Պարզապես, Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականությունից դուրս գալ. Աղասի Ենոքյան
ՏեսանյութերՀայաստանյան ներքաղաքական իրավիճակի ու հնարավոր զարգացումների մասին «Իրավունք TV»–ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:
— Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժումից հանրային ակնկալիքները շատ ավելին են, քան շաբաթը մեկ մի հանրահավաք ու երթ անելն է: Այս գործելաոճն ինչի՞ է հանգեցնելու:
— Իհարկե, սա ընդդիմության սխալն է: Ընդդիմությունը պետք է ավելի շատ քաղաքական լինի, պետք է ելույթներն ավելի շատ քաղաքական լինեն, այդ ելույթների մեջ ծրագիր պետք է լինի, որը կիրականացվի, ինչը, կարծես թե, դեռ չենք տեսնում: Իսկապես խնդիրներ կան ընդդիմության ներսում, որոնք կապված են ինչպես քաղաքական մոտեցումների, այնպես էլ ներկա ընդդիմության կառուցվածքի, ինստիտուտների բացակայության հետ: Կարծես թե, հիմա այս դադարը վերցնելով` փորձում են բյուրեղացվել, ինստիտուցիոնալիզացվել` հետագայում ավելի հզոր լինելու համար:
— «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը փորձում է առանձնանալ եւ իր պայքարն առանձին իրականացնել: Սա նշանակում է, որ «Դիմադրություն» շարժումն իրեն սպառե՞լ է, եւ նոր շարժում ձեւավորելու կարի՞ք կար, թե՞ սա պառակտում էր շարժման ներսում:
— Ո՛չ պառակտում էր, ո՛չ նոր շարժում ձեւավորելու կարիք կար, նա որոշեց դուրս գալ եւ գնալ ուրիշ գործով զբաղվել: Կարծում եմ` պարզապես Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականությունից դուրս գալ: Կոչ արեց մարդկանց դուրս գալ փողոց, տեսավ, որ իր մոտ չի ստացվում, որոշեց, որ էլ չի անելու նման բան:
— Արթուր Վանեցյանը ասում էր, որ մի քանի օրվա հարց է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բայց իր վերջին հարցազրույցներից մեկում շեշտում է, թե մի փոքր հումորով է դա ասել, պետք չէր այդպես ուղիղ հասկանալ: Որքանո՞վ է լուրջ այսպիսի մոտեցումը:
— Իհարկե, լուրջ չէ: Քաղաքականության մեջ մտնելուց գոնե պետք է պատկերացնես դեպի վերջը տանող ուղիները: Մինչդեռ շատ դեպքերում արվում է առաջին քայլը, առանց կոնկրետության հայտարարություններ են արվում եւ վերջ, կանգնում են այդտեղ: Սա քաղաքական մոտեցում չէ:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»
— Ի վերջո, ինչո՞ւ չեն հաջողում փողոցում պայքարող ընդդիմադիրները` ծրագիր չունե՞ն, թե՞ ուղղակի չեն կարողանում այն իրագործել եւ մնում է «դամ պահելը»` հետեւելով Նիկոլ Փաշինյանի գործողություններին:
— Կա ծրագիր եւ ձեւեր, թե ինչպես ընդդիմությունն ավելի ակտիվ եւ կոշտ լինի, արտաքին ուժերից ավելի անկախ լինի: Այս ընդդիմությունը կա՛մ կդառնա ավելի հստակ աշխատող ընդդիմություն, կա՛մ ժամանակի ընթացքում, պարզապես, դուրս կգա քաղաքական հարթակից, որովհետեւ այլընտրանք չկա: Ի՞նչ է ընդդիմությունը, ըստ սահմանման` այն պետք է լինի վաղվա իշխանությունը: Այսինքն` ընդդիմությունը պետք է հանի այս իշխանությանը, եւ ինքը դառնա իշխանություն: Բայց հիմա այս ընդդիմության մոտ չենք տեսնում այդ քաղաքական որակները:
— Կարո՞ղ է մինչեւ ավելի հստակ աշխատող ընդդիմություն դառնան, արդեն ուշ լինի: Օրինակ, հուլիսի 1–ին դրված է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի հարցը, եւ այդ օրը նոր նախատեսված է «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը:
— Իհարկե, կարող է ուշ լինել, ի՞նչ անենք, սա արդեն ընդդիմության խնդիրն է, որ չի կարողանում ավելի օպերատիվ արձագանքնել իրավիճակին:
— Կարծում եք` ստվերային պայմանավորվածությո՞ւն կա որոշ ընդդիմադիրների եւ իշխանության միջեւ, պարզապես, ժամանակ ձգելու:
— Չեմ կարծում, թե կարող են պայմանավորվածություններ լինել իշխանության եւ ընդդիմության միջեւ, բայց կարող են լինել պայմանավորվածություններ իշխանության եւ արտաքին ուժերի ու ընդդիմության եւ արտաքին ուժերի միջեւ:
— Ակնարկում եք, որ երկուսն էլ արտաքին ուժերի ազդեցության տա՞կ են:
— Միշտ էլ այդպես է: Եկեք վերցնենք համաշխարհային պատմությունը` չի եղել գոնե մեկ հեղափոխություն, որտեղ չլինեին արտաքին ուժերի ազդեցություններ:
— Բայց չէ՞ որ Լաոն զարթնել էր, ազգային օրակարգի մասին էր խոսվում: Մի՞թե այս ամենը պաթոս էր:
— Լաոյի զարթնելն ի՞նչ, ոսկորը պետք է լինի քաղաքական, որ Լաոյով եւ այլն միս կպցնես: Ոսկորը չենք տեսնում: Պետք էր մտածել` եթե բերում ես այս սիմվոլը, ուրեմն` պետք է կարողանաս նաեւ այն շատ ավելի ճոխ աշխատեցնել:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ՉԷ, ՈՐ ԻՐԵՆ ՊԱՀՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ»
— Ի՞նչ է պետք, որ նոր թափ հավաքի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացնող պայքարը:
— Հստակորեն նոր դեմքեր են պետք, ցավոք, այս հանրահավաքների ժամանակ մեկ-երկու նոր քաղաքական գործիչ երեւաց: Այն էլ դժվար է ասել, թե նոր քաղաքական գործիչներ էին, ուղղակի, մինչ այս ավելի լուռ էին, հիմա առավել հնչեղ դարձավ նրանց ձայնը: Բայց ամենակարեւրը` նախեւառաջ պետք են նոր մտքեր, նոր գաղափարներ եւ գործողությունների նոր ծրագրեր:
— Նոր դեմքերն էլ անփորձ են, մենք հիմա այն իրավիճակո՞ւմ եք, որ կարող ենք թույլ տալ մեզ նոր փորձարկումների ենթարկվել:
— Իսկ փորձառություն ունեցողներն ի՞նչ արեցին: Այո, թող չլինեն փորձառություն ունեցող, բայց գոնե պատկերացում ունենան: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը հիմա չէ, որ իրեն պահում է իրավիճակին ոչ ադեկվատ: Այս ընդդիմությունը, փաստորեն, ընդունել էր արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները, եւ հիմա Նիկոլ Փաշինյանը երկրի լեգիտիմ ղեկավար է: Այսպիսի իրավիճակ Հայաստանում քիչ է եղել, որ ընտրություններից հետո չլինեին հետընտրական պրոցեսներ:
— Բայց չէ՞ որ ընդդիմությունը վիճարկեց արտահերթ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:
— Սահմանադրական դատարան դիմելը հետընտրական պրոցես չէ: Մենք գիտենք` ինչ է հետընտրական պրոցեսը, տեսել ենք Օպերայի հրապարակ, տարբեր տիպի միջոցառումներ, որոնք հիմք էին տալիս թեկուզ դիվանագետներին, օտարերկրյա քաղաքական գործիչներին ասելու, որ կարող է պատահել այս իշխանությունն այդքան էլ չի ներկայացնում ժողովրդին: Անգամ շատ դեպքերում 10-15 տոկոս հավաքած ընդդիմությունը ոտքի էր կանգնում եւ ասում էր, որ իշխանությունն օրիանական չէ, իսկ հիմա ընդդիմությունը շատ ավելի բարձր տոկոս էր հավաքել, ու ձայն չհանեց: Սա էր առաջին խնդիրը, որ գնացին խորհրդարան ու մանդատներ վերցրին: Եվ այսքանից հետո տեսնում ենք, որ ընդդիմությանն այսօր որեւէ ձեւի բանակցություններում ուշադրություն չեն դարձնում: Արեւմուտքը, Ռուսաստանը, բոլորն աշխատելու են Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ այլընտրանք չկա: Ընդդիմությանը մնում է միայն զուտ ճնշման գործիքներն օգտագործել, ինչպես հանրահավաքներ անելն է եւ այլն:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՆՊԻՍԻ ՀԵՂՀԵՂՈՒԿ ՎԻՃԱԿ Է, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է»
— Ձմռանը ցուրտ է, գարնանը` անբարենպաստ, ամռանը` արձակուրդային: Մնում է հույսեր կապել թեժ քաղաքական աշնա՞ն հետ, որ իրավիճակ կարող է փոխվել:
— Ֆուտբոլային խաղերի ժամանակ միշտ ասում էին, որ արեւը, անձրեւ խանգարում է մեր ֆուտբոլիստներին` հաշվի չառնելով, որ արեւն ու անձրեւը խանգարում է նաեւ մեր հակառակորդ թիմին: Ի՞նչ է նշանակում անբարենպաստ եղանակային պայմաններ, մենք տեսել ենք 1988-ի հանրահավաքները ձյան տակ: Այնպես որ, եղանակային պայմանները երկրորդական են: Կարծում եմ` ամռանն էլ ինչ-որ բան կարող է լինել, բայց ուշադրություն դարձրեք մի հանգամանքի, որ ամառ ասելով` պետք է հասկանալ մինչեւ օգոստոս, որովհետեւ օգոստոսին, ինչպես գիտեք, արձակուրդներ են բոլոր մակարդակներում:
— Բայց հենց օգոստոսի սկզբին է «Դիմադրություն» շարժումը պատրաստվում ներկայացնել իր վարչապետի թեկնածուին: Ավելին` խոսվում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու խորհրդարանական ընդդիմության հնարավորության մասին: Այս գործընթացը պտուղ կտա՞:
— Կարծում եմ` վարչապետի թեկնածու ներկայացնել կարելի է, բայց հիմա ռեալ չէ խոսել, որ հնարավոր է ընդդիմությունը հասնի վարչապետի փոփոխության: Թող ներկայացնեն` ի՞նչ է խանգարում:
— Այլեւս ռեալ չէ՞ նաեւ խոսել անցումային կառավարություն ձեւավորելու հնարավորության մասին, թե՞ կլինեն կա՛մ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կա՛մ` ոչինչ:
— Հայաստանում առնվազն վերջին 4 տարվա մեջ այնպիսի հեղհեղուկ, ճապաղ վիճակ է, որ ամեն ինչ էլ հնարավոր է եւ ամեն պահի: Այնպես որ, շատ դժվար է պնդումներ անել, թե սա կլինի կամ սա չի լինի:
«ԽՆԴԻՐԸ ՌԴ–Ի ՁԵՌՔՈՒՄ Է` ԿՑԱՆԿԱՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼ ՀՀ–ՈՒՄ, ԹԵ` ՈՉ»
— Ստացվում է, որ իշխանությունն ի վիճակի չէ, ընդդիմությունն էլ չի կարողանում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել: Այս դեպքում` լուծումը ո՞րն է:
— Շատ ճիշտ ներակացրեցիք` իշխանությունը չի կարողանում, ընդդիմությունը` եւս, ուրեմն` հարցերը կլուծեն դրսից:
— Ձեր ասած դուրսն էլ այսօր խիստ բեւեռացված է` կա՛մ Արեւմուտք, կա՛ Ռուսաստան: Հետեւապես, ի՞նչ է սպասվում:
— Ճիշտն ասած, Արեւմուտք չեմ տեսնում այստեղ, այսօր միայն Ռուսաստան եմ տեսնում:
— Ռուսաստանն էլ կզբաղվի այս հարցով, երբ վերջացնի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայո՞ւմ:
— Ո՛չ, Ռուսաստանը մեր մասին միշտ էլ հիշում է: Պարզապես, հիմա շատ հարմար իշխանություն ունի Հայաստանում նշանակված:
— Սա նշանակում է, որ մոտ ապագայում մեզ իշխանափոխություն չի՞ սպասվում:
— Այնուամենայնիվ, խնդիրը Ռուսաստանի ձեռքում է` կցանկանա իշխանություն փոխել Հայաստանում, թե` ոչ: Այսինքն` արդյոք Նիկոլ Փաշինյանը կգա մի պահ, որ ռուսների համար ձեռնտու չի լինի: Դեռւս չեմ տեսնում, որ այդ պահը հասունացել է:
— Բայց Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում հնարավոր բոլոր մեղքերի մեջ փորձում էր մեղադրել ռուսներին: Ինչպե՞ս կարող է նա ձեռնտու լինել Ռուսաստանին:
— Նիկոլի խոսքն արժեք չունի, նա շատ է սուտ խոսել: Տվյալ դեպքում` ինչ ուզում է ասի, փաստը մնում է փաստ, որ նա է բերել կանգնեցրել ռուսներին Արցախում: Դրանից հետո` ում ուզում է թող մեղադրի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=230134&l=am/