Կան ազգային հարցեր, որտեղ բոլորս միակարծիք ենք. Զարուհի Փոստանջյան
ՏեսանյութերԱնդրադառնալով 15 կուսակցությունների զորակցությանն արժանացած խորհրդարանական ընդդիմության հայտարարության նախագծին` «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնեց, որ դրանով շեշտվում է, թե ինչ սահմաններում կարող են տեղի ունենալ ապագա բանակցությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ ինչով պետք է կաշկանդված լինի յուրաքանչյուր իշխանություն ՀՀ-ում, երբ կգնա ինչ-որ պայմանավորվածությունների սահմանազատման եւ սահմանագծման, Արցախի Հանրապետության տարածքների հետ կապված եւ ընդհանրապես` բոլոր քննարկումներում, որոնք առաջ կմղեն Թուրքիան եւ Ադրբեջանը:
– Վերոնշյալ նախագծի շուրջ ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած արտախորհրդարանական ուժերի քննարկմանը ներկա էին նաեւ այնպիսի քաղաքական ուժերի ղեկավարներ, որոնք ժամանակին անվերապահ սատարում էին Նիկոլ Փաշինյանին եւ դեմ էին այն ուժերին, որոնք այսօր Ֆրանսիայի հրապարակում առաջնորդում են «Դիմադրություն» շարժումը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Բոլորն էլ քաղաքական հմտություններ եւ գաղափարներ ունեցող միավորներ են, եւ նորմալ է, երբ քննադատաբար են մոտենում կամ տարբերվող դիրքորոշում են արտահայտում: Սա բնական պրոցես է, բայց կան ազգային հարցեր, որտեղ բոլորս միակարծիք ենք, եւ այդ միակարծության հիմքով այսօր հանդես ենք գալիս հայտարարությամբ:
– Տիկին Փոստանջյան, իսկ հայտարարությանը միասնական գործողություններ հաջորդելո՞ւ են:
– Ակնհայտ է, որ միասնական են լինելու ապագա գործողությունները, որոնք հանուն Արցախի են եւ մեր ազգային անվտանգության:
– Օրինակ` վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու հարց քննարկվե՞ց հանդիպման ժամանակ:
– Սա իշխանության պայքար չէ: Հարցն այն է, թե ինչպիսի դոկտրինալ տիրույթում է գտնվում այսօր մեր մոտեցումը: Այսինքն` որո՞նք է այն նվազագույն սկզբունքները, որը չի կարելի անցնել ոչ մեկին:
– Ձեր գնահատմամբ` ի՞նչ է սպասվում Ազգային ժողովում այսօր խորհրդարանական ընդդիմության հայտարարության նախագծին:
– Հայտարարության նախագծին փաստացի, այսպես կոչված, իշխանությունները բոյկոտել են եւ չեն մասնակցելու քննարկմանը հրավիրված արտահերթ նիստում, հետեւաբար քննարկում չի կարող կայանալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

