Աթեշյանն իր ճանապարհից հեռացնում է պատրիարքի հավանական թեկնածուներին
Արխիվ 16-20Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. ՍԱՀԱԿ եպիսկոպոս ՄԱՇԱԼՅԱՆԸ հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` նշելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Սահակ սրբազանն ընդգծել է, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգեւոր խորհրդի ժամանակ` Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Ապա հավելել, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում ու հեռանալու է Ստամբուլից: «Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Արդեն բոլորը համակարծիք են, որ երբ պաշտոնը դատարկ է, իսկ քաոսը ավելի է խորանում, Արամ սրբազանի պատճառով իրավիճակը վատանում է: Իր լիազորություններն օգտագործելով ` նրա կողմից ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, եւ համաձայն եկեղեցական օրենքների, նա արժանի է պատժի»,- ահազանգել է Սահակ սրբազանը` ընդգծելով, որ հայկական եկեղեցու պատմության ընթացքում պատրիարքական աթոռը երբեք ութ տարի դատարկ չի մնացել:
Ի դեպ, Կ. Պոլսի պատրիարքությունում առկա խնդիրների ու պատրիարքի ընտրությունների հարցում, թե ինչ դիրքորոշում է որդեգրել Մայր Աթոռը` հետեւել իրադարձությունների զարգացմա՞նը, թե՞ըստ անհրաժեշտության, նաեւ միջամտել, «Իրավունքը» մոտ երկու ամիս առաջ նման հարցադրմամբ դիմել էր Մայր Աթոռին: Սակայն առ այսօր Մայր Աթոռը հարցի վերաբերյալ խորհրդավոր լռություն է պահպանում: Մինչդեռ խոսակցություններ են շրջանառվում, որ Վեհափառի եւ Արամ սրբազանի վերջին հանդիպման ժամանակ վերջինիս սատարելու համաձայնության են եկել:
Ինչեւէ, մեզ հաջողվեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի` Ստամբուլից հեռանալու որոշման մասին որոշակի մանրամասներ պարզել Թուրքիայում Մարդու իրավունքների միության անդամ, պոլսահայ (ստամբուլահայ) լրագրող ՀՐԱՆՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ, ով նշեց հետեւյալը. «Հրաժարվելով հեռանա՞լ, լքե՞լ, թե՞ պայքարել` պարզապես գոյատեւելու համար: Պոլսահայ մտավորականն այս հանգրվանում կրկին ճակատագրական այսպիսի հարցադրման առջեւ է կանգնած: Գերշ. Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունը ոչ միայն պարզապես հրաժարականի մասին է, այլեւ պոլսահայության ճիչն ու արտացոլումն է: Այո՛, մի քիչ «իրոնիկ» եղավ, որ հատկապես վերջին շրջանում արտագաղթը կանխելու մասին քարոզներ տվող բարձրաստիճան հոգեւորականը Պոլիսը լքելու մասին հայտարարելու եզրին է հասել, բայց ահավասիկ այս է Թուրքիայում հայ լինելն ու հայ մնալը` ինքնաբերաբար հակազդեցություններով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

