Կարող է բարձրացվել նաեւ Սյունիքում ռուսական 103-րդ ռազմաբազայի տեղակայման հարց. Բաբայան
ՏեսանյութերՌեֆորմիստների կուսակցությունը կազմակերպել էր կոնֆերանս` Արցախի ապագայի եւ այնտեղ ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ, որի հատուկ հյուրերն էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը եւ միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ հիշեցրեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ըստ էության, սկսել է խոսել ռուս խաղաղապահների դերի իջեցման մասին, թե կարող են խնդիրներ առաջանալ Արցախում` ռուս խաղաղապահների ներկայության հետ կապված:
– Նա խոսում միջազգային կոնտիգենտի, նորվեգացիների, թե չգիտեմ ում մասին` մոռանալով, որ Արցախի միակ երաշխավորն այսօր ռուս զինվորն է` խաղաղապահ զորախումբը, որը գտնվում է այնտեղ եւ ապահովում արցախահայության կենսական անվտանգությունը: Ի տարբերություն շատերի, ովքեր այսօր չեն գիտակցում այս պարզ ճշմարտությունը` մեր կոնֆերանսին ներկա գործընկերները շատ լավ հասկանում են, որ այսօր ամեն կերպ փորձ է արվում հակառուսական տրամադրություններ հրահրել, որն ի վերջո նույնիսկ կարող է հանգեցնել ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցն օրակարգ մտցնելուն: Մինչդեռ նույն այդ ռուսական ռազմաբազայի գոյությունն իրականում մեր անվտանգության երաշխավորն է: Ավելին` ապագայում կարող է բարձրացվել նաեւ Սյունիքում ռուսական 103-րդ ռազմաբազայի տեղակայման հարց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ունենա լրացուցիչ անվտանգության երաշխիքներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

