«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության նշանաբանը. Բալասանյան
ՏեսանյութերԱշխարհաքաղաքական իրողությունների եւ հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
«ԽՆԴԻՐԸ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՈՐՔԱՆ` ՈՐԱԿԻ»
– Հայրենական մեծ պատերազմի տարեդարձին շատերը սպասում էին, որ Ռուսաստանը հայտարարելու է, որ 77 տարի անց կրկին հաղթեց ֆաշիզմին: Ի վերջո, հաղթանակը մո՞տ է, թե՞ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ երկար կտեւի:
– Կարծում եմ` հաղթանակն անկասկած լինելու է, բայց այն մոտ է, թե` հեռու, այս պահին կդժվարանամ նման կանխատեսում անել, ու երեւի պետք էլ չէ: Համենայնդեպս, ՌԴ համապատասխան մարմինները պարբերաբար հայտարարություններ են տարածում, որ գործողություններն ընթանում են` ըստ իրենց կողմից մշակված պլանի: Այստեղ խնդիրը ոչ այնքան արագության մեջ է, որքան` որակի, եւ որ հատվածը նրանք դենացիֆիկացնում են, ըստ իս, դենացիֆիկացնում են ընդմիշտ: Դրա համար պետք է մի փոքր համբերատար լինենք:
– Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության մեջ կետ կա, որտեղ կողմերը մտադրություն են հայտնել միասնաբար պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման եւ պատմության խեղաթյուրման դեմ: Այս ուղղությամբ ի՞նչ է անում Հայաստանը:
– Անկեղծ ասած, պետական գերատեսչությունների եւ պատասխանատու մարմինների կողմից իրականացվող ծրագրերին ծանոթ չեմ: Բայց, ամեն դեպքում, այն, ինչ այսօր անում է Արեւելյան Եվրոպան, փառք Աստծո, Հայաստանում չի արվում: Նկատի ունեմ նրանց պայքարը հուշարձանների եւ պատմական հիշողությունը ջնջելու ուղղությամբ: Մեծ հույս ունեմ, որ չնայած աշխարհաքաղաքական տարբեր իրողություններին եւ ակնհայտ ճնշումներին, որն այսօր բանեցվում են հետխորհրդային տարածքների վրա, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը եւ իշխանությունը տուրք չեն տա այդ ամենին ու կշարունակեն ջանասիրաբար պահել այն պատմական հիշողությունը, որը կա: Ի դեպ, ուրախացնող էր այն հանգամանքը, որ մայիսի 9-ին «Հաղթանակի» զբոսայգում մեծ թիվ էին կազմում երիտասարդները եւ երեխաները: Սա նշանակում է, որ պատմական հիշողությունն ապրում է եւ սերնդեսերունդ փոխանցվում, ինչը շատ կարեւոր է:
«ՈՎ ԷԼ ԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է»
– Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի իր ուղերձում նշել էր, թե «մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, այլ արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության»: Փաստորեն, ստեղծված իրավիճակի համար հիմա էլ մեղավորը զուտ ճակատագի՞րն է:
– Ցանկացած ազգ, ցանկացած ժողովուրդ իր արտաքին եւ ներքին քաղաքական ձախողումներում ունի իր մեղքի բաժինը: Չնայած աշխարհաքաղաքական իրողություններին եւ զարգացումներին` պետք է կարողանանք այնքան իմաստնություն ունենալ, որ չմտնենք այդ մեծ աշխարհաքաղաքական խաղի մեջ, այլ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին եւ մեր ազգային շահերին` անցնցում երկիրը տանենք դեպի զարգացման: Ընդ որում` խուսափելով այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք, ըստ էության, հիմնարար առումով չեն բխում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից:
– Այս օրերին փողոցում պայքարող ընդդիմադիրներն ասում են, որ իրենք չունեն գեոպոլիտիկ տերեր ու չեն փնտրում: Ըստ Ձեզ` կհաջողվի՞ առանց աշխարհի հետ հաշվի նստելու` առաջ տանել ազգային օրակարգ:
– Հայաստանի նման երկրները չեն կարող աշխարհի կարծիքի հետ հաշվի չնստել: Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է անպայման առաջ շարժվեն` հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք այսօր կան: Նկատի ունեմ ոչ միայն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, այլ նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ արձանագրությունները եւ դրանով ստանձնած պատասխանատվությունն ու պարտավորությունները: Դատելով մեր ընդդիմության հայտարարություններից` իրենք էլ չեն թաքցնում, որ եթե գան իշխանության, կամ ով էլ գա իշխանության, նոյեմբերի 9-ի արձանագրություններով ստանձնած պարտավորությունն իրականացնելու է, սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանագծում եւ սահմանազատում) լինելու է: Բայց այս ամենը պետք է լինի ՀՀ շահերին մաքսիմում համապատասխան եւ արժանապտիվ կերպով: Ընդհանրապես, առանց աշխարհաքաղաքական խաղացողների կարծիքը հաշվի առնելու, որեւիցե երկիր` լինի Հայաստանը, թե այլ պետություն, չի կարող ինքնուրույն ինքն իր համար զարգանալ: Այսօր գլոբալիզացիան այն մակարդակի է հասել, որ մեկը մյուսի հետ կապված են հազարավոր թելերով: Հետեւապես, ուղղակի անտեսել այդ ազդակները, հնարավոր չէ:
«ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»-Ը ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԲԱՆԸ»
– Իսկ այսօր վաստակե՞լ ենք իրավունքը` վստահաբար պնդելու, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», երբ Արցախի 75 տոկոսը հանձնված է, իսկ 15 տոկոսը պահպանում են ռուս խաղաղապահները:
– «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության նշանաբանը եւ հիմնական ուղղությունը: Պետք է ակտիվորեն աշխատենք այն պետության հետ, որն այսօր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում, որն, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է: Մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունն անպայման պետք է օգտվի Վլադիմիր Պուտինի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերջին հանդիպումից, երբ ՌԴ նախագահը հստակ նշեց միջազգային դատարանի նախադեպային որոշման մասին, որ ժողովուրդները կարող են ինքնորոշվել` առանց հաշվի առնելու այն պետության կարծիքը, որի տարածքում ինքնորոշվում են: Կարծում եմ` Կոսովայի հետ կապված այս նախադեպը մենք պետք է բարձրացնենք եւ Ռուսաստանի օգնությամբ հասնենք նրան, որ Արցախը երբեք ու երբեք չլինի Ադրբեջանի կազմում: Այս առումով այն հայտարարությունները, որոնք արվում են իշխանամերձ շրջանակների կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ, անընդունելի է:
– Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային պայքարի վերաբերյալ բավական չեզոք դիրք են գրավել թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը: Ինչո՞վ է սա պայմանավորված, եւ ի՞նչ հանգուցալուծում կարող է այս ամենն ունենալ:
– Արտաքին աշխարհի խաղացողներն այսօր սպասում են եւ ձգտում առավելագույնս չխառնվել Հայաստանի ներքին գործերին` շատ լավ իմանալով, որ միջամտությունը կամ կողմնակալ վերաբերմունքն այս կամ այն կողմի հետ կապված, հետագայում կարող է շատ վատ ազդեցություն ունենալ մեր ժողովրդի եւ տվյալ ուժային կենտրոնի միջեւ տրամադրությունների վրա: Դրա համար այսօր ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ ՌԴ-ն ակնհայտորեն սպասում են, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա ընդդիմության այս պայքարը: Ամեն դեպքում, ինչպիսի լուծում էլ լինի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունն իրենց քայլերում պետք է անպայման հաշվի նստեն միջազգային հանրության հետ` առավելագույնս պահպանելով մարդու իրավունքների եւ ազատությունների մասին ՄԱԿ-ի ընդունած հիմնարար որոշումները:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով` իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. «Նա ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»: Հետեւաբար, ըստ նրա, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միեւնույնն է, նրանք «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ծանոթ եմ առաջին նախագահի այդ հայտարարությանը: Այդտեղ, իհարկե, որոշակի բառախաղ կա: ՀՀ վարչապետը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի արձանագրությունը, ստորագրել է Հայաստանի հանրապետության անունից, բայց հանրապետությունը չի գնացել ու ստորագրել: Սա նշանակում է, որ պատասխանատվությունն ընկնում է այն անձի վրա, ով այդ պահին ստորագրել է տվյալ փաստաթղթի տակ: Ինչ վերաբերում է նրան, թե ով էլ լինի վարչապետ «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին», սա նույնպես համարում եմ բառախաղ եւ համաձայն չեմ դրա հետ: Ցանկացած պետություն հաղթում էլ է, պարտվում էլ է, նորմալ երեւույթ է: Այստեղ կարեւորն այն է, որ պարտված վիճակում էլ կարողանանք արժանապատիվ կերպով եւ նվազ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Անգլիացիները սրա հետ կապված շատ լավ խոսք ունեն, ասում են` «պետք է այնպես անենք, որ նույնիսկ վնասից կարողանանք օգուտ քաղել»: Այս տրամաբանությամբ է պետք շարժվել եւ օգտվել Ադրբեջանի այն հակասական հայտարարություններից, որոնք նրանց նախագահն անընդհատ անում է` քարտեզների հետ կապված: Այդ հայտարարությունները պետք է ցույց տալ ռուս գործընկերներին եւ փորձել առավելագույնս հասնել նրան, որպեսզի ՌԴ գլխավոր շտաբի սեղանին դրվի այն քարտեզը, որն առավելագույն կերպով ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=226428&l=am/