Եթե մտել ես խորհրդարան եւ հրաժարական ես պահանջում, պետք է մնաս պահանջատեր հենց նույն տեղում. Աբրահամյան
ՏեսանյութերՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին, երթերին ու ակցիաներին մասնակցում է նաեւ այս օրերին Հայաստանում գտնվող հայտնի միջազգայնագետ ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք նրա հետ:
«ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ՄԻ ԳԾՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է` Ո՛Չ ԻՆՁ, Ո՛Չ ՔԵԶ»
– Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի փոխարեն` ընդդիմադիր պատգամավորները ընթերցեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու դուրս եկան դահլիճից` միանալով Բաղրամյան պողոտայում հավաքվածներին: Իսկ իշխանական պատգամավորները, Փաշինյանի «դիրիժորությամբ» ոգեւորված, ծափ տվեցին իրենք իրենց ու ցրվեցին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Այդ կերպարը կրկին ստերի տոպրակը բացել էր ու խոսում էր նախկիններից: Սա նշանակում է, որ նա քաղաքական օրակարգ չունի: Միակ բանը, որ ունի` վախն է: Այդ վախը նա կարողանում է վերահսկելի դարձնել, երբ նստած է իշխանական աթոռին, եւ իր ձեռքում են բոլոր իշխանական լծակները: Այսինքն` նա բռնապետիկ է, մինի Էրդողան: Ու ինչպիսի՜ խղճուկ տեսարան էր, երբ իր «ուսապարկերը» կանգնել ու ծափ էին տալիս նրան: Այս ամենն ինձ հիշեցնում է Թուրքմենստանը, որտեղ երկրի ղեկավարի սրտի ուզած տեմբրով են ծափահարում ու անպայման ձեռքները բարձր: Չէ՞ որ տեսախցիկները ֆիքսում են, եւ հետո բռնապետը նստելու է եւ նայի, թե ով ինչ ուժգնությամբ էր ծափ տալիս: Այս մարդն առողջ չէ, ուղղակի, ծիծաղելի է:
– Իսկ որքանո՞վ էր ճիշտ ընդդիմադիր պատգամավորների կողմից առհասարակ վերադառնալ խորհրդարան, մարդկանց էլ բերել ԱԺ շենքի առջեւ, բայց հետո դուրս գալ ու գնալ երթի, ինչը Նիկոլ Փաշինյանը որակեց` իբրեւ փախուստ:
– Մեր հայազգի ծագմամբ գեներալ Սուվորովն ասում էր` ահաբեկիչների կամ թուրքերի հետ չեն բանակցում, ահաբեկչի հետ չի կարելի իր սահմանած օրացույցային օրակարգով շարժվել: Չի՛ կարելի ասել` ինքը մայիսի 4-ին գալու է ու խոսի, ուրեմն` մենք էլ գնանք այսինչ բանն անենք:
Երկու կողմի` իշխանությունը զավթածների ու ազգային ազատագրական պայքար մղող ընդդիմադիր ուժի վարքագծում ոչ մի տարբերություն չկա:
Ընդդիմությունը ներկայացրեց հրաժարականի տեքստը, հետո դուրս եկավ եւ Բաղրամյան պողոտայից խելոք գնաց դեպի Դեմիրճյան փողոց, որպեսզի երթ իրականացնի: Չկա այդ մի բեկումը, որը որակական տարբերություն կստեղծի այս լարված մթնոլորտում: Հոգեբանորեն ինչ-որ լարվածության մակարդակ է կախված Երեւանի վրա, որը կայուն մի գծում էլ մնացել է` ո՛չ ինձ, ո՛չ քեզ: Բայց դրանից ո՛չ հասարակության խնդիրներն են լուծվում, ո՛չ Արցախի հարցում շրջադարձ ենք տեսնում, այլ տեսնուն ենք, որ թուրքը, օգտագործելով առիթը, շատ հմուտ կերպով ներթափանցում է մեր իրողություն: Եվ Հայաստանին եւս սպառնում է նույն ճակատագիրը, ինչպես Արցախին: Նրանք կանգ չեն առնելու: Հետեւապես, եթե դու մտել ես խորհրդարան եւ հրաժարական ես պահանջում, պետք է մնաս պահանջատեր հենց նույն տեղում: Պետք է շրջափակես Ազգային ժողովը, եւ կար այդ հասարակությունը, որը կարող էր փակել ու ոչ մի տեղ չգնալ: Այդ ժամանակ թող ընդդիմությունն ասեր, որ երբ հրաժարականի պահանջը կբավարարես, հետո կտեսնենք, թե դրան հաջորդող տրամաբանական գործընթացի շրջանակներում ինչպես ենք ձեզ հետ վարվելու: Միջազգային մամուլն էլ կանդրադառնար, միջազգային կառույցներն էլ, դեսպանատներն էլ կարձագանքեին: Ասեմ ձեզ, որ այս քաղտեխնոլոգիան հարգվում է բոլորի կողմից:
«ԻՆՉՈ՞Ւ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ՑՈՒՅՑ ՉԿԱ, ՉԻ՞ ԿԱՐԵԼԻ»
– Կարծում եք` խորհրդարանի շենքում տեղակայված դիպուկահարների ներքո նման կերպ վարվելն արդյունավե՞տ կլիներ:
– Ընդամենը պետք է նստացույց անել այնտեղ ու ոչ մի տեղ չգնալ: Իսկ ինքն իրավունք ունի՞ դիպուկահար դնել այնտեղ: Դրա համար պետք էր միեւնույն ժամանակ գնալ ԱՄՆ դեսպանատան, ԵՄ ներկայացուցչության շենքի դիմաց եւ անել հսկայական ակցիաներ: Չի՛ կարելի ասել, որ խնդիրը միայն սա է: Նա ունի հովանավորներ ու օգնողներ: Ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատան առջեւ ցույց չկա, չի՞ կարելի: Այնտեղ պետք է գնալ եւ պահանջագրեր հանձնել, թեկուզ երթերի ժամանակ: Ասել, որ այսինչ թվի պետք է հասնի ցուցարարների քանակը, նոր Նիկոլը խղճի խայթ կունենա ու հրաժարական կգրի, այդպես չի լինելու, որովհետեւ ինքն իր գլխի տերը չէ: Իր գլխին կանգնած են ԱՄՆ-ն եւ մյուսները: Իսկ մենք դառնում ենք ԱՄՆ-ի եւ մյուս երկրների ձեռքին գործիք, որովհետեւ լարվածությունը մնում է օդում կախված, ու ոչ մի խնդիր չի լուծվում: Իրենց այդ լարվածությունը, քաոսը շատ ձեռնտու է, եւ դրանից քաղաքական մեծ դիվիդենտներ են ստանում: Այդ դեպքում մենք էլ պետք է մի քիչ դժվարացնենք իրենց համար քաղաքական դիվիդենտներ ստանալը եւ ասենք` դուք մեզ ի՞նչ եք տալիս դրա դիմաց: Ոչինչ չեք տալիս ու ամեն ինչ եք վերցնում:
– ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով` այս օրերին փողոցում ընդդիմությունը միայն կոչեր ու կենացներ է հնչեցնում Արցախի առողջության համար, բայց բանը դրանից չի անցնում: Նա հարց է բարձրացնում, թե Երեւանի փողոցներում Արցախի դրոշը կախողները ինչպե՞ս են անելու, որ «Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում»:
– Ցանկացած ուսապարկի, թեկուզ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մասին երբ խոսում են, իմ մոտեցումը հետեւյալն է` ես ահաբեկիչների հետ չեմ բանակցում, իրենց ասածն ինձ համար որեւէ հիմնավորում չունի: Չի կարող Արցախը հանձնածը մյուսին ասել, թե «ինձ կարո՞ղ ես ասել ինչպես չես հանձնելու», հատկապես, որ իրենք դեռ շարունակում են հանձնել: Նա չունի բարոյական իրավունք դիմացինին ասել, թե «ինչպե՞ս ես դու անելու, որ ես չհանձնեմ»: Ընդդիմությունը ճիշտ է անում, որ ասում է` նախ դուք պետք է հեռանաք իշխանությունից, որովհետեւ այդ դեպքում կունենանք արտաքին քաղաքական գիծը տանող միանգամայն այլ կազմ, որը բաղկացած կլինի այն դիվանագետներից, ՊՆ-ի եւ ԱԱԾ-ի այն մասնագետներից, որտեղ չեն լինի Թուրքիային եւ Ադրբեջանին շարունակաբար տեղեկատվական արտահոսք ապահովող գործակալներ: Պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից Ադրբեջանի ապօրինի հենակետերը, նոյեմբերի 9-ի հայտարարության եւ մյուս փաստաթղթերի հետ կապված պետք է վարվի այլ որակի բանակցություն, ԵԱՀԿ եռանախագահողների հետ` այլ, ՌԴ-ի եւ Իրանի հետ` այլ: Անցումային ժամանակավոր կառավարությունը մաքրելու է պետական ապարատի շարքերը ցանկացած պրոթուրքական ուժից: Հետեւապես, թուրքերի հետ գործարքի գնացողները, հողեր հանձնողները, երկիրը պրոՆԱՏՕական «պոլիգոն» դարձնել խոստացողները չունեն այդքան բարոյական կամ իրավական հիմք, որ մի հատ էլ հարց տան, թե ինչպես չեք հանձնելու:
«ԼԱՈՆ ԱՐԹՈՒՆ Է ՈՒ ԵՐԲԵՔ ԷԼ ՔՆԱԾ ՉԻ ԵՂԵԼ»
– Այդուհանդերձ, այսօր մի ստվար զանգված կա, որը, մերժելով այս իշխանությանը, չի միանում նաեւ ընդդիմության փողոցային պայքարին, որովհետեւ նախ ուզում է իմանալ` ովքե՞ր են լինելու անցումային կառավարությունում: Չե՞ք կարծում, որ ժամանակն է` անուններ տալու:
– Այդ մարդիկ իրենց դրել են Անտանտայի տեղը, որը Ստալինգրադի պատերազմի ժամանակ սպասում էր, թե որ մեկն է առաջ գնալու, որ նրա հետ էլ հարմարվեին: Ասում են` այսինչին չենք ուզում, բայց այնինչին էլ չենք ուզում: Բայց իրենց ուզել-չուզելը չի նշանակում, որ իրենք ուզող չեն ունենալու: Եթե անգամ դու քաղաքականությամբ չես զբաղվում, չի նշանակում, որ քաղաքականությունը քեզնով չի զբաղվելու, գեոքաղաքականությունը` առավել եւս: Այդպիսի պահվածքով, ի վերջո, դառնալու են հլու-հնազանդ գործիք` Թուրքիայի ձեռքին, այդ տեսակը թուրքի երազած հայն է: Այնպես չէ, որ արաբական կուսակցությունները` լինի Իրաքում, Սիրիայում, թե Լիբանանում, ուշքներն իրար համար գնում է: Բայց իրենց համար արժանապավության խնդիրն առաջին տեղում է: Ես եթե ընդդիմադիր քաղաքական ուժ լինեի, թույլ չէի տա, որ դավաճանություն գործած, Եռաբլուրը եռապատկած, Արցախի 70 տոկոսը հանձնած, այսօր Զանգեզուրն ու Գեղարքունիքը հանձնող ուժն իրեն համարեր ինձ հավասար, որ մի հատ էլ հարց բարձրացներ, ես էլ պատասխանեի:
– Տիկին Աբրահամյան, էլ ի՞նչ պետք է լինի, որ Լաոն վերջապես զարթնի, ինչն արդեն տեւական ժամանակ հնչում է Ֆրանսիայի հրապարակում ու երթերի ժամանակ:
– Լաոն արթուն է, երբեք էլ քնած չի եղել: Ես այդ կոնցեպտին դեմ եմ: Հատկապես 2020-ի նոյեմբերի 9-ից հետո` Լաոն շատ արթուն է եւ առնվազն 5 դեպքերում այնքան արթուն է եղել, որ կարող էր գնալ եւ անել այն, ինչ ճիշտ էր գտնում: Դրա համար հարկավոր է, որպեսզի ընդդիմությունն ականջալուր լինի հասարակության արդարացի պահանջին եւ հասկանա, որ հանուն հայրենիքի պահանջով իրենք պարտավոր են իրականացնել ճիշտ գործողություններ: Մեր թիվ մեկ խնդիրն իշխանափոխությունն է, որից հետո` նոր կարող ենք օրակարգի որոշակի բովանդակային հատվածների քննարկումներ կազմակերպել, որին չի կարող մասնակից լինել թուրքադավ ուժը: Հիմա պատմական օրեր են, եւ յուրաքանչյուր հայ, ով հնարավորություն ունի Հայաստանում գտնվելու, պետք է գա այստեղ: Սա այն եզրագիծն է, որից ուղղակի նահանջի տեղ չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

