Տերովին տերն է տարել, անտերին՝ դատավորը. ինչու են «վիզ դրած» դատում Արսեն Մարտիրոսյանին
Իրավական
Արդեն երկու տարի է, ինչ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 29-ամյա ԱՐՍԵՆ ԺԻՐԱՅՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ դատարանում փորձում է ապացուցել, որ սեփական կյանքն և առողջությունը ոտնձգությունից պաշտպանելը, այսինքն` ինքնապաշտպանվելը, թեեւ սահմանազանցմամբ դատապարտելի է, բայց ոչ այն աստիճանի ուղղորդված, ինչպես որակել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատախազությունը, ինչին իր լուռ համաձայնությունն է պատրաստվում տալ նաեւ նույն մարզի քրեկան գործը քննող դատարանը: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Մարտիրոսյանի թիկունքին միայն թոշակառու ծնողներն են՝ մի ոտքը կտրած երկրորդ կարգի հաշմանդամ հայրն ու հիվանդ մայրը, էլ ոչինչ չունի՝ բացի շաքարային դիաբետից ու հեպատիտ C-ից, որը բանտի ատամնաբուժարանում է ձեռք բերել: Իսկ ծնողները մնացել են՝ առանց խնամողի:
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԹԱԹՈՒԼ ՊՈՂՈՍՅԱՆՆ է քննում Ա. Ժ. Մարտիրոսյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված քրեական գործը: Ջրաշենցիների պնդմամբ՝ տպավորություն է, թե միտում կա՝ անպայման դատել, թեպետ անգամ, այսպես ասած, տուժողն է գտնում, որ անարդար է: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել:
2020թ. հուլիսի 8-ին Ջրաշեն գյուղի Րաֆֆու փողոցում խանդի հողի վրա, ալկոհոլ օգտագործած վիճակում տուժող Լյովա Սրապոյանը, կանգնեցրել է տուն գնացող Արսեն Մարտիրոսյանի ավտոմեքենան, սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել վերջինիս եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո վազելով մտել է տուն, փոխել է հագին եղած հագուստները՝ սպորտային հագուստներ հագնելով, նորից վերադարձել է փողոց, հետ կանչել հեռացող Արսենին եւ շարունակել է վիճաբանել նրա հետ, ձեռքում հայտնված բահով հարվածել է Արսեն Մարտիրոսյանի գլխի ուղությամբ, սակայն Արսենին հաջողվել է պահպանել սեփական գլխի ամբողջականությունը: Այդքանով չբավարարվելով` Լյովա Սրապոյանը հարձակվել է Արսենի վրա եւ հնարք կիրառելով` փորձել է խեղդել նրան, իսկ Ա. Մարտիրոսյանն իր մոտ եղած դանակով ինքնապաշտպանվել է՝ հարվածներ հասցնելով Լյովա Սրապոյանին եւ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս («դիտավորությամբ ծանր վնաս» որակումը՝ առաջադրված մեղադրանքն է):
«Հորս թանգ արեւ, վզիցս բռնած խեղդում էր, ուրիշ տարբերակ չկար ազատվելու՝ կա՛մ պիտի մեռնեի, կա՛մ մի ձեւ պրծնեի ձեռքից: Էս էր իմ անբախտ կյանքը…», - այսպես է բացատրում տեղի ունեցածը Արսեն Մարտիրոսյանը: Ասվածը փաստել է նաեւ ականատեսը, ում վստահեցմամբ՝ մի կերպ է Արսեն Մարտիրոսյանին ազատել Լյովա Սրապոյանի ձեռքից:
Ի դեպ, դեպքից հետո Ա. Մարտիրոսյանն ինքնակամ ներկայացել է ոստկանություն եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել, բայց նրան ուղարկել են տուն եւ միայն հաջորդ օրը հանկարծ որոշել, որ պետք է ազատությունից զրկել: Իսկ թիկնապահ աշխատած, ծանր քաշային Լյովա Սրապոյանը, որի հորեղբայրը թունդ իշխանական գյուղապետ է, հայտնվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս տուժողի կարգավիճակում: Չնայած նրան, որ ցուցմունքների համաձայն, հենց Լյովան է հրապարակային սպառնացել Արսենի «վիզը կտրել», իսկ դեպքից հետո` ափսոսանք է հայտնել, որ չի հասցել վերջինիս մորթել: Ընդ որում՝ ամենաաբսուրդն այս պատմության մեջ այն է, որ վերջինիս խանդն էլ անտեղին է եղել, ինչի հետևանքով սկսել է առիթ որոնել Արսենին, այսպես ասած «մորթելու համար»:
«Իրավունքի» հետ զրույցում Արսեն Մարտիրոսյանի փաստաբան ՎԱՐԴԱՆ ՂԱՋՈՅԱՆՆ ասաց. «Դատարանում արդեն իսկ հարցաքննվել են քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ տիրապետող դատակոչված վկաները, իսկ պաշտպանության կողմը ներկայումս միջոցներ է ձեռնարկում դատարան հրավիրել եւ հարցաքննել այն անձանց, ովքեր կարեւոր տեղեկություններ ունեն սույն քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ, սակայն նախաքննության ընթացքում իմանալով հանդերձ, այնուամենայնիվ նախաքննական մարմինը միջոցներ չի ձեռնարկել նրանց հարցաքննելու ուղղությամբ»:
Փաստաբանը լիահույս է, որ դատարանը դատաքննության արդյունքում կայացնելու է օբյեկտիվ որոշում եւ իր պաշտպանյալի գործողություններին տալու է իրավաբանական ճիշտ գնահատական: Ի՞նչ ընթացք կստանա այս դատավարությունը, թերեւս կուրվագծվի մարտի 30-ին կայանալիք նիստին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=233291&l=am/