Վրաններն ի սկզբանե եղել են միջոց պայքարի համար, այլ ոչ թե` պայքարի իմաստ. Դանիելյան
Տեսանյութեր«Դիմադրություն» շարժման հետվրանային պայքարի շարունակության եւ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ «Իրավունք TV»–ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:
– Ի՞նչ արդյունք տվեց 40 եւ ավել օր փողոցում իրականացված ակտիվ պայքարը` բացի հարուցված քրեական գործերից, ջարդված հեռախոսներից, վնասվածքներից, վերջում էլ վրանները հրապարակից հանելուց:
– Մենք ի սկզբանե ունեցել ենք ճանապարհային քարտեզ, որով շարժվել ենք եւ շարժվում ենք մինչ այսօր: Նախ անդրադառնամ վրանների թեմային, որն ամենաշատն էր արծարծվում այս օրերին: Վրաններն ի սկզբանե եղել են միջոց պայքարի համար, այլ ոչ թե` պայքարի իմաստ, եւ այն ծառայել է իր նպատակին: Այս փուլում, ինչպես տեղեկացանք, որոշվեց, որ վրանները հանվեն այն պատճառով, որ արդեն սպառել էին իրենց պահանջարկը` այն էր քաղաքացիներին իրազեկել, թե այսօր ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչն արդեն ակնհայտ է բոլորի համար: Այսօրվա իշխանությունը երկիրը տանում է նոր զիջումների` խաղաղության քողի տակ հանձնելով Արցախը: Պետական այրերին չի թույլատրվում գնալ Արցախ, նրանք վախենում են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք այս օրերի ընթացքում լուծել ենք նախեւառաջ իրազեկման խնդիրը, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, որ մենք պայքարել ենք, պայքարում ենք եւ պայքարելու ենք հանուն մեր երկու հայկական հանրապետությունների ու թույլ չենք տալու մեր երկիրը գնա նոր զիջումների: Փողոցը եղել է եւ կա զսպաշապիկ` Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի համար, որպեսզի իրենք չգնան այդ զիջումներին, ժողովրդի մեջքի հետեւում ինչ–որ քայլեր չձեռնարկեն: Միջազգային հարթակներում, նաեւ ներքին քաղաքական դաշտի վերադասավորումների առումով եւս կարող ենք նշել, որ միանշանակ ունենք հաջողություններ: Իհարկե, բոլորի համար հաջողությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է: Կան քաղաքացիներ, ովքեր, մասնակցություն ունենալով երթերին, հանրահավաքներին եւ ակցիաներին, պատկերացրել են, որ հինգ կամ տասը օրից կարող է նա գնալ: Բայց մենք 2018 թվականին տեսել ենք իշխանազավթում եւ այդ իշխանազավթ ռեժիմին հնարավոր չէ տասը կամ քսան օրում հեռացնել իշխանությունից: Սա քաղաքական պրոցես է, որը մինչեւ այսօր փուլ առ փուլ զարգանում է:
– Բայց համաձայնեք, որ վրանները հրապարակից հանելու թեման միանշանակ չընդունվեց բոլորի կողմից, նաեւ առիթ տվեց, որպեսզի «ցեխ շպրտեն» շարժման ուղղությամբ: Ասում էին` «ով զադնի դնի` Նիկոլ է», հիմա նիկոլներ բացահայտվեցի՞ն շարժման շարքերում:
– Էլի եմ ասում` վրաններն ինքնանպատակ չէր, այլ պայքարի միջոց էր, ինչպես փողոց փակելը եւ մնացած խաղաղ անհնազանդության ակցիաները, որոնք իրականացրել ենք: Այս փուլում որոշել ենք որոշակի փոփոխություններ կատարել, ինչը հետքայլ չէ, նահանջ չէ: Հանրապետականները, իրենց կյանքը չխնայելով, քայլեր են ձեռնարկել մեր երկրի անվտանգության համար եւ երբեք չեն լքել քաղաքական խրամատը: Մենք մեր նախագահի գլխավորությամբ կարողացել ենք երկար տարիներ պահել եւ ապահովել խաղաղություն մեր երկրի համար: Այնպես որ, ՀՀԿ–ն այնտեղ է, որտեղ կա պայքար` հանուն մեր երկու հայկական հանրապետությունների: Մենք հետքայլ չենք դիտարկում վրանները հանելը, այլ քայլել ենք եւ քայլում ենք դեպի մեր հաղթանակ: Ժողովրդին պետք է բացատրել, որ կա քաղաքական պրոցես, որի ընթացքը, հանգամանքները կարող են փոփոխվել: Դու կգնաս երկու քայլ առաջ, թե` երեք, իրավիճակն է թելադրում: Ի վերջո, պետք է հասկանանք, թե վրանները հանելով` ինչ ենք դրանով կորցրել, ինչ ենք շահել: Մենք նոր ռազմավարություն ենք մշակել, որով հիմա առաջնորդվում ենք: Այո՛, վրանները` որպես այդպիսին, նաեւ անհնազանդության երեւույթ էր, բայց մենք արդեն իսկ կարողացանք բացատրել թե՛ մեր քաղաքացիներին, թե՛ իշխանությանը, որ նստում ենք այնտեղ, որտեղ ուզում ենք, գնում ենք այն փողոց եւ կանգնում ենք այն շենքի դիմաց, որտեղ ուզում ենք գնալ, որովհետեւ մեր երկրում մեր առաջ չկան փակ դռներ եւ փակ ճանապարհներ: Այսինքն` Ֆրանսիայի հրապարակը, եթե դիտարկում ենք որպես միտինգի անցկացման վայր կամ հավաքատեղի, այսօր ոչ մի բան չի փոխվել:
– Մտավախություն չունեք, որ, ամեն դեպքում, հետագա երթերին ու հանրահավաքներին մարդկանց թիվը ոչ թե կաճի, կնվազի այս շրջանում, եւ ստացվելու է զուտ «յոլա տանել» պայքարը` մինչեւ կհասունանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահը:
– Կանխատեսումներ չանեմ, բայց կարող եմ ասել այն, ինչ ես եմ տեսել: Իսկ ես տեսել եմ մանուկ երեխաներ, ովքեր մեզ հետ միասին պայքարում են, տեսել եմ տարեց մարդիկ, ովքեր օրեր շարունակ տուն չեն գնացել: Այս պայքարը, այս շարժումն իրականում միանշանակ հաջողության հասնելու է: Միայն այն զարթոնքը եւ համախմբվածությունը, որը ձեւավորվել է, այսօր արդեն հաղթանակ է: Մնացած քաղաքական քայլերը, որոնք պետք է իրականացվեն, վստահ եմ, որ շարժման ղեկավարները կկարողանան ճիշտ որոշումներ կայացնել եւ ճիշտ հունով տանել շարժումը: Հետեւապես, այդ վրանի թեման այդպես ցավոտ տանելը ճիշտ չեմ համարում: Վաղը կարող ենք որոշել, որ ինչ–որ այլ վայրում ենք վրան դնելու, այլ վայրում ուրիշ ակցիա ենք անելու: Սա նույնն է, որ հինգ օր փողոց չփակենք, այլ իրազեկման միջոցներ ընտրենք, ու էլի որոշ մարդիկ ասեն, թե փողոց չեք փակում, ուրեմն` վերջ, էլ չեք պայքարում: Այդպես չէ:
– Հավատո՞ւմ եք այս ընթացքում հրապարակում գտնվող բոլոր քաղաքական ուժերի անկեղծությանն ու նվիրվածությանն այս պայքարին: Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որի խմբակցությունը 2018 թվականին ընդամենը 55 պատտգամավորով էին դեմ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն: Իսկ շատերը, ովքեր հրապարակ են գալիս, ոչ վաղ անցյալում սատարում էին Նիկոլ Փաշինյանին եւ նույնիսկ մաս էին կազմում նրա կառավարման ապարատի:
– Այլ քաղաքական ուժերի մասին, թե ովքեր են հրապարակում, ովքեր են ազնիվ կամ անազնիվ, կարծիք չեմ հայտնի: Կարող եմ պնդել այն քաղաքական ուժի մասին, որի ներկայացուցիչը ես եմ: ՀՀԿ–ն Հայաստանի նորանկախ պատմության մեջ ունի իր ուրույն դերը` որպես Հայաստանի անկախության ճանաչման համար քայլեր ձեռնարկած քաղաքական ուժ, մեր կուսակցությունը թե՛ արցախյան առաջին պատերազմի, թե՛ քառօրյա պատերազմի հաղթանակի մեջ լուրջ ներդրում ունի` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այն թիմը, որը քաղաքական խրամատը չի լքել, մենք մի ընտանիքի նման ենք վերաբերվում իրար եւ գնում ենք դեպի մեր ընտրած ճանապարհի վերջը, այսինքն` դեպի անկախ Հայաստան եւ անկախ Արցախ: Ես տեսնում եմ այդ հնարավորությունը` առանց Նիկոլ Փաշինյանի: Իսկ մնացածը` ով ինչ նպատակով է գալիս հրապարակ` շահի համար, թե հայրենասիրության, արդեն պետք է իրենցից հարցնել: Ամեն դեպքում, հրապարակում հավաքվելը մի գաղափար ունի` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգություն ու Նիկոլ Փաշինյանի հեռացում:
– Օգոստոսի 2-ին, ինչպես հայտարարվել է, «Դիմադրություն» շարժումը հանդես կգա վարչապետի սեփական թեկնածուով: Այդ օրը լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին եւ օրենքը թույլ է տալիս ԱԺ-ում նաեւ անվստահության գործընթաց մեկնարկել: Կարծում եք` Ձեր նշած վերջն այդ օ՞րն է գալու, թե՞ Փաշինյանի հրաժարականի օրը հնարավոր է ավելի շուտ մոտեցնել:
–Նիկոլ Փաշինյանը կհեռանա այն ժամանակ, երբ իրավիճակը կլինի անվերահսկելի իր համար: Այսօր այն մարդիկ, ովքեր բողոքում են նրանից, որ մենք վրան ենք հանել, փողոցները կարող է լավ չենք փակում, ինչ-որ ակցիաներ կարող էինք ավելի ճիշտ անել, այդ մարդիկ հենց այսօր ունեն հրաշալի հնարավորություն գնալ իրենց համար պայքար սկսել, քայլեր ձեռնարկել այնպես, ինչպես պատկերացնում են:
– Քննադատողների հակադարձումը հետեւյալն է, որ իրենք չունեն այն ռեսուրսներն ու քաղաքական կապիտալը, որ իրենց համար պայքար սկսեն ու իրենց պատկերացրած քայլերն էլ իրականացնեն:
– Այսինքն` իրենք չունեն քաղաքական կապիտալ ու ռեսուրս, բայց բոլորից լա՞վ են պատկերացնում, թե ինչ անել: Մի զանգված կա, որը միայն մեղադրում է, բայց չի ասում, որ դուք օրեր շարունակ տուն չեք գնացել, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ձեր նկատմամբ, բայց չէ որ օր ու գիշեր պայքարում ենք հանուն նաեւ իրենց երեխաների ապագայի: Ընդհանուր համախմբվածություն է անհրաժեշտ, բայց եթե մարդն իր տան բազմոցին նստած ասում է, որ լավ չէ իրավիճակը, ուրեմն` լավ չի էլ լինելու: Ո՞վ այսօր իր վրա չի զգում ֆինանսատնտեսական կոլապսը կամ անվտանգության խնդիրները, որոնք ստացել ենք 2018 թվականի ապրիլի 23-ից ի վեր: Այսօր կան ապրանքներ, որոնք մի քանի հարյուր տոկոսով թանկացել են, ունենք խայտառակ իրավիճակ թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ ներքաղաքական դաշտում: Բայց միայն բողոքելով ու քննադատելով չէ, պետք է ոչ թե ասել, թե շարժումն ինչ է արել, այլ պետք է ամեն մեկն ինքն իրեն հարց տա, թե ինքն ինչ է արել, ինչ քայլեր է ձեռնարկել, որ այս շարժումն ինչ-որ բանի հասնի: Եթե պետք է, ուրեմն` եւս 45 օր, 5 ամիս կամ հավերժ պետք է պայքարենք հանուն մեր երկրի: Իսկ եթե ոմանք ուզում են, որ 10 օր ուրիշները պայքարեն, եւ տեղի ունենա իշխանափոխություն, այդպես չի լինելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=229254&l=am/