Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունքի» լրագրողի նկատմամբ
ՏեսանյութերՄինչ եվրոդեսպանն ու ամերիկյան դեսպանը «ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել» քաղաքականությամբ, ոտքները ոտքներին գցած, Հայաստանում մասնակցում են «Ժողովրդավարություն ֆորում» կոչված կրկեսին, փողոցում իր հոգեվարքն է ապրում իրական ժողովրդավարությունը:
Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց երեկ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ո՛չ միայն պատգամավորների, կանանց ու անչափահասների նկատմամբ, այլեւ` «Իրավունքի» լրագրողի` կանխամտածված խոչընդոտելով մասնագիտական աշխատանքին:
Երբ ականատեսները սկսեցին բղավել, որ` «լրագրող ա, խի՞ եք խփում», լրագրողին հրած եւ գետնին տապալած ոստիկանն ու իր գործընկերները փորձեցին տեղի ունեցածը ներկայացնել` իբր միամիտ է եղել: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Ոստիկանը, ուղիղ նայելով լրագրողին, որը կրում էր լրագրողական բեյջ եւ տեսնելով, որ նկարահանում է իրականացնում` միտումնավոր հրեց, ինչի մասին փաստում են առկա տեսանյութերը: Հատկանշական է այն, որ «ժողովրդավարության» մասին առասպելներ հյուսող որեւէ դեսպանատուն ու կազմակերպություն մինչ այս պահը «ձկան պես լուռ է» եւ չի դատապարտել միջադեպը: Իսկ մեզ մնում է արձանագրել, որ «ժողովրդավարությունն» ուղղակի մեռավ նիկոլական Հայաստանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

