Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունը. փաստաբան
Ներքաղաքական
Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը եւ Մարգարիտա Գյուլումյանն օրեր առաջ հայցադիմում են ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին` պահանջելով լուծարել «կոռումպացված, օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը»: Անդրադառնալով վերոնշյալին` փաստաբան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ մի շարք ուշագրավ մանրամասներ ներկայացրեց ինչպես հայցադիմումից, այնպես էլ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գործունեությունից:
«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ, ՄԵԶ ՉՀԱՐՑՆԵԼՈՎ ՈՒ ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆԵԼՈՎ, ԾԱԽԵՑԻՆ»
– Լայն արձագանք գտավ Ձեր այն բացահայտումը, որ Սորոսի հիմնադրամն իրականում օֆշորային կազմակերպություն է: Կմանրամասնե՞ք, թե ինչ է հաջողվել պարզել:
– Մենք պարզեցինք, որ անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող այս կազմակերպությունը` շուրջ 25 տարի Հայաստանում գումարներ է ծախսում տարբեր ամպագոռգոռ գաղափարների համար, բայց իրենց իրական ծրագրերն այդ գաղափարների հետ ոչ մի կապ չունեն: Մեր համոզմամբ` Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունը եւ հասցնել այն ազգային աղետի, որում արդեն ապրում ենք: Ընդ որում` նպատակ ունեն շարունակել այդ աղետը, եւ հասցնել մեզ համար ինչ–որ մի սարսափելի ավարտի: Այդ գումարները բացարձակ անհասկանալի եւ մութ տեղից են, քանի որ օֆշորային կազմակերպությունը հնարավոր չէ վերահսկել եւ պարզել: Հետեւապես, դատելով այդ ցանցի գործունեության արդյունքներից` մենք իրավունք ունենք հիմնավոր կերպով կասկածելու, որ այդ գումարների ծագումնաբանությունը միանշանակ ինչ–որ թշնամական ճամբարից է: Դրանք կարող են լինել ե՜ւ թուրքական, ե՜ւ ադրբեջանական գումարներ:
– Բայց չէ՞ որ ժամանակին հենց սորոսականներն էին խոսում կոռուպցիայից, օֆոշորային կազմակերպություններում այս կամ այն պաշտոնյայի բիզնեսներից…
– Այդ գործակալական ցանցի իրավապաշտպանների ոհմակը 10 տարի շարունակ գոռում– գոչում էին եւ պահանջում էին թափանցիկություն, ինչ–որ օֆշորային սկանդալներից էին խոսում, մի եղած կամ չեղած, չնչին առիթով մեկը պառկում էր գետին, մյուսն իրեն ճղում էր եւ այլն: Իսկ հետո երբ փոխվեց իշխանությունը, եւ իրենք եկան, այդ ցանցն էլ լռեց: Ոչ մի քաղհասարակություն չունեինք, 98 տոկոսով ոչ մի իրավապաշտպան չունեինք: Դրանք մարդիկ էին, որոնք, իմ համոզմամբ, ամեն ինչ արեցին, որ կորցնենք Արցախը, որ զոհվեն մեր 5 հազար հայորդիները: Եվ իրենց ազգակործան ծրագիրը շարունակվում է: Օրինակ` ո՞ւր է Արթուր Սաքունցը, որն ամեն մի զինվորի մահվան դեպքում վայնասուն էր բարձրացնում: Այո՜, ցավոք, բանակում, զոհվում են զինվորներ` լինում է դժբախտ պատահարից, թշնամու կրակոցից, ոչ ճիշտ կանոնադրական հարաբերություններից, բայց դրա դիմաց բանակը չեն ոչնչացնում, ընդամենը շտկում են: Հինգ հազար մարդ սպանեց Նիկոլն Արցախում, ո՞ւր է Սաքունցը: Չկա, որովհետեւ Սորոսն այդ հանձնարականը չի տվել: Ի դեպ, Սորոս ասելով` հենց նրա անձը նկատի չունեմ, այդ կոռումպացված օլիգարխը Հայաստանի տեղն էլ չգիտի: Նա, պարզապես, երկրներ է վաճառում: Ենթադրենք, 63 միլիոն ծախսել է Հայաստանի վրա, 300 միլիոն ստացել է Ալիեւից: Արդյունքում` տեսնում ենք թե մենք հիմա ինչ վիճակում ենք: Սա սատանայական բիզնես է: Նա չունի բարոյականություն եւ, որպես կանոն, ոչ մի սորոսական չի ունենում բարոյականություն: Ստացվում է, որ մեր երկիրը մեր աչքի առաջ, մեզ չհարցնելով, մեզ հիմարի տեղ դնելով, ծախեցին, մեր եղբայրներին սպանեցին, Արցախը տվեցին թուրքին, եւ սրա մեջ շատ հնարավոր է ամենագլխավոր դերերից մեկը եւ նույնիսկ գլխավոր դերը խաղաղացել է այս օֆշորային գրասենյակլը:
«ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԲՈՒՆ ԱՌԻԹԸ ՍՈՐՈՍԱԿԱՆ ՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ Է»
– Ինչո՞ւ հենց այս փուլում որոշեցիք հայցադիմում ներկայացնել եւ պահանջել լուծարել Հայաստանում Սորոսի հիմնադրամը:
– Դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակազգային գործունեությունն է, որը ցանկացել է թշնամանանք սերմանալ եղբայրական հայ եւ եզդի ժողովրդի միջեւ: Այդ երիտասարդը 2018 թվականի իշխանափոխության օրերին ունեցել է շատ դրական կարծիք ազգային փոքրամասնությունների մասով Հայաստանում վարվող քաղաքականության վերաբերյալ: Անգամ խնդրում էր նոր իշխանություններին, որպեսզի շարունակեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն այդ հարցում: Սակայն անցնում է մի քանի ամիս, նա հիմնում է ինչ–որ ՀԿ , որից հետո 2019–ին սեպտեմբերի 24–ին Վարշավայում տեղի ունեցած համագումարում հանդես է գալիս ամբողջությամբ հակառակ դիրքերից եւ քննադատում է Հայաստանում իրավիճակը` մասնավորապես կապված եզդի ժողովրդի հետ: Իսկ որոշ ժամանակ անց, ստանալով Սորոսի օֆշորային գրասենյակից կլորիկ գումար, նա տալիս է հարցազրույց Հյուսիսային Իրաքում գործող եզդիական ամենախոշոր լրատվական գործակալությանը, որտեղ սարսափելի ստեր է ասում Հայաստանում եզդիների վիճակի մասին: Սա նախեւառաջ վրդովմունք է առաջացնում հենց մեր եզդի եղբայրների շրջանակում, հետո նաեւ հայտնի է դառնում մեզ:
– Ի՞նչ ստերի մասին է խոսքը:
– Օրինակ, որ Հայաստանում 1988–2006 թվականները եղել է շովինիստական շարժում, որի շրջանակներում եզդիներին սպանել են, թալանել, ունեզրկել, եզդի լինելու պատճառով տեղահան են արել, եւ նրանք փախել են Հայաստանից: Քիչ է մնում ասեր, որ նրանց արգելված էր իրենց լեզվով խոսել, մինչդեռ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է: Անգամ ասել էր, թե եզդիները չունեն ո՜չ մշակութային, ո՜չ հոգեւոր կենտրոն, կատարյալ սո՜ւտ: Բայց բանից անտեղյակ Հյուսիսային Իրաքում ապրող եզդիների մոտ հաստատ այդ հայտարարությունները հակակրանք են առաջացրել հայերի նկատմամբ, ու այդ հակակրանքը օրերից մի օր կհայտնվի Հայաստանում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղետի կենթարկվեինք, եթե հանկարծ բախումներ լինեին երկու եղբայրական ժողովուրդների միջեւ:
«ՍՈՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՑ 7 ՀՈԳԻ ՀԻՄԱ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ ԵՆ»
– Տարիներ շարունակ Սորոսի գրասենյակը համոզում էր հանրությանը, թե իրենց ծրագրերի հետեւում զուտ բարեգործական նպատակներ կան: Ի՞նչ կասեք այս մասին:
– Հավատացեք, դա տրոյական ձի է եղել` որպես «նվեր»: Օրինակ, նույն այդ երիտասարդին երկու անգամ դրամաշնորհ են տվել` առաջին հայացքից շատ լավ բանի համար, թե քովիդից հետո ինչպես է բժշկական օգնություն ցույց տրվում եզդի համայնքին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եզդիներին օժանդակություն ցույց տալու համար: Մինչդեռ իրենք այդ քողի տակ երբեք լավ բան չեն անում: Պարզապես, փորձել են այս երիտասարդին դարձնել մեր անապահով եզդի համաքաղաքացիների առաջնորդ: Այդ ծրագրով նա փող կտար, մարդիկ էլ կախման մեջ կհայտնվեին, հասկանալի է, որ վատ ապրող ընտանիքը` լինի հայ, թե եզդի, ամեն ինչի կարիք էլ ունի: Այսպիսի մի կերպար էին աճեցնում, որը, բարեբախտաբար, մեզ հաջողվեց շատ արագ իմանալ եւ դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, որն ի պատիվ իրեն` ճիշտ է, որոշակի ձգձգումներով, բայց քրեական գործ հարուցեց, մեղադրանք առաջադրվեց, եւ հիմա այդ երիտասարդի դատավարությունն ընթանում է: Պատկերացրեք հիմնադրամը մեկին ֆինանսավորել է, որը արել է մի բան, ինչը ոչ թե անթույլատրելի է, այլ հանցագործություն է: Այդ հիմնադրամը պետք է հերքեր եւ ասեր, որ կապ չունի այդ ազգային թշնամություն սերմանելու հետ եւ թողներ դատարանին որոշմանը: Ի վերջո, չմոռանանք, որ կա անմեղության կանխավարկած: Բայց` ոչ, նրանք ի սկզբանե սկսել էին հայտարարություններ տարածել, թե ապօրինի հետապնդվում է իրավապաշպանը: Տեսեք, թե ինչպես են փորձում ներկայացնել իրողությունը: Իսկ հետո ցուցմունք է տալիս այդ երիտասարդը քննիչին եւ ասում է, որ` այո, սուտ է ասել, բայց դա իր իրավապաշտպան գործունեության մասն է: Դե պատկերացրեք այս հայտարարության ստորությունը: Աստված մի արասցե, եթե բախումներ լինեին հայերի եւ եզդիների միջեւ, զոհեր լինեին, ի՞նչ պետք է ասեր` վայ կներեք, իմ իրավապաշտպան գործունեության մա՞սն է:
– Չնշեցիք, թե, ի վերջո, ո՞ւմ մասին է խոսքը…
– Սաշիկ Սուլթանյանի, բայց անձը չէ կարեւոր: Նա մի փոքր հետեւանքն է այն սարսափելի քաղցկեղի, որն այդ օֆշորային գրասենյակի տեսքով հայտնվել է մեր երկրում: Սորոսական գործակալներից 7 հոգի հիմա ամբաստանյալի աթոռին են: Չմոռանանք նաեւ «Ռեսթարտ» խուլիգանախմբին, որ հարձակում գործեց «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի վրա` իր տան շքամուտքի մոտ: Վեց հոգով ստորաբար հարձակվել էին մի հոգու վրա` այն պայմաններում, երբ այդ մարդու անչափահաս երեխաները կարող էին այդ ամենը տեսնել: Բարեբախտաբար, քաղաքի կենտրոնում էր, եւ ոստիկանություն կար, որը կանխեցին: Ավելի հայատյաց, ավելի ուրիշի կարծիքը չհանդուրժող, իմ համոզմամբ, իր էությամբ հանցավոր ցանց, դժվար է պատկերացնել: Իհարկե, այդ ցանցն ունի նաեւ թույլ տեղեր, չեմ կարծում, թե այդտեղ կան ինչ–որ գաղափարական կողմնակիցներ` բաց հասարակությունների վերաբերյալ Սորոսի տարօրինակ տեսության: Ուղղակի, բոլորն էլ փողի մարդիկ են, ու կարելի էր այս ամենի վրա ուշադրություն չդարձնել, եթե այդ փողի դիմաց, իրենք կամա, թե ակամա չքանդեն մեր պետականությունը: Բայց սրա դեմը պետք է առնել, ինչի համար մենք ամեն ինչ անում ենք եւ շարունակելու ենք անել: Մենք այս հայցադիմումը ներկայացնելով` պարզապես չենք կարող պարտվել:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Անկախ նրանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, այդ որոշումը կունենա իր հետեւանքը: Կարող են հայցադիմումը վարույթ չընդունել, ինչը կնշանակի, որ Սորոսի գործակալական ցանցը իշխում է այս երկրին: Կարող են վերադարձնել հայցը, էլի նույնը կնշանակի: Կարող են ընդունել հայցի ապահովման միջոց չկիրառելը, ինչը եւս նույնն է նշանակում: Եվ կա մյուս տարբերակը` երբ մեր պահանջները գոնե նախնական կբավարարվեն, որը ցույց կտա, որ պետությունն ինչ–որ կիսով չափ կյանքի նշաններ ցույց է տալիս: Որպեսզի պարզ լինի, թե ինչքանով է վտանգավոր այսօր այդ ցանցը եւ ինչ կործանարար ազդեցություն ունի, ասեմ, որ իրենք զավթել են պետության այնպիսի կարեւորագույն մարմիններ, ինչպիսիք են Հակակոռուպցիոն կոմիտեն, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, էլ չասեմ, որ հիմա էլ սորոսականները նոր սահմանադրություն են գրում: Սա ուղղակի ահավոր է հնչում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=229251&l=am/