Մեր հպարտ ժողովրդի դեմը խաղ չկա, ոչ ոք թող չքնի ու երազ չտեսնի, որ արտահերթ ընտրություններ են լինելու․Գագիկ Մելքոնյանը փակագծեր է բացում
Ներքաղաքական
Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան ձայնագրության բովանդակության, ՀՀ-ում կրիմինալի աճի եւ այս համատեքստում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծի,( որով նախատեսվում է, որ քաղաքացին կարող է 21 տարեկանից ձեռք բերել քաղաքացիական զենք՝ առանց փամփուշտների քանակի սահմանափակման), Արցախի ապագայի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, ով նախ անդրադարձավ աղմկահարույց ձայնագրությանը․
-Ասեմ հետեւյալը․ ես խորհուրդ եմ տալիս ոչ միայն Ջհանգիրյանին, այլ բոլորին, որ ամեն մարդու հետ չի կարելի գնալ հաց ուտելու, էսքանը կարամ էդ ձայնագրության մասին, ուրիշ խնդիր չկա էդտեղ։
-Պարոն Մելքոնյան ,, այդ ձայնագրության մեջ տեղ գտած բովանդակությունը արդյո՞ք ահազանգ չէ իշխանության համար, որ Ջհանգիրյանը կարող է պատեհ առիթին լքել իշխանականներին եւ միանալ, օրինակ, ինչպես ինքն է ասել Վանեցյանին կամ Ղազինյանին։
-Ես պարոն Ջհանգիրյանի բոլոր հայտարարությունները լսեցի, երբ ինքը Պետրոս Ղազարյայի մոտ բացատրում էր, ու ես համամիտ եմ իր ասածներին, որ իրոք ինքը ուզեցել է ինչ-որ մի լավ բան անի, էստեղ իշխանությունները նրան չվստահելու ոչ մի խնդիր չունեն։
-Իսկ, այն, որ ինքը ասաց, որ եթե, օրինակ, Վանեցյանը լինի, ինքը կկանգներ նրա կողքին։
-Դա ուղղակի խոսք էր, մենք համոզվեցինք, որ Վանեցյանին կողքին ոչ միայն ինքը չկանգնեց, այլ Վանեցյանի կողքին անգամ ժողովուրդը չկանգնեց։ Կարող ա Վանեցյանը մի հատ Աստվածա, որ իր ա կողքը պիտի կանգնեին։ Վանեցյանը գնաց հեծանիվ քշեց, գնաց Օպերայի բակում ֆրֆռաց, քնավ-հելավ, հանգստացավ, շարժումը սկսեց ու ոնց սկսեց տենց էլ ավարտեց։ Մեր հպարտ ժողովրդի դեմը խաղ չկա, իսկ ժողովուրդը վստահ ասեց, որ հրապարակներում հավաքվածները տեղ չունեն իրենց ապագայում։
-Պարոն Մելքոնյան, մենք տեսնում ենք, որ գրեթե ամենօրյա ռեժիմով ցանկացած վիճաբանությունից հետո գործի են դրվում զենքերը, այս իրավիճակում ԱԺ-ն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծում փոփոխություններ է նախատեսում, որով նախատեսվում է, որ քաղաքացին կարող է 21 տարեկանից ձեռք բերել քաղաքացիական զենք՝ առանց փամփուշտների քանակի սահմանափակման։
-Նախագիծը հիմա երկու ամսով հետաձգվել է, հետո տեսնենք, թե ոնց կստացվի։
-Պարոն Մելքոնյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Հակոբ Ասլանյանը, Արփի Դավոյանը և Արմեն Խաչատրյանը հեղինակել են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր: Ասում են՝ այդ փոփոխություններին եք գնում նոր արտահերթ ընտրությունների համար։
-Ոչ ոք թող չքնի ու երազ չտեսնի, որ արտահերթ ընտրություններ են լինելու՝ չեն լինելու։ Մենք ժողովրդի քվեն չենք պատրաստվում ինչ-որ փոփոխությունների ենթարկել, մենք բացառում ենք արտահերթ ընտրությունները։ Իսկ օրենսգրքի փոփոխությունները նորությունն չէ, բա ԱԺ-ն ինչի համար է, որ անընդհատ էլ փոփոխվի ի օգուտ ժողովրդի։
-Պարոն Մելքոնյան, ընդդիմությունը ասում է, որ օգոստոսի 2-ին նոր վարչապետի թեկնածու են առաջադրելու։
-Էդի Իշխանիկին հարցրեք, մենք շարունակում ենք մեր հինգամյա ծրագրով աշխատել։
-Պարոն Մելքոնյան, Արցախի ճակատագիրը ոն՞ց եք տեսնում։
-Արցախի ապագան լավ է լինելու, իշխանությունները ամեն ինչ անում են դրա համար, մենք չենք գոռում, մենք գոծում ենք։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ