Այդպես էլ չկարողացանք հասկանալ, որ սովորական, մյուսներից ոչ մի առավելություն չունեցող ազգ ենք. Թոքմաջյան
Հանդիպում
Դեռեւս արցախյան 44-օրյա պատերազմից առաջ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը Արցախում պահանջված եւ առաջատար ուսումնական հաստատություններից էր: Բացի այդ, համալսարանն աչքի էր ընկել վերջին տարիներին ունեցած մի շարք գիտահետազոտական հաջողություններով, որոնք ներկայացվում էին նաեւ միջազգային հարթակներում: Այս եւ գիտությանը առնչվող զանազան հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ հետ:
- Պարոն Թոքմաջյան, որպես գիտության կարկառուն ներկայացուցիչ, ի՞նչ կասեք, ինչպե՞ս է զարգանում գիտությունը հետպատերազմական Արցախում։
- Տարողունակ հարց է։ Այն ենթադրում է ծավալուն, մեկ հարցազրույցում չտեղավորվող հիմնավորումներ։ Փորձեմ որոշ բաներ ասել այդ ուղղությամբ։ Պատասխանս հավասարապես վերաբերում է նաեւ Հայաստանին։ Խնդիրն, առաջին հերթին, Ձեր կողմից ասված կարկառուն բառի մեջ է։ Մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ, որ սովորական, մյուսներից ոչ մի առավելություն չունեցող ազգ ենք։ Ինչպես եւ մյուսները` ունենք գագաթներ՝ Վիկտոր Համբարձումյան, Արտյոմ Ալիխանյան, Սամվել Գրիգորյան... ու էլի շատ անուններ կարելի է նշել։ Մնացածը սովորական գիտաշխատողներ են, որոնցից մեկն էլ ես եմ։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր եւ ի՞նչ անել, որպեսզի ապագայում էլ գագաթներ ունենանք։ Ցավոք, հետխորհրդային ժամանակահատվածում գիտակրթական համակարգը նկատելի նահանջ է արձանագրել։ Սիրողական մակարդակով գիտությամբ հնարավոր չէ զբաղվել։ Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, եւ առաջին հերթին՝ մեր ուղեղներում։ Միամտություն է կարծել, որ եթե գիտության ֆինանսավորումը հիմա բազապատիկ ավելացնենք, բոլոր խնդիրները կլուծվեն։ Գիտության կրողների թիվը մեզ մոտ վաղուց իջել է կրիտիտական մակարդակից։ Իմ կարծիքով, եթե այսօր հնարավոր լինի կատարել մի շարք համակարգված ու նպատակաուղղված քայլեր, ապա 15-20 տարի հետո կարող ենք դուրս գալ հեռանկար ունեցող ուղեծիր։ Առաջին կարեւորագույն քայլը դպրոց-բուհ-հետբուհական կրթություն շղթայի կայացումն է։ Այդ շղթայի կայացման առաջին քայլը՝ Կրթական կուռ օրենսգրքի ստեղծումը։ Դեռեւս 1999թ.-ից սկսած, երբ ես ԱԺ պատգամավոր էի, մինչ օրս մենք անընդհատ կրթության վերաբերյալ տարբեր օրենքներ ենք ընդունում, սակայն խնդիրը չենք լուծում։ Այսօր էլ ԱԺ-ում քնարկվող բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը ոչինչ չի տալու։ Այն օտարված է իրականությունից եւ ընդունվելու դեպքում միայն ավելացնելու է նոր խնդիրներ։ Ձեւավորվել են մոդայիկ մասնագիտություններ, որոնք հիմնականում ավելացված արժեք չեն ստեղծում, սակայն կլանում են մեր բարձր ընդունակություններ ունեցող երիտասարդության գերակշիռ մասը։ Եթե նայեք այս տարվա ընդունելության պատկերին, կտեսնեք, որ հանրապետության տնտեսության զարգացումն ապահովող մասնագիտությունների տեղերը դատարկ են։ Սա տարիներ շարունակ մեր գործելաոճի կանխատեսված արգասիքն է։ Եվ այն ամենեւին էլ միայն բուհերի խնդիրը չէ։ Եվս մեկ դիտարկում. մենք շատ ենք սկսել սելֆիներ անել եւ չնչին հաջողությունները ներկայացնել որպես աննախադեպ, աշխարհում նմանը չունեցող։ Արդյունքում սին գովերգման փլատակների տակ են մնում գիտական ստեղծագործության այն փշրանքները, որոնք ուշադրության արժանանալու դեպքում կարող էին ամրանալ ու արժեք դառնալ։
- 2016թ.-ից Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորն էիք։ Ինչպիսի՞ հեռանկարներ կային, որոնք խաթարեց պատերազմը։
- Ունեինք հավակնոտ ծրագրեր։ Ուզում էինք մեծ կամպուս կազմակերպել։ Հավակնոտ ծրագրեր ունենք նաեւ այսօր։ Համոզված եմ, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ռեկտոր Նվեր Միքայելյանի ղեկավարությամբ՝ կկարողանա իրականացնել դրանք։ Սակայն մենք ունեցանք անդառնալի կորուստներ, որ երբեք վերականգնել չենք կարող. դա պատերազմում զոհված մեր 54 ուսանողներն են։ Առանց նրանց շատ դժվար է լինելու։
- Ի՞նչ մասնագիտություններ կան Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։
-Համալսարանն ուսումնառություն է կազմակերպում շուրջ մեկ տասնյակ կրթական ծրագրերով։ Բուհի համար, իմ կարծիքով կարեւորագույնը ինժեներական ու գյուղատնտեսական մասնագիտություններն են։
- Գիտենք, որ արդեն տեւական ժամանակ է, բացի տեսական գիտելիքներից, համալսարանի սաներն աչքի են ընկնում նաեւ իրենց յուրօրինակ գաղափարներով, գյուտերով, արտադրական նորարարություններով։ Աշխարհը ճանաչու՞մ է Արցախի երիտասարդ գիտնականների գյուտերը։
- Մենք ունենք որոշակի հաջողություններ այս ուղղությամբ։ Այո, համալսարանի սաները զեկուցումներով հանդես են գալիս միջազգային գիտաժողովներում, մի շարք գյուտերի համահեղինակ են։ Մասնավորապես, այս տարի Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում կազմակերպված տնտեսագիտական ֆորումին երկու մրցանակ ենք ստացել։ Բայց սա ընդամենը փոքր քայլ է, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ծանր ճանապարհ:
- Մինչեւ 44-օրյա պատերազմը Շուշիի տեխնոլոգիական համալսարանը Արցախի պահանջված եւ առաջատար կրթական կենտրոններից էր։ Ի՞նչ է փոխվել պատերազմից հետո։
- Շենքային պայմանները մասամբ վերականգնել ենք։ Արցախի Կառավարությունը համալսարանին է հատկացրել թվով 5 երկհարկանի կորպուս Ստեփանակերտ քաղաքում։ Վերականգվել է բնական տեխնոլոգիաների լաբորատորիան։ Կարծում եմ՝ առաջիկա մեկ-երկու տարիներին տեխնիկական բնույթի խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն։ Հիմա կարեւորագույնը՝ ուսման որակի ապահովումն է։
- Արդեն երկար տարիներ ապրում եք Արցախում։ Զանազան մենագրությունների, գիտական բազմաթիվ հետազոտությունների, գրքերի հեղինակ եք։ Հնարավո՞ր է, որ ընթերցողին ներկայանաք Արցախում անցկացրած տարիների ինքնակենսագրական ակնարկով կամ գեղարվեստական պատումով։
-Այդ մասին դեռ վաղ է մտածել։ Հսկայածավալ գործ կա անելու՝ մասնագիտական առումով։ Բացի այդ, վերքերը դեռ շատ են թարմ։ Ստեղծագործել այս պայմաններում` դժվար է։
- Պարոն Թոքմաջյան, Դուք Ձեզ պայքարող մտավորական համարո՞ւմ եք։
- Պայքարող մտավորակա՞ն։ Չէ՛, չեմ համարում։ Տանել չեմ կարողանում «մտավորական» բառը: Այդին Մորիկյանն ասում էր՝ «Միտք չկա, մտավորական` ինչքան ասես»: Հիմա ավելի խորն եմ հասկանում Այդինի ասածը: Դա հասկանալու համար նույնպես ժամանակ էր պետք։
- Գաղտնիք չէ, որ Հայաստանը եւ Արցախը կանգնած են ծանրագույն մարտահրավերների կիզակետում։ Ի՞նչը պիտի լինի հայ մտավորականի հիմնական անելիքը։
- Յուրաքանչյուրն իր տեղում պետք է անի իր գործը՝ Աստծո ու իր խղճի առջեւ անմնացորդ նվիրվածությամբ, անի այն՝ ինչ պարտավոր է անել։ Հետո թող լինի այն, ինչ կլինի։
- Որքանո՞վ է համալսարանի սաներին հաջողվում աշխարհին տեսանելի դարձնել Շուշիի հայկականությունը։
-Իսկ աշխարհն ուզո՞ւմ է լսել այդ մասին։ Այսօր Արցախում անվտանգ գոյատեւման խնդիր պիտի կարողանանք լուծել, պահպանել դեմոգրաֆիկ պատկերը, նաեւ ավելի լուրջ վերաբերվել կրթագիտական խնդիրներին։ Եթե հաջողվի անել սա, ապա Արցախն անպայման կունենա իր համար ընդունելի, արժանապատիվ ապագա։
Եվ վերջում, ուզում եմ հավաստիացնել, ես միշտ եղել եմ եւ կլինեմ արցախցու կողքին, այնտեղ, որտեղ գծված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանը։
ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=232288&l=am/