Որոնք են ապրիլին գրանցած տնտեսական ակտիվության աճի իրական պատճառները․ վերլուծում է տնտեսագետը
ՏնտեսությունԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.8%, իսկ հունվար-ապրիլը՝ 109.4%: Հարկ է նշել, որ մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն արագացել է։
Պետք է նշել, որ այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի։
Այսօր էլ, բավականին հանգամանալից տեսաքննարկում եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի և այլ գործընկերների հետ»։
Այս թեմայի մասին Iravunk.com-ը զրուցել է տնտեսագետ Վահե Դավթյանի հետ։ Անդրադառնալով նախարարի հայտարարությանը տնտեսագետն ասաց․
«Ապրիլին գրանցած տնտեսական ակտիվության որոշակի աճը, թեև փորձում է կառավարությունը ներկայացնել, որպես սեփական գործունեության և իրականացվող քաղաքականության ուղիղ արգասիք, սակայն դա այդպես չէ։ Այստեղ մենք պետք է հաշվի առնենք մի քանի կարևոր գործոններ։ Առաջինը դա իհարկե Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ օպերացիայի արդյունքում Հայաստան եկած ՌԴ բնակչությունն է, որոնց թիվը տարբեր գնահատականներով կազմում է մոտ 75-80 հազար հոգի և, ինչպես գիտենք, դա տնտեսապես ակտիվ մարդիկ են, ովքեր լայն գործունեություն են ծավալում որոշ կարևոր ոլորտներում ինչպես, օրինակ, Բարձր տեխնոլոգիաներ, տուրիստական ոլորտ և այլն։ Այնպես որ նախ այդ տնտեսական աճը պայմանավորված է այդ գործոնով, քանի որ ՌԴ քաղաքացիները, ինչպես նաև մասամբ Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիները հիմնելով տնտեսվարող սուբեկտներ, ընկերություններ ինչը չէր կարող իր ուղիղ անդրադարձը չունենալ մեր ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա։ Երկրորդ կետն այն է, որ այդքան թմբկահարվող տնտեսական ակտիվությունը և ՀՆԱ աճը ուղիղ կապ չունեն մեր իրական տնտեսական վիճակի, մարդկանց կյանքի որակի և տնտեսական անվտանգության հետ, որովհետև երկու դեպքերում էլ մենք գործ ունենք առավելապես ոչ ռեալ այլ հիմնականում նոմինալ ցուցիչների և չափորոշիչների հետ։
Եվ երրորդ կարևորագույն գործոն է համարվում այն, որ այնուամենայնիվ լավ կլիներ ընդգծվեր և կառավարությունը ուշադրություն դարձներ այն հանգամանքին, որ տնտեսական աճի և ՀՆԱ-ի աճի հետ մեկտեղ, այնուամենայնիվ մեր տնտեսությունը շարունակում է մնալ առավելապես ծառայություններց և առևտրց կառուցված տնտեսություն։ Մեր տնտեսության շուրջ 51 տոկոսը առևտուրն ու ծառայություններն են, և եթե դա էլ փորձենք սեգմենտավորել ապա ակնհայտ է, որ դրա առյուծի բաժինը կազմում են տարբեր խաղային պլատֆորմեր՝ վիվառո, աջարաբեթ և այլն, որոնք ևս նպաստում են պայմանական տնտեսական ակտիվությանը բայց նաև բացասական հետևանք են ունենում և տնտեսության և ընդհանուր սոցիալական վիճակի վրա։ Ինչ վերաբերում է Վերին Լարսին, որի մասին խոսեց նախարարը, ակնհայտ է, որ Վերին Լարսի խցանումների վերացմանն ուղված գործունեությունը, որի մասին նրանք խոսում են, դա պարզապես հռետորաբանություն է, որովհետև հայկական կողմը շատ լավ տեղյակ է, որ Վրաստանը այսօր իրականացնում է շատ լուրջ ենթակառուցվածքային քաղաքականություն այդ ուղղությամբ, և այստեղ հայկական ազդեցության գործոնը չափազանց քիչ է այդ խթանումները կարգավորելու համար։
Այնուամենայնիվ, եթե խոսքը գնում է առևտրաշրջանառությանը՝ մասնավորապես բեռնափոխադրումներին, հատկապես Ռուսաստանի հետ, ապա ցանկացած տրանսպորտային քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի տարատեսակացման սկզբունքը և 2018 թվականից ի վեր, անձամբ ես և իմ գործընկերը, խոսել ենք այն մասին որ տրանսպորտային անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է նախ ակտիվանալ Սևծովյան կոմունիկացիաների ուղղությամբ և կառավարությանը բազմիցս կոչ ենք արել և կոչ ենք անում միջոցներ հատկացնել և ձեռք բերել երկաթուղային լաստանավեր, որոնք թույլ կտան էապես թեթևացնել Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը և խուսափել այն ռիսկերից, որոնք ձևավորվում են այս խցանումների արդյունքում։ Սակայն այս ուղղությամբ որևէ քայլ չարվեց։ Եվ այս համատեքստում ևս մեկ կարևոր բան կարող եմ ասել, Վերին Լարսի մասին խոսելիս, կարծում եմ, կառավարության ներկայացուցիչները ընդգծում են տրանսպորտային ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը, այն քաղաքականությունը, որն այսօր իրականացնում են գործող իշխանությունները, ցույց տալով, որ հենց ապաշրջափակումը ուղիների տարատեսակացումը տվյալ պարագայում և Վերին Լարսից կախվածության նվազեցումը կնպաստի տնտեսական աճի էլ ավելի բարձրացմանը»։
Խոսելով դոլարի փոխարժեքի տատանման և գնաճի ցուցանիշների մասին Վահե Դավթյանն ասաց․
«Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն ուղիղ ազդեցություն ունի մեր տնտեսության ակտիվության ցուցանիշների վրա։ Ինչպես քիչ առաջ ասեցի, որ ՀՆԱ-ն, որի աճը վերջին շրջանում ակտիվորեն թմբկահարվում է կառավարության կողմից, այն ունի առավելապես նոմինալ նշանակություն։ ՀՆԱ-ն լինում է ռեալ և նոմինալ և խոսելով նոմինալ ՀՆԱ-ի մասին կասեմ, որ որքան բարձր են գները շուկայում, այդքան ավելի բարձրանում է ՀՆԱ-ն, քանի որ այդտեղ որպես գլխավոր չափման միավոր դիտարկվում է դրամի շրջանառությունը և որքանով այն ավելի բարձր է այնքան ավելի բարձր են ՀՆԱ-ի արդյունքները, որը կարողանում է գրանցել կառավարությունը։ Սա պարզապես նոմինալ մոտեցում է, որը հակառակն իրականում այն է, որ ներկա պահին ՀՆԱ-ի նոմինալ աճը իրականում ռիսկային է, երբ որը խոսում է սոցիալտնտեսական շատ լուրջ խնդիրների մասին։
Ինչ վերաբերում է դոլարի և եվրոյի փոխարժեքներին ապա ակնհայտ է, որ դրանց նվազեցում, որին մենք հետևում ենք վերջին շրջանում, այն ակտիվացնում է տվյալ երկրների արտահանման ակտիվացմանը դեպի ՀՀ, այսինքն մենք շարունակում ենք ավելացնել ներկրումը, միաժամանակ շատ լուրջ խոչընդոտներ ենք ստեղծում Հայաստանից դեպի այլ երկրներ արտահանման համար։ Դրամի արհեստական ամրապնդման քաղաքականությունը մասամբ թույլ է տալիս այստեղ զսպել տնտեսական շատ խորքային ճգնաժամը, որովհետև առքը այստեղ կա, բայց գտնվում է որոշակի վերահսկողության տիրույթում, և իրականում խոչընդոտելով և խանգարելով արտահանմանը, մենք, բնականաբար, երկարաժամկետ կտրվածքով շատ լուրջ ռիսկերի ենք գնում։
Ցանկացած տնտեսություն կարող է արդյունավետ մրցակից լինել արտաքին շուկայում և այս առումով դրամաբյուջետային այն քաղաքականությունը, որը իրականացնում է ՀՀ-ն առավել աննպաստ պայմաններ ենք ստեղծում արտահանման համար»։
Սոնա Գիշյան

