Քեշից` անկանխիկ. Հայտնի տնտեսագետի ուշագրավ դիտարկումը
Տնտեսություն
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ, եթե կողմերից գոնե մեկն իրավաբանական անձ է։ Իսկ եթե երկու կողմն էլ ֆիզիկական անձ է, ապա շեմը սկզբում 500 հազար դրամն է, իսկ 2023 թվականի հուլիսից՝ 300 հազարը։
Ավելի պարզ, եթե գնում եք որևէ ապրանք կամ օգտվում եք որևէ ծառայությունից, որի արժեքը 300 հազար դրամը գերազանցում է, ապա դրա դիմաց պետք է վճարեք պարտադիր անկանխիկ՝ բանկային քարտով, փոխանցումով, օնլայն դրամապանակներով կամ տերմինալների միջոցով։
Անկանխիկ վճարումների պահանջը սկզբում պարտադիր կլինի Երևանում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից՝ արդեն ամբողջ հանրապետությունում։ Նույնը վերաբերում է նաև կրթաթոշակների ու աշխատավարձերի վճարումներին։
Հուլիսի 1-ից գրավատներում վարկերը տրամադրվելու են բացառապես անկանխիկ տարբերակով, եթե գերազանցում են 80 հազար դրամը, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամը և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամը։
Տնտեսվարողների, փորձագետների ու բնակիչների շրջանում այս փոփոխություններն ակտիվ քննարկվում են: Օրենքի դրական եւ բացասական կողմերի մասին «Իրավունքը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.
-Անկանխիկն օգնում է զերծ մնալ կեղծ փողի շրջանառությունից, ստվերային գործարքներից, սպիտակ դաշտ բերել փողի շրջանառությունը, ժամանակ խնայել, ապահով գործարքներ անել և բազմաթիվ այլ առավելություններ ունենալ, ինչի պատճառով էլ աշխարհի զարգացած երկրները ձգտում են առավելագույնի հասցնել անկանխիկ փողի շրջանառությունը տնտեսության մեջ: եվ շատ հաճախ, եթե զարգացած երկրներում դու փորձում ես կանխիկ վճարում անել` նրանք հասկանում են, որ դու իրենց երկրից չես:
Այլ հարց է, որ ՀՀ-ում գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք, արդարացիորեն, կարող են մտահոգել քաղաքացիներին: Օրինակ, գրեթե հինգ հարյուր հազար թոշակառուների պայմաններում, որոնց միջին կենսաթոշակային ապահովվությունը 40 հազար դրամի շրջանակներում է, այս օրենքը ենթադրում է բազմաթիվ անհարմարություններ: Այսինքն ցածր եկամուտ ունեցող հասարակության, բարձր գնաճի պայմաններում անկանխիկ շրջանառությունը ունի որոշակի խոցելի տեղեր: Օրինակ, որոշ դեպքերում այն ստեղծում է լրացուցիչ ծախսեր և անհարմարություններ վարկային վատ պատմություն և արգելափակված հաշիվներ ունեցող անձանց համար։
Տնտեսագետը նկատում է.
Ըստ իս անհրաժեշտ էր այս քայլին գնալ կամաց-կամաց, օրինակ, տարբեր եկամուտներ ունեցողների դիֆերենցիա մտցնել, որովհետեւ ցածր աշխատավարձ ստացողների դեպքում անկանխիկ վճարումները, նորից եմ կրկնում, անհարմարություններ է առաջացնելու:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=230787&l=am/