալ այլեւս հնարավոր չէ: Մեր գեներալները կայացել էին 90-ականներին: Այսօր էլ կան գործող գեներալներ, որոնք 90-ականներին անհոգ երիտասարդներ էին եւ կորցնելու բան չունեին, հիմա նրանցից շատերը կորցնելու շատ բան ունեն ու ինչ-ինչ կոմպրոմատներով ճնշման տակ են: Շատերը մտածում են, թե հերթը իրենց չի հասնի, կամ եթե համագործակցեն, լռեն կամ չբացահայտեն այն հանցանքները, որոնք եղել են պայմանավորված 44-օրյա պատերազմում, գուցե, իրենց ձեռք չտան: Այդպիսիք թող գնան, նայեն պատմությունը: Ամեն ինչ շատ հստակ նկարագրված է: Թող հասկանան, որ գործ ունեն նույն քաղաքականության հետ: Իրենց մեկ առ մեկ անդրադառնալու են: Մենք մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր ունեինք մի Հայաստան, որի մասին չէինք կարող պատկերացնել 1988 թվականին: Գեներալները շատ բան ունեն ասելու: Օրինակ` ես իրենց հարց ունեմ, եւ այդ հարցը Քարվաճառում գտնվող բոլոր գեներալներին ու սպաներին է վերաբերում, ում հետ հասցրել եմ շփվել: Այն ժամանակ էլ եմ այդ հարցը տվել` սկսած հոկտեմբերի 3-ից, թե ինչո՞ւ չենք հարձակվում: Հասկացանք՝ Ջրականում ճեղքել ու մտել են, եկել-հասել են Մատաղիս, որն այդ ժամանակ չեզոք գոտի էր դարձել. մերոնք մտնում էին՝ իրենք էին խփում, իրենք մտնում էին՝ մերոնք էին խփում: Հարցնում եմ` ինչո՞ւ էինք մենք ամբողջ ճակատով գտնվում պասիվ պաշտպանության մեջ: Ինչո՞ւ էինք թույլ տալիս, որ թուրքերը իրենց ուժերը կենտրոնացնեին մի գծի վրա ու անհոգ ինչ ունեն-չունեն տեղափոխեն այնտեղ՝ հաստատ իմանալով, որ Քարվաճառում, Հաթերքում, Եղնիկներում, Մարտակերտում, Ակնայում, Ասկերանում՝ մինչեւ Մարտունի 3, մենք չենք հարձակվելու: Որտեղի՞ց իրենց այդ վստահությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մեծ տարածքի մասին է խոսքը: Նրանք ունեին պայմանական 50 ԱԹՍ, 50-ն էլ գցում էին հարավում կռվող մեր երեխաների գլխին, եթե այստեղ մի փոքր նեղեինք նրանց, հարձակվեինք, ստիպված էին լինելու չէ՞ իրենց զորքերի մի մասը հանել եւ բերել պաշտպանվելու համար: Հետեւաբար, մտածում եմ, որ իրենց ինչ-որ մեկը երաշխավորել էր, որ այս հատվածներում չենք հարձակվելու: Իսկ թե ո՞վ է այդ մեկը, կիմանան գեներալները, թեեւ ես որպես քաղաքացի ունեմ իմ կարծիքը:

