Մեր գերիների մեծ մասն Ադրբեջանին են հանձնվել` հողերի հետ միասին. Լարիսա Ալավերդյան
ՏեսանյութերԱրցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հարազատները երեկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջեցին Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանք առաջադրել` դեռեւս տասը ամիս առաջ հարուցված քրեական գործով, եւ անհապաղ կալանավորել: Գլխավոր դատախազությունը խոստացավ ներկայացված պահանջին պատասխանել այսօր` գրավոր հայտարարությամբ: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ասաց, որ սա շատ կարեւոր պահանջ է զոհերի ծնողների ու հարազատների կողմից:
– Բոլորն, ըստ արժանվույն, իրենց գործած մեղքերին համաչափ պետք է պատժվեն: Այս իշխանության զուտ հեռացումը բավարար չէ, որովհետեւ կստացվի, թե ինչ արել, արել են, հիմա ուղղակի կարող են հեռանալ: Ավելի կողմնակից եմ, որ ամենախիստ եւ ամենակոռեկտ իրավաբանական հիմքերով այս գործը քննվի, որովհետեւ տեղի է ունեցել անգործությամբ կամ սխալ գործողություններով զանգվածային մարդու իրավունքների ոտնահարում: Թեպետ խոստավանենք, որ այն, ինչ ասում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, խոսում է ոչ թե այս կամ մյուս տարբերակի մասին, այլ հակառակը` եւ-եւի: Հստակեցնեմ` այդ անձի հայտարարությունները խոսում են այն մասին, որ պատերազմի ընթացքում գործելու անհրաժեշտության ժամանակ չեն գործել, իսկ այն դեպքերում, երբ գործել են, ամբողջովին եղել է սխալ եւ հակառակ այն մարտահրավերներին, որոնք կային: Սա մարդու իրավունքների լեզվով բավականաչափ է, որ բնութագրենք, բայց իրավաբանական առումով անհրաժեշտ է, որպեսզի գլխավոր դատախազն իր խոսքը պահի: Նա ասել է, որ դեռ մեկ տարուց ավել է, մի գործ է հարուցել, բայց այսքան երկար հապաղելը եւս խոսում է ոչ համաչափ գործողությունների մասին, որն այսօր ցուցաբերում է գլխավոր դատախազությունը: Պետք է բոլոր իրավապահ մարմինները հստակ հասկանան` իրենց ցանկացած հապաղումը միայն մի բան է նշանակում` իրենք եւս սպասարկում են նրանց, ովքեր հստակ գործել են հանցագործություններ, որոնք իրենց հատկանիշներով նկարագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 28-րդ գլխում, որը կոչվում է պետական ավտանգության եւ սահմանադրական կարգի դեմ հանցագործություն: Համոզված եմ` բավականին շատ ապացուցողական բազա կա եւ մնում է հուսալ, որ գլխավոր դատախազն ու իր թիմը չեն չդառնա եւս մասնակից այս հանցագործության:
– Բաքվում այս օրերին տեղի են ունենում ակցիաներ` պահանջելով Զանգեզուրը: Ի՞նչ է սա նշանակում եւ արդյոք տեսնում եք վտանգ` նոր տարածքների զիջման:
– Հայաստանում 2018 թվականին իշխանության եկած թիմը հենց իսկզբանե հստակ ծրագիր եւ նպատակ է ունեցել` Արցախը ամբողջովին եւ միանգամից հանձնել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ, որը կլինի ամբողջովին զրկված սուվերենությունից: Այսինքն` ճիշտ այնպես, ինչպես զրկված է այսօր սուվերենությունից Ադրբեջանը: Գաղտնիք չէ, որ այս պատերազմում հաղթել է Թուրքիան, որն էլ հենց ծրագրել էր, ղեկավարում էր եւ արձանագրում արդյունքները: Իսկ Թուրքիան անթաքույց դարեր շարունակ ունի մի նպատակ` ավարտել հայերի ցեղասպանությունը` ոչ միայն Արեւմտյան, այլեւ` Արեւելյան Հայաստանում ու այլուր: Եվ այն, որ Թուրքիայի ԱԳ նախարար Չաուշօղլին Ուրուգվայում իրեն պահել է ինչպես փողոցային մեկը` ցույց տալով «Գորշ գայլերի» ժեստը, խոսում է այն մասին, որ ցեղասպանությունը ոչ թե առանձին գազանների ձեռքի գործն է` լինեն «գորշ գայլերը», թե ուրիշ, այլ սա պետական քաղաքականություն է: Այդպիսի ժեստը ոչ թե պատահականություն է, այլ Թուրքիան դրանով պարծենում է` համարելով, թե հերթական հաղթանակն է տարել` իր թիվ մեկ ծրագրային նպատակին հասնելու համար: Այսինքն` ամբողջովին ոչնչացնել հայերին` ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլ ամենուր: Երբեւիցե չպետք է մտածել, թե Ադրբեջանը, որը ստրուկն է եւ վասալը Թուրքիայի, բավարարվելու են որոշակի տարածքներ ստանալով: Խնդիրը շատ պարզ նկարագրել է 1920 թվականին Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարարը, որը դիմելով ճակատներից մեկի հրամանատարին` գրել է. «Շարունակեք խաբել հայերին եւ եվրոպացիներին` մեր կեղծ խաղաղասիրությամբ, բայց անշեղորեն կատարեք մեր նպատակին հասնելու համար բոլոր գործողությունները` այն է ոչնչացնել հայերին` ֆիզիկապես եւ քաղաքականապես»: Այսօր կարող ենք ասել, որ տեղի է ունենում հենց սա:
– Հիմա գրեթե չի խոսվում գերիների մասին: Անգամ միջազգային հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններում եւ հայտարարություններում այդ մասին խոսք չկա: Ի՞նչ կասեք այս մասին:
– Նախեւառաջ նրանք այն գերիները չեն, որոնք ունեինք առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ ամեն մի գերու եւ անհայտ կորածի մասին կարելի էր վեպեր գրել, որովհետեւ հերոսամաևրտի ժամանակ տեղի ունեցած այս կամ այն դեպքն է: Այսօրվա մեր գերիների մեծ մասը Ադրբեջանին են հանձնվել` հողերի հետ միասին: Ինչքան էլ հրեշավոր է թվում այս միտքը, բայց սա եւս եղել է պայմանավորվածությունների մի մասը: Առնվազն այստեղ չի կարելի կասկածել, որովհետեւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո` ջոկատները մնում էին Քարվաճառում եւ այլ շրջաններում: Այս առումով` նրանք իսկզբանե նախատեսվել են, կներեք, բայց որպես քաղաքական ցուցադրական առեւտրի օբյեկտներ: Այսինքն` պատահական չեն այդ մարդիկ հայտնվել գերության մեջ: Մի քանիսը գերությունից վերադարձվել են այն վիճակում, որը պահանջում էր, որպեսզի պետական մակարդակով սկսվեին դատական գործողություններ: Մենք գիտենք, որ մեր պանծալի իրավաբանները մեծ աշխատանք են անում, բայց այսօր ինչպե՞ս խոսել գերիների վերադարձի մասին, երբ տեսնում ենք, որ այս իշխանություններն ամեն իրենց քայլը համաձայնեցնում են եւ սպասարկում թուրք ադրբեջանական ցեղասպանական ծրագրերին ու նպատակներին: Կարծում եմ` չունենք հիմքեր մտածելու, որ այդ հարցը դեռ մնում է քաղաքական օրակարգում: Իհարկե, չի բացառվում, որ մի այլ ավելի խարդախ քայլ անելու ժամանակ այս իշխանությունները` պայմանավորված Ադրբեջանի հետ` գերիների եւս մի խումբ բերեն, որոնք արդեն մշտական վերականգնողական աշխատանքների կարոտ են: Էլի եմ կրկնում` այս վիճակը մի կողմից ամբողջովին հակասում է հումանիտար միջազգային իրավունքին, մյուս կողմից այսօրվա իշխանությունները անում են ամեն ինչ մտածված եւ համաձայնեցված` թուրք-ադրբեջանական գործիչների հետ միասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=225332&l=am/