«Մերժվածը» հեռուստասերիալի հերոսները կադրից դուրս (Մաս 1-ին)
Արխիվ 16-20Հայ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված, կարելի է ասել, տան անդամ դարձած «Մերժվածը» հեռուստասերիալի հերոսների իրական կյանքը պակաս հետաքրքիր չէ: Ավելին՝ նույնիսկ մի հնդկական կինո էլ կարելի է նկարահանել նրանց կենսագրության հիման վրա:
Պարզվում է՝ հեռուստասերիալի հերոսը՝ Վիրը՝ մոդել, պարող եւ դերասան ՆԱՆԴԻՇ ՍԱՆԴՈՒՆ, իրականում ամուսնացած է ՌԱՇԱՄԻ ԴԵՍԱՅԻ հետ, որը նույն ինքը՝ հեռուստասերիալի վատ աղջիկն է՝ Տապասիան: Նրանք ամուսնացել են 2012 թվականի փետրվարի 12-ին:
Նանդիշի եւ Ռաշամիի սիրավեպը սկսվել է ոչ թե «Մերժվածը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, այլ հնդկական հեռուստաալիքներից մեկի պարային մի նախագծի շնորհիվ: Այս նախագծում Նանդիշն ու Ռաշամին հանդես են եկել որպես պարընկերներ եւ միմյանց հրապարակային սիրո խոստովանություններ հղել:
«Քո ժպիտը միակ ոգեշնչման աղբյուրն է: Քո ձայնը իմ միակ ցանկությունն է: Քո սերը իմ միակ
երջանկությունն է», - ի լուր աշխարհի Նանդիշին ասել է Ռաշամին: Նույնպիսի խոսքեր էլ Նանդիշն է շռայլել Ռաշամիին՝ ընդգծելով, որ իր կյանքն անիմաստ է առանց նրա ժպիտի, ձայնի ու սիրո. «Ամեն օր Ռաշամին ստիպում է ինձ զգալ մի բան, որը չեմ կարող արտահայտել բառերով»:
Եվ մի օր էլ Նանդիշը հեռուստաալիքների մասնակցությամբ՝ անակնկալ է պատրաստում Ռաշամիի համար:
Դերասանուհուն աչքերը փակ բերում են մի շքեղ զբոսանավի վրա, որտեղ Նանդիշը ծնկաչոք ամուսնության առաջարկություն է անում Ռաշամիին: Իսկ հետո նրանք ամուսնանում են:
Ի դեպ, Նանդիշն ու Ռաշամին կամ, ինչպես հեռուստադիտողը կասեր՝ Վիրն ու Տապասիան, եթե հեռուստաէկրաններին խիստ տարբեր են, ապա իրական կյանքում շատ նման են: Օրինակ, սիրված դերասան Նանդիշի համար աշխարհը մի կողմ է, իր տատիկը՝ մի կողմ,
իսկ Ռաշամին նույնպիսի ջերմությամբ սիրում է իր պապիկին: Իսկ ամուսնու տատիկին ընդունում հարազատի պես:
Իհարկե, շատ հեռուստադիտողներ կարդալով վերոգրյալը՝ կհարցնեն՝ իսկ ո՞վ է իրական կյանքում Իչակին՝ հայտնի հեռուստադերասանուհի ԹԻՆԱ ԴԱԹԹԱՆ: Նա Նանդիշ եւ Ռաշամի զույգի ընտանիքի լավ ընկերն է, ընդորում՝ շատ մտերիմ Տապասիայի՝ Ռաշամիի հետ, ինչի մասին մի առիթով դերասանուհին շեշտել է.
«Հեռուստաէկրաններից այն կողմ իմ ընկերությունը հիասքանչ Թինայի հետ մշտապես կմնա նախանձելի ամենքի համար»:
Առաջին հայացքից աստղային այս ընթանիքին թվում է, թե ոչինչ չէր կարող խանգարել երջանիկ լինելու համար: Սակայն, ամուսնությունից տարիներ անց՝ 2015 թվականին, կտրուկ շրջադարձ տեղի ունենում: Ողջ հնդկական լրատվամիջոցները սկսում են գրել, որ Նանդիշն ու Ռաշամին պատրաստվում են բաժանվել:
Տեղեկությունը չհերքեցին նաեւ հենց իրենք՝ Նանդիշն ու Ռաշամին, որոնք որոշել էին փրկել իրենց ընտանիքը՝ հեռուստատեսային ռեալիթի-շոուի միջոցով: Համենայնդեպս, իր հարցարզույցներից մեկում այդպես էր ասել Նանդիշը: Իսկ իր անձնական կյանքի մասին Ռաշամին սովորաբար մերժել էր որեւէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ ժամանակ չունի զրուցելու լրագրողների հետ, քանի որ նկարահանումներից հետո քնում է:
Առհասարակ, Նանդիշ Սանդուն, որը բավական երիտասարդ հասակում դարձել է հայտնի մոդել, անկրկնելի պարող եւ նաեւ կերտել մի քանի կերպարներ, որոնք սիրվել են ոչ միայն Հնդկաստանում, այլ նաեւ աշխարհում, ամենալուրջ հարցերում կարող է իրեն երեխայի պես դրսեւորել: Այս մասին փաստում են մի շարք հնդկական լրատվամիջոցներ: Բավական է նշել, որ Ն. Սանդուն անկեղծանալով իր հարցազրույցներից մեկում՝ ասել էր. «Երբեք թույլ մի տուր, որ քո մեջ չարաճճի երեխան մահանա»: Եվ իրենց ամուսնությունը փրկելը մանկամտաբար Նանդիշը համարում էր հնարավոր: Մինչդեռ Ռաշամին երկրորդ անգամ դիմեց դատարան եւ նրանք բաժանվեցին:
Թեպետ ամուսնալուծության պատճառների մասին, այդպես էլ աստղային զույգը չբարձրաձայնեց, բայց ԶԼՄ-ների պնդմամբ՝ դա տեղի ունեցավ բացառապես Նանդիշի պատճառով, ով բացահայտ դավաճանում էր Ռաշամիին: Նա դեռեւս չէր բաժանվել Ռաշամիի հետ, երբ ռեստորաններ էր այցելում թեւանցուկ հայտնի մոդել ԱՆԿԻՏԱ ՇՈՐԵՅԻ հետ: Իսկ հպարտ Ռաշամին, որը դուստր էր պարգեւել Նանդիշին, չէր կարող աչք փակել այդ ամենի առաջ: Եվ չնայած Նանդիշը շարունակում էր պնդել, որ իրենց ամուսնալուծության պատճառը Անկիտան չէ, Անկիտա Շորեյը երջանիկ է՝ համարելով Նանդիշին մեր օրերի Ռաջ Կապուրը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

