«Անկախության շարժում»` Անկախության հռչակագրից 32 տարի անց
ՎերլուծությունՈւղիղ 32 տարի առաջ` Անկախության հռչակագրի ընդունումից մեկ օր անց, տեղի էր ունեցել այլ իրադարձություն, որը խորհրդանիշների տիրույթում է, իսկ խորհրդանիշներն, ինչպես հայտնի է, կառավարում են աշխարհը: Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
Առաջին անգամ Եռագույնը պարզել էր լուսահոգի Մովսես Գորգիսյանը 1988-ի մայիսի 28-ին` Ազատության հրապարակում: Եվ մինչև 1990-ի օգոստոսի 23–ին ՀՀ Սահմանադրական կարգի հիմքը դրած Հռչակագրի, իսկ հաջորդ օրը` դրոշի մասին օրենքի ընդունումը, այդ սրբազան խորհրդանիշն արդեն համատարած օգտագործվում էր հայերի կողմից: Եվ, ի դեպ, Եռագույնի գույների հաջորդականությունը 1918-ին չէ, որ ընդունվեցին: Դեռ Դավիթ Անհաղթը գրում էր, որ մարդու հոգին եռագույն է, և նշում էր գույների նույն հաջորդականությունը... Եվ ստացվում է` երբ ասում ենք, որ Եռաբլուրուրում քամին մեր զինվորների եռագույն հոգիներն է ծածանում, դա ոչ այնքան գեղարվեստական խոսք է, որքան բառացի ճշմարտություն: Իսկ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Բաղրամյան 26-ի այն սրահում, ուր սովորաբար անցնում էին նախագահի և լրագրողների հանդիպումները, կարելի էր տեսնել Այվազովսկու 19–րդ դարի կտավ, ուր փոթորկված ծովում նավը կրում էր մեր Եռագույնը:
Ինչևէ, Անկախության հռչակագրի ընդունումից 32 տարի անց նույն հրապարակը, նույն շեփորի հնչյունների ներքո, նույն` վեր պարզված բռունցքների ֆոնի վրա, լեցուն էր եռագույններով: Ինչպես գրում է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Մերի Հարությունյանը.
— Էդգար Ղազարյանը, իր նախաձեռնությամբ Անկախության հռչակագրի օրը դարձրեց իրադարձություն՝ նախ ԳԽ պատգամավորների մասնակցությամբ խորհրդանշական նիստով, այնուհետև հանրահավաքով: Պետական մակարդակով ոչ մի անդրադարձ օրվա խորհրդին չկար, և դա բացարձակապես զարմանալի չէր. Անկախությունից ի՞նչ կարող են հասկանալ թշնամու առաջ մինչև վերջ նվաստացած, վախկոտ, պետականաքանդ ու ազգակործան իշխանությունները՝ կապիտուլյանտի գլխավորությամբ:
Էդգարը անում է ինչ կարող է, չի դադարում պայքարել, սեփական օրինակով աննահանջ պայքարի է կոչում բոլոր նրանց, ովքեր հոգնել են, հուսահատվել կամ անտարբեր ու անհաղորդ են համազգային աղետին: Մենք էլ նվազագույնը մեր մասնակցությամբ պիտի սատարենք այս և նմանատիպ ցանկացած նախաձեռնություն, որ կոչված է վառ պահելու պայքարի ոգին, չհանձնվելու, չհոգնելու և հավատով գնալու դեպի նպատակակետը: Հակառակը՝ կործանում է, պետության վախճան:
Օրվա կենցաղային հոգսերի ու այլևս անկարևոր գործերի մեջ մի օր չեք նկատի, թե ինչպես եկավ այդ վախճանը:
Հանուն Անկախության, պետության պահպանման, Հայրենիքի պաշտպանության ցանկացած ազնիվ մղում և նախաձեռնություն քննարկելիս ու քննադատելիս նախ հարց տվեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ եք արել դուք:
«Նիկոլը հրաժարական գրե՞ց»` սարկաստիկ տոնով հարցադրողներին էլ ասենք, որ օգոստոսի 23–ին հրապարակ եկած հազարավոր քաղաքացիներից ոչ ոք չէր եկել ակնթարթային արդյունքի ակնկալիքով, բոլորը դա ընկալում էին որպես պայքարի հերթական քայլ, իսկ ինչպես ժամանակին ասել էր Մովսես Գորգիսյանը` սուգը հավերժ է, եթե պայքար չկա: Էդգար Ղազարյանն էլ, ով անցել է պետական կառավարման բոլոր աստիճանակարգերով, նաև իր նախաձեռնածով շեշտեց` հարկ է սպառել օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները, այն է` կամավոր հրաժարական, քրեական պատասխանատվություն գլխավոր դատախազի նախաձեռնությամբ (պետական դավաճանության հանցակազմով) և պաշտոնանկություն ԱԺ–ի միջոցով: Պետք է սպառել, իսկ հետո...
«Հանրապետական կուսակցությունը պատրաստ է միանալ, սատար կանգնել եւ ուժերի ներածի ողջ չափով պայքարել: Իմ խորին համոզմամբ շատ ավելի էականը ժողովրդի ճնշումն է, քան վարչապետի թեկնածուի անձը, բայց թե առաջին, թե երկրորդ իրողությունների կերտման համար պատրաստ ենք աշխատել»,– շեշտում է ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք նաև Սերժ Սարգսյանի խոսքը. «Կապիտուլյանտները պետք է հեռանան։
Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության եւ մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին, այլ ճանապարհ ու այլընտրանք չկա...»:
Եվս մի մեջբերում ՀՀ Երրորդ նախագահի խոսքից.
— Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը:
Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը:
Իսկ կապիտուլյանտներն իրենց «խաղաղության օրակարգով» հասել են նրան, որ ՀՀ քաղաքացիները զզվանքով են արտաբերում «խաղաղություն» բառը: Քանզի նիկոլական «խաղաղությունը» հավասար է բացարձակ արժեքի` 32-ամյա Անկախության կորստի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

