«Էխո Մոսկվի». Լապշինի գործը կարող է սարսափելի նախադեպ դառնալ Ռուսաստանի քաղաքացիների համար
Արխիվ 16-20Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը կարող է սարսափելի նախադեպ դառնալ Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այս մասին ասել է «Էխո Մոսկվիի» հաղորդավար Յուլյա Լատինինան։
Նա հիշեցրել է, որ Լապշինի ամբողջ մեղքն այն է, որ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ հետո այցելել Ադրբեջան։
«Ավտորիտար պետությունը, որը Ռուսաստանի հաշվին է ապրում, նրա վրա ոտքերն է սրբում։ Սա սարսափելի հարված է Ռուսաստանի վարկանիշին։ Եվ սարսափելի նախադեպ։ Քանի որ Ուկրաինան կարող է միջազգային հետախուզում հայտարարել Ղրիմ այցելած բոլոր ռուսաստանցիների նկատմամբ»,– ասել է Լատինինան՝ հիշեցնելով, որ Լապշինը նաեւ Իսրայելի քաղաքացի է, եւ հենց այդ երկիրն էլ ջանքեր է գործադրում իր քաղաքացուն ազատելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին դեմ էին արտահայտվել Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու արտահանձնմանը՝ մատնանշելով խոսքի ազատության իրավունքին հետեւելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
https://iravunk.com/sim/?p=21852&l=am/

