Ինչ օրակարգով էր Երեւան ժամանել ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը եւ ում էր հանդիպել նախկինում
Տեսանյութեր2107Hrant+
Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչու էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն իր ծանր ու մեծ տեղից վեր կացել ու շտապել Երեւան, ինչն ամեն կերպ փորձում էին գաղտնի պահել: Ի վերջո, ինչ օրակարգ նա կարող էր քննարկել Նիկոլ Փաշինյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, փակագծեր բացեց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նրա գնահատմամբ՝ Բըրնսի այցի հետ կապված ելեւէջները շատ են, թե ինչու պետք է գար եւ ինչ հարցեր կարող էր քննարկել:
— Գաղտնի պայմաններում էր փորձ արվում պահել նրա այցը, եւ առաջինը ռուսական լրատվամիջոցները դրա մասին բարձրաձայնեցին: Տեսանք նաեւ, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ իրենք տեղյակ չեն այդ այցից: Ըստ էության, իհարկե, տեղյակ էին, բայց փորձեցին ցույց տալ հանրությանը, որ այցի հասցեատերն իրենք չեն, այլ Անվտանգության խորհուրդն է, որի քարտուղարի հետ առանձին հանդիպում տեղի ունեցավ: Մինչդեռ ԱԱԾ տնօրենի հետ, կարծես թե, Բըրնսն առանձին հանդիպում չի ունեցել: Ինչ վերաբերում է այցելության օրակարգին, չեմ բացառում, որ կարող էր առնչվել հայ-ադրբեջանական այն բանակցություններին, որոնք Անվտանգության խորհրդի քարտուղարը վարում է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Նաեւ չեմ բացառում, որ Հայաստանին ինչ-ինչ առաջարկներ կարող է եղած լինեն՝ հակաիրանական կամ հակառուսական որոշակի գործողություններ ու քայլեր անելու հետ կապված: Սա նորմալ երեւույթ է միջազգային պրակտիկայում, սովորաբար նման առաջարկություններ արվում են, եթե առաջարկող կողմը կարծում է, որ դրանք հնարավոր է ընդունվի: Այսինքն՝ այստեղ զարմանալի որեւէ բան չկա, եւ չեմ էլ կարող բացառել, որ Իրանի հոգեւոր առաջնորդի վերջին հայտարարությունները կարող էին վերաբերել հենց այն առաջարկություններին, որոնք միգուցե արվել են Հայաստանին: Այո, շատ հնարավոր է, որ Իրանը տեղեկություն ուներ, թե ինչի մասին կարող էին լինել այդ քննարկումները: Այնպես որ, այստեղ շատ հարցեր կան, բայց դրանց ավելի մանրամասն անդրադառնալ չենք կարող, որովհետեւ ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմը չեն նշել, թե ինչի մասին էին այդ քննարկումները եղել: Ի դեպ, չափազանց կարեւոր էր, թե Բըրնսը որտեղից էր գալիս ու ուր էր գնում: Ըստ էության, այդ այցը ոչ թե տարածաշրջանային ամերիկյան կոնտեքստում է պետք դիտարկել, այլ վերաբերում էր հավանաբար հենց Իրանին եւ Ռուսաստանին: Առաջիկայում սրա հետ կապված, երեւի, տեղեկություններ կլինեն, եւ կկարողանանք մի քիչ լայն դիտարկել ու ավելի հստակ կանխատեսում անել:
— Նախկինում հայ-ամերիկյան այսպիսի հանդիպումներ եղե՞լ են, եւ դրանք ի՞նչ բովանդակություն են ունեցել:
— Ասեմ, որ սա Հայաստանի եւ ԱՄՆ հետախուզական կենտրոնական վարչության ղեկավարի առաջին հանդիպումը չէր: ՀՀ առաջին նախագահը, օրինակ, ժամանակին իր կեցավայրում ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզության տնօրենին, ով եկել էր Հայաստանի իշխանություններին շնորհակալություն հայտնելու մի շատ հստակ օպերացիայի հետ կապված, որում նրանք աջակցել էին ամերիկացիներին: Այսպիսի իրավիճակ էլ կարող է լինել, որ շատ կոնկրետ հարցով գան եւ Հայաստանին դիմեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

