Իսագուլյանն առաջարկում է`յուրաքանչյուր քաղաքական ուժ իր վրանն ունենա Ֆրանսիայի հրապարակում
ՏեսանյութերԽորհրդարանական ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծին, որն այդպես էլ անգամ քննարկման չարժանացավ Ազգային ժողովում, իր զորակցությունն էր հայտնել նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը: «Իրավունքի» հետ զրույցում կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆՆ անդրադարձավ ինչպես ԱԺ չկայացած արտահերթ նիստին, այնպես էլ ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ուժերի հետ տեղի ունեցած քննարկմանը:
– Փաստացի ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մնաց անդրդվելի եւ, չներկայանալով, տապալեց ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը: Մինչդեռ ընդամենը խոսքը մի հայտարարության ընդունման մասին էր, որտեղ պետք է շեշտվեր՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ի՞նչ կասեք այս մասին:
– Եթե ընդդիմադիր խմբակցությունները պետական ու ազգային նշանակության ինչ-որ նախագիծ են ներկայացնում Ազգային ժողովում, ապա ինչպե՞ս կարող էր իրեն ժողովրդավար հռչակած իշխանությունը մերժել այդ քննարկումը: Թող գային, մասնակցեին, քննարկմանն իրենց խոսքը ասեին` կողմ են, թե` դեմ: Չէ՞ որ այդտեղ ներկայացված պահանջները վերաբերում էին մեր ազգային, պետական շահին, Արցախի, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրներին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Կարծում եմ` անկախ նրանից, որ Ազգային ժողովում այդ նախագիծը չքննարկվեց եւ չդարձավ փաստաթուղթ, հանրությունը դրանում առկա պահանջները պետք է պարտադրի ՀՀ իշխանությանը:
– Կան կուսակցություններ, որոնք համաձայն լինելով այն սկզբունքի հետ, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», միեւնույն ժամանակ, անիմաստ են համարում միանալ այդ հայտարարությանը` նշելով, որ նոր չէ, որ պետք է բարձրաձայնեն այդ մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետներին:
– Գիտեք, երբեք որեւէ խնդրում արդարացում փնտրել պետք չէ: Մարդը կա՛մ մասնակցում է, կա՛մ չի մասնակցում:
– Բացի այս հայտարարության բովանդակությունից, քաղաքական ուժերի ղեկավարներով ՀՅԴ գրասենյակում քննարկե՞լ եք, հետագայում միասնական գործողություններ իրականացնելու հեռանկարները կամ, օրինակ, միասնական վարչապետի թեկնածու առաջադրելու հարց:
– Այդ հանդիպումն ինչ-որ տեղ սիմվոլիկ նշանակություն ուներ հենց միասնական գործելու առումով, որպեսզի խորհրդարանական խմբակցություններին միանան նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, ինչը շատ կարեւոր հանգամանք է: Օրինակ, ես առաջարկեցի, որ ամեն մի քաղաքական ուժ իր վրանն ունենա Ֆրանսիայի հրապարակում` որպես աջակցություն: Փողոցում ընթացող պայքարի այս 30 եւ ավել օրերի ընթացքում հիմնական ամենածանր աշխատանքը կատարում են խորհրդարանական խմբակցությունները: Լավ կլինի, որ արտախորհրդարանական կուսակցությունների ակտիվն էլ ներգրավվի այս գործընթացին եւ նաեւ գիշերները հերթապահի հրապարակում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

