Այս տեղով թուրքն է անցել. Անհապաղ պետք է արվի քաղաքական հայտարարություն և սկսել իրավական գործընթաց. Հայտնի փաստաբանը` թշնամու կողմից հերթական վանդալիզմի դրսեւորման մասին
ԻրավականՕրերս Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքում տեղեկություն հրապարակվեց, որ Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը:
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ թշնամին փորձում է ժամանակավորապես իր տիրապետության տակ գտնվող հայկական գյուղերում վերացնել հայկական հետքը: Ի՞նչ իրավական գնահատականի պետք է արժանանա հերթական վանդալիզմի դրսեւորումը հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, բազում աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով փաստեց.
-Սա առաջին դեպքը չէ, երբ հարեւան մելիքության կողմից ժամանակավորապես օկուպացված հայկական տարածքներում ոչնչացվում են հայկական պատմամշակութային արժեքները: Կարեւորում եմ նման դեպքերում, որ պետական լիազոր մարմինների կողմից տրվիր իրավական, քաղաքական, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական գնահատական: Այնքանով, որքանով այսօր միջազգային հարթակներում ՀՀ-ն եւ Ադրբեջանը փորձում են խաղաղ բանակցությունների տեսքով կնքել, այսպես ասած, խաղաղության պայմանագիրը, պարտադիր պայման եմ տեսնում, որ այդ համատեսքստում տրվի նաեւ նմանատիպ վանդալիզմի դրսեւորումների իրավական եւ քաղաքական գնահատականը: Ասեմ, որ միջազգային բոլոր իրավանորմերով պարտադիր պայման է դիտվում, որ անգամ պատերազմական, (իսկ այս դեպքում հետպատերազմական գործողություն է), պետք է բացառվեն նման վանդալիզմի դրսեւորումները:
Հայտի փաստաբանը նկատում է.
-Ակնհայտ է, որ հարեւան մելիքությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայկական տարածքներում ջնջի հայկական մշակույթը: Ժամանակին, եթե մենք տայինք իրավական եւ քաղաքական գնահատական Նոր Ջուղայում իրականացվող վանդալիստական դրսեւորումներին, ապա այսօր մենք չէինք ունենա այս դեպքը:
Ամփոփելով խոսքս, անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ արվի քաղաքական հայտարարություն եւ իրավական գործընթաց սկսվի` պատասխանատվության ենթարկելու հարեւան մելիքությանը: Հակառակ դեպքում, մենք վաղը ունենալու ենք հայկական այլ բնակավայրերում գտնվող պատմամշակութային արժեքների իսպառ ոչնչացում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

