Սա ոչ թե խաղաղություն է, այլ՝ կապիտուլիացիայի շարունակություն. Ռուբեն Մելքոնյան

Տեսանյութեր

Փաշինյան–Էրդողան կայացած հեռախոսազրույցի արդյունքների եւ հետեւանքների մասին «Իրավունք TV»–ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

— Հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանն ու Էրդողանն ընդգծել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանի խոստացած, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» արդեն եկել է:

— Նախ ինքնին «խաղաղության դարաշրջան» տերմինը մեծագույն կեղծիք է, որովհետեւ աշխարհը եւ հատկապես տարածաշրջանը հիմա թեւակոխել է լարվածության մի նոր փուլ: Երկրորդ` մեծագույն կեղծիք է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման «առանց նախապայմանների» եզրույթը, որը կիրառվում է: Ամենամեծ նախապայմաններն արդեն իսկ դրված են Հայաստանի առջեւ: Թուրքիայի ղեկավարությունը չի էլ թաքցնում, որ Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատեն միայն այն դեպքում, երբ կկարգավորվեն հայ–ադրբեջանական հարաբերությունները: Իսկ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանները հայտնի են` Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ըստ ադրբեջանական սցենարի, սահմանագծում եւ սահմանազատում իրականացնել եւ նրանց մնացած պահանջներին եւս ընդառաջ գնալ կամ կատարել դրանք: Այնպես որ, սա խաղաղություն չէ՛, այլ կապիտուլիացիայի շարունակություն է: Եթե իշխանությունն ուղղակի ինքնախաբեության ռեժիմով սա անվանում է «խաղաղության դարաշրջան», սա չի նշանակում, թե դրանից իրականությունը փոխվում է:

— Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին  Կուրբան Բայրամի տոնի առթիվ: Իսկ վերջինս էլ իր հերթին շնորհավորել է Փաշինյանին` գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ընդհանրապես, երկու երկրների միջեւ երկխոսության համար տարբեր կրոնական կամ պետական տոները հարմար առիթ են: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նման նախադեպեր եղել են ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ երկու նախագահները փոխադարձ շնորհավորանքներով են հանդես եկել: Բայց այն լիովին այլ իրավիճակ էր եւ այլ ժամանակաշրջան: Հիմա ասել, թե այս հեռախոսազրույցը, այսպես ասած, դիվանագիտական նորմալ ընթացքի դրսեւորում է, սխալ կլինի: Սա եւս մի քայլ է այդ կեղծ խաղաղության օրակարգը կամ հայ–թուրքական իբրեւ կարգավորվող հարաբերություններն ամրապնդելու` ցույց տալով, թե տեսեք բանագնացներն են հանդիպում, սահմաններն են բացվում երրորդ երկրների քաղաքացիների համար, հեռախոսազրույց է լինում երկու երկրների ղեկավարների միջեւ եւ այլն: Սա կլիներ նորմալ, եթե չլիներ այսքան ողբերգական: Մինչդեռ սա հայ–թուրքական հարաբերությունների նորմալ կարգավորում չէ, այն նման չէ նախորդ փորձերին, որ մեր պետականությունն ունեցել է նախորդ երեք նախագահների ժամանակ: Սա հաղթող Թուրքիայի եւ իր կցորդ Ադրբեջանի ու պարտված, շարունակական կապիտուլիացիայի ենթարկվող Հայաստանի հարաբերություններ են: Այսպիսի հարաբերությունները մեզ համար ընդունելի տրամաբանություն չէ: Սա մեր առջեւ դրված ագրեսիայի, սպառնալիքների, պահանջների կատարման մի փուլ է:

— Փաշինյանն ու Էրդողանը փոխադարձ ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1–ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Խոսքը սահմանների բացման մասին է, որից պետք է օգտվեն երրորդ պետությունների քաղաքացիները: Այստեղ ո՞րն է մեր պետական շահը:

— Մենք այստեղ շահ չունենք: Սա շատ հստակ պետք է ֆիքսել: Դրա համար էլ ասում եմ, որ սա նորմալ հարաբերությունների հաստատման փուլ չէ, որտեղ երկու կողմերը փոխադարձ շահերը պահպանում են ու ավելի առաջ են տանում: Սա, կարելի է ասել, պոստմոդեռնիստական կապիտուլիացիայի շարունակություն է: Այսինքն`ոչ թե արագ պարտադրում են ինչ–որ քայլեր անել, այլ որոշակի ժամանակային սահմանների մեջ մեզ ստիպում են իրականացնել այն, ինչ իրենց է պետք: Եվ այդ քայլերն անում է այն ուժը, որը պատերազմում կրած պարտության ժամանակ իշխանության է եղել եւ պատասխանատվություն է կրում: Նրանք են եղել իշխանության ղեկին, երբ այս ողբերգությունը մեր պետականության հետ եղել է: Ու այս նույն մարդիկ տարբեր տաբուներ են սկսում հաղթահարել, օրինակ, հանգիստ խոսում են, թե Բերձորը հայկական չէ եւ պետք է հանձնել: Ու զրո արձագանք կա հասարակության կողմից կամ փոքրաթիվ մարդիկ են միայն ընդզվում: Այդ նույն մարդիկ կարող են ասել, որ Թուրքիայի հետ կապված կարծրատիպերը պետք է կոտրել, թուրքերի հետ բարեկամություն անել, Հայոց ցեղասպանության եւ այլնի հետ կապված պատկերացումները պետք է մի փոքր վերանայել, ներել թուրքերին եւ այլն: Այս կոնտեքստում պետք է դիտարկել այդ շտապողականությունը, որը պարտադրանքի, այսպես ասած, քաղաքագիտական, դիվանագիտական փաթեթավորումն է: Երբ քեզ ստիպում են ինչ–որ քայլեր անել, իսկ դու դիմադրելու ոչ մի ռեսուրս չունես, քո բոլոր ռեսուրսները մսխված են, ուղղակի ժամանակագրական հերթականությամբ կատարում ես քո առջեւ դրված խնդիրները:

— Ըստ հայ–թուրքական ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները չեն կարող անցնել այդ բացվող սահմանով, այլ միայն երրորդ երկրի քաղաքացիները: Թուրքիան ունի բազմաթիվ բաց սահմաններ, որտեղով այլ երկրի քաղաքացիները կարող են այցելել այդ երկիր: Հետեւապես, ո՞ր երկրի քաղաքացիների համար է այս սահմանը բացվելու:

— Այստեղ չեմ տեսնում որեւէ օգուտ Հայաստանի համար: Ըստ էության, Հայաստանը դառնում է այլ երկրների քաղաքացիների շահերը սպասարկող պետություն: Բացում է սահմանը, օգնում է նրանց անցնել, ստուգում է եւ այլն: Սա մի կարեւոր նպատակ ունի` ցույց տալ, որ, այնուամենայնիվ, «սայլը տեղից շարժվել է», եւ ինչ–որ քայլ արվում է: Այսինքն` այդ մեռյալ սահմանը, որը որեւէ կերպ չէր գործարկվում 30 տարի, թեկուզ այլ քաղաքացիների համար, բայց ահա կսկսի աշխատել: Այդ երրորդ երկրի քաղաքացիները կարող են տարբեր լինել: Եթե նայենք քարտեզին, կարող ենք տեսնել, թե հատկապես որ երկրների համար ավելի ձեռնտու կլինի այդ տարածքով անցնելը: Չի բացառվում, որ Հայաստանում գտնվող այլ երկրների քաղաքացիներ եւս կփորձեն տուրիստական ճանապարհով անցնել այդ սահմանով: Բայց սա ինքնին իր մեջ որոշակի մտահոգություն պարունակող երեւույթ է, թե որ երկրների քաղաքացիները կարող են անցնել: Եվս մի մտահոգության տեղիք է տալիս այն, թե արդյոք անվտանգային ռիսկերը կարողանալու ենք կառավարել: Երրորդ երկրների քաղաքացիները կարող են լինել նաեւ տարբեր ծայրահեղական կազմակերպությունների անդամներ եւ այլն: Այսինքն` մեր համապատասխան կառույցների, սահմանապահների ուսերին լրացուցիչ բեռ է ընկնում, որպեսզի կարողանան ապահովել սահմանային ռեժիմի անվտանգությունը եւ այլն: Արդյոք կարողանալու ենք սպասարկել, եւ որքանո՞վ այն իմաստ ունի, եթե անելու ենք այլ երկրների քաղաքացիների համար: Միակ դրականն այս ամենի մեջ, որ կարելի է տեսնել`  այդ սահմանը, կոպիտ ասած` աշխատեցնելու փորձառությունն է: Սահմանապահները, համապատասխան կառույցները կսկսեն հասկանալ, թե ինչպես, ինչ ռեժիմով պետք է աշխատել: Բայց այստեղ եւս մի հարց կա. պայմանագրով հայ–թուրքական սահմանի անվտանգությունը հսկում է ռուսական զորքը, հետեւաբար, ինչպիսի՞ն է լինելու սահմանային ռեժիմը` ռուս սահմանապահներո՞վ, համատեղ հայ–ռուսական զորքերո՞վ: Այստեղ բավական շատ հարցեր կան, որոնց պատասխանները դեռեւս հանրությունը չի ստացել:

— Փաստորեն, Ռուսաստանին շրջանցելով` ուղիղ բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

— Այդ տպավորությունն էլ կարող է լինել, բայց կարող է եւ հակառակ տպավորությունն էլ լինել: Եթե դիտարկում ենք հեռախոսազրույցները` Պուտին–Փաշինյան, հետո` Էրդողան–Փաշինյան, ապա` Պուտին–Էրդողան, սա ենթադրում է, որ, այնուամենայնիվ, մեր ռուս դաշնակիցները ինչ–որ առումով տեղյակ են այս գործընթացից: Բայց ես այս իշխանության կողմից դաշնակցային հարաբերությունները ճիշտ եւ ազնվորեն պահելու վրա որեւէ վստահություն չունեմ: Այնպես որ, Ձեր ասած սցենարն էլ չի կարելի բացառել: Միեւնույն ժամանակ, ինձ հետաքրքիր է հարցի գլոբալ կողմը. այս սահմանն, ի վերջո, ՆԱՏՕ–ի սահմանն է: Այսինքն`այստեղ բացվում է ՆԱՏՕ–ի եւ ՀԱՊԿ–ի միջեւ սահման, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այստեղ տեղակայված է ռուսական բազա, ու բացվում է սահման, որից այն կողմ ՆԱՏՕ–ն է: Թուրքիան ՆԱՏՕ–ի ամենակարեւոր անդամներից մեկն է: Սա նշանակում է, որ այս սահմանն ունի նաեւ աշխարհաքաղաքական շատ լուրջ խորք, եւ միայն լոկալ հայ–թուրքական երկկողմանի հարաբերություններով սա պայմանավորել չի կարելի: Իսկ մենք գիտենք, թե հիմա աշխարհում ինչ է տեղի ունենում այս երկու բեւեռների միջեւ` ՆԱՏՕ–ական եւ ռուսական:

— Ակնարկում եք, որ ՀԱՊԿ–ի եւ ՆԱՏՕ–ի բախման կիզակետո՞ւմ ենք հայտնվելու, թե՞ դառնալու ենք երկխոսության օղակ:

— Համերաշխություն այս պահին ակնկալել այդ երկու բեւեռների միջեւ, ինձ թվում է, դեռ վաղ է կամ հնարավոր չէ, իսկ բախման առումով չեմ կարող ասել: Այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այստեղ ավելի մեծ խաղի էլեմենտներ կան, որոնք կարող են երեւալ կամ չերեւալ: Չգիտեմ` այս պրոցեսը որքանով սահուն կերպով կշարունակվի, թե աշխարհաքաղաքական խաղերն ինչ–որ պահի որոշակի ազդեցություն կունենան այս ամենի վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=231022&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ