Ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման աճպարարությունների. Սևանա լճի մակարդակի նվազման իրական պատճառները հայտնի բնապահպանի շուրթերով
ՀանդիպումԳրեթե ամեն տարի այս շրջանում բախվում ենք արդեն սովորական դարձած խնդրի հետ`Սեւանա լճի ջրի մակարդակի նվազման: Այս տարի եւս արձանագրվեց, որ Սեւանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով եւ կազմել 1900.69 մետր։ Ինչո՞վ է պայմանավորված Սեւանա լճի մակարդաի նվազումը եւ ի՞նչ հնարավոր հետեւանքնեով է հղի ջրի մակարդակի նվազումը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանից, ով փաստեց.
- Սևանա լիճը քաղաքական դաշտ են մտցրել։ Ավելի քան 25 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ լճի մակարդակի բարձրացումը կարևորագույն խնդիր է և ամեն ինչ անելու ենք, որ մակարդակը հասցնենք նախանշված ծ․մ․ 1903,5 մ նիշը։ Սակայն լճի նկատմամբ վարվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ այդ նույն կառավարությունը հետևողականորեն խոչընդոտում է Սևանա լճի մակարդակի բարձրացմանը։ Այս նպատակով՝ հաճախ հայտարարվել է, որ Արփա-Սևան ջրատար թունելը իբր վթարի հետևանքով հնարավոր չէ շահագործել, Սևանա լճից վերցվող ջրով ոռոգվող հողատարածքների ոռոգման նորմատիվներն են 1,5- 2 անգամ բարձրացրել, մեկ օրվա ընթացքում լճի մակարդակը բարձրացրել են 20 սմ-վ, լիճ հատող ճանապարհը կառուցեցին ցածր նիշում․․․
Հետաքրքիր է, ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման աճպարարությունների և ժողովրդին չի ասում լճի մակարդակի բարձրացումը խոչընդոտելու հիմնական պատճառը։
Կառավարությունը շատ լավ գիտի, որ հայ ժողովրդի համար Սևանա լիճը ոչ միայն քաղցրահամ ջրի հսկայական պաշար է, այլև նրա հոգում այս լիճը Մասիս լեռան հետ մեկտեղ սրբազան խորհրդանիշ է և կառավարությունը չի համարձակվում ասել, որ Խորհրդային իշխանության օրոք կազմած՝ Սևանա լճի փրկության ու պահպանության ծրագիրը չի կարողանում շարունակել-իրականացնել, քանի որ մեծ գումարներ են անհրաժեշտ՝ նոր ճանապարհների կառուցելու և բազում այլ խնդիրներ լուծելու համար։ Կառավարությունը հավանաբար չունի այդ գումարը կամ նպատակահարմար չի համարում այդ ուղղությամբ մեծ գումարներ ծախսել։ Ահա թե ինչու կառավարությունը ընտրել է կեղծավորության ու կեղծիքի արատավոր ճանապարհը։
Սևանա լճի մակարդակը 1903,5 մ նիշ հասցնելը պայմանավորված է նրանով, որ Խորհրդային իշխանության պահանջով բնագավառի 39 գիտական հաստատություններ իրենց կարծիքը ներկայացրին ԽՍՀՄ լճաբանության ինստիտուտ, որտեղ ի մի բերվեցին այդ կարծիքները և արվեց այն եզրակացությունը, որ լճի մակարդակը պետք է հասցնել 1903,5 մ նիշը, մի քանի տարի պահել այդ մակարդակին և եթե պարզվի, որ ջրի որակը բավարարում է պահանջվող չափանիշներին, ուրեմն լճի մակարդակը պետք է պահպանել այդ նիշում, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է կազմել լճի նոր համալիր ծրագիր՝ մակարդակը ինչ որ չափով բարձրացնելու համար։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=231427&l=am/

