Ձախ Հարութի երեւանյան համերգին կհնչեն հին ու նոր ստեղծագործություններ
Արխիվ 16-20Մայիսի 20-ին Երեւանում հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա վայելելու ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի`Ձախ Հարութի հին ու նոր ստեղծագործությունները, որոնք կհնչեն արտիստի մենահամերգի ժամանակ: Համերգը տեղի կունենա Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որի ընթացքում երգիչը հանդիսատեսին կմատուցի նաեւ անկնկալ երգեր: Երեկոյին կմասնակցեն նաեւ անսպասելի հյուրեր, որոնց մասին առայժմ ոչինչ չեն ասում:
Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երեւանում: Հայտնի է նաեւ «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երեեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետեւ` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո, թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային եւ այլ կատարումներ:
1988թ. մեծ համերգային ծրագրով հանդես է եկել Երեւանի «Հրազդան» մարզադաշտում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաեւ աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արեւելք, Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

