Բերման ենթարկված, ապա ձերբակալված չորս պաշտպանյալներս ազատության մեջ են. Վահե Եփրիկյան
Իրավական
Ընկերներ ջան, ավարտվել է մայիսի 30-ին Կառավարության 3-րդ մասնաշենքից բերման ենթարկված, ապա ձերբակալված չորս պաշտպանյալներիս նկատմամբ ՀԿԳ քննության վարչության քննիչների ներկայացրած կալանավորման միջնորդությունների քննությունները։
Այսօր նախագահությամբ դատավոր Տ. Մուրադյանի` դատարանը իրավաչափ ճանաչեց պաշտպանյալիս` Արամ Հովսեփյանի ձերբակալումը` միաժամանակ մերժելով քննիչի` վերջինիս կալանավորելու միջնորդությունը։
Երեկ էլ նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի` դատարանը իրավաչափ էր ճանաչել մյուս պաշտպանյալիս` Սարգիս Թավաքալյանի ձերբակալումը` մերժելով նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Այսպիսով` խուլիգանության (ՀՀ քր. օր. 258 ֊րդ հոդված) կասկածանքով բերման ենթարկված, ապա իշխանության ներկայացուցչի դեմ բռնության համար կասկածվող (ՀՀ քր. օր. 316 ֊րդ հոդվածի 1 ֊ին մաս) եւ վերջապես զանգվածային անկարգությունների համար մեղադրվող (ՀՀ քր. օր. 225 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մաս) չորս պաշտպանյալներս` Համլետ Մկրտչյանը, Սարգիս Թավաքալյանը, Արամ Հովսեփյանը եւ Սաշա Վարդանյանն ազատության մեջ են։
Это была славная охота!
Շնորհակալություն կալանքի միջնորդություններն արդարացիորեն մերժած դատարաններին։ Կեցցե՜ արդարադատությունը», - գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը: