Հանրահավաքը բազմամարդ է լինելու, որովհետեւ ժողովրդի համբերության բաժակը լցվել է. Մարկոս Հարությունյան (Տեսանյութ)
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՄԱՐԿՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց ոչ միայն քաղաքային խնդիրների, այլ նաեւ ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ:
«ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ»
– Պարոն Հարությունյան, եթե այլ քաղաքական ուժեր պատրաստվում են թեժ աշնանը, թեժ ամառ էր ԲՀԿ-ում: Նկատի ունեմ բողոքի ակցիաները, որոնք տեղի էին ունենում ԱԱԾ-ի դիմաց` ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի: Դրանից հետո Ձեզ հրավիրում էին Քննչական կոմիտե` պարզելու, թե, ի վերջո, ո՞վ էր այդ ակցիաների կազմակերպիչը: Հետաքրքիր է` ինչո՞վ այս ամենը ավարտվեց, «այցելությունները» Քննչական կոմիտե շարունակվո՞ւմ են:
– Երբ հրավեր եմ ստանում, պարտադիր այցելում եմ Քննչական կոմիտե, որպեսզի հասկանամ, թե այս անգամ ինչ նոր բաներ են մոգոնել ու «հայտնաբարել» թե՛ իմ անձի շուրջ, թե՛ իմ թիմի վերաբերյալ: Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա դրանք հստակ կարող եմ ասել, որ ինքնաբուխ էին, թեպետ Քննչական կոմիտեն մինչեւ օրս էլ փորփրում եւ ցանկանում է գտնել կազմակերպիչներ: Երբ առաջին անգամ հարցաքննության եմ մասնակցել, ի պատասխան քննիչի հարցին, թե ում կողմից էր այդ ցույցը կազմակերպված, հստակ պատասխանել եմ, որ` Նիկոլ Փաշինյանի: Երկրի վարչապետը լավ պետք է հասկանար, որ երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին «կպնելով»` այդ քաղաքական ուժը ոտքի էր կանգնելու, ամենեւին մեզ չէր հետաքրքրելու համաճարակի ո՛չ կանոն եւ ոչ մի նորմատիվ: Վերջիվերջո, չի՛ կարելի «կպնել» մի մարդու, ում ոչ մի բանում չեն կարողանում մեղադրանք առաջադրել: Համենայնդեպս, մենք նաեւ այդ ամենը տեսանք դատարաններում, որ չկարողացան հիմնավորել: Այդ թեժ ամառ ասվածն ինձ համար այնքանով էր, որ ուղղակի տպավորություն էր, թե մասկի շոու ենք խաղում, որովհետեւ մեզ բերման էին ենթարկում ոստիկանական բաժանմունք, այնտեղից հետ էինք գալիս, ու երկու րոպե չանցած` առանց որեւիցե պահանջ ներկայացնելու, նորից բերման էին ենթարկում: Ուղղակի, զարմանում էինք եւ հարցնում` ձեր պահանջը ո՞րն է, ասում էին` գնացեք այստեղից: Ես էլ պատասխանում էի, որ օրենքի մի կետ ցույց տվեք, որ պետք է գնամ այստեղից: Ես ազատ զբոսնելու իրավունք ունեմ եւ կարող եմ 20 քառ.մ տարածքում անվերջ պտտվել, ինչո՞վ են սահմանափակվում իմ իրավունքները: Բայց մեր հարցադրումներին պատասխան չէր հնչում, եւ կրկին բերման էինք ենթարկվում, եւ հնարավորինս հեռու էին տանում, որ հետ գալը խոչընդոտ լինի: Արդյունքում ոստիկաններին պարզ ասացինք, որ հազար անգամ էլ բերման ենթարկեք, մենք մեր պայքարից չենք նահանջելու, որովհետեւ մեր պայքարն արդար է: Այսօր բոլոր ոլորտներում ձախողումներ են, եւ մենք չենք կարող ուղղակի լուռ հետեւել, պետք է արձագանքենք: Երբ փորձում ենք խորհուրդներ տալ, մեր խորհուրդներին ականջալուր չեն լինում, անում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում, իսկ հետո ձախողվում են:
– Այս պահին կա՞ հարուցված քրեական գործ:
– Իմ ունեցած տեղեկության համաձայն` ես, իմ գործընկեր Արմեն Ներսիսյանը եւ մեր երիտասարդական թեւի ղեկավար Աշոտ Անդրեասյանը նույն քրեական գործով ենք անցնում, որի մասին, անկեղծ ասած, տեղեկացել եմ մամուլից, քանի որ ես հարցաքննվել եմ կասկածյալ-վկա այս շրջանակում: Ամեն դեպքում, ինձ ոչինչ չի կաշկանդելու եւ հստակ ուզում եմ արձանագրենք, որ ինչ էլ անեն, մեկ է, մենք հետդարձի ճանապարհ չունենք: Ուղղակի չունենք հայրենիք` կորցնելու, օր առաջ պետք է այս իշխանությունից ազատվենք, նոր ընտրություններ լինեն եւ քաղաքացիներն ընտրեն նոր ղեկավար կազմ, որն ունակ է իրենց հանել այս ծանր վիճակից:
«ԿՈՆԿՐԵՏ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ԵԿԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում խոստանում է մեծ հանրահավաք անել: Ձեր կարծիքով` այլ քաղաքական ուժեր կմիանա՞ն այս հավաքին: Օրինակ` Լյուդմիլա Սարգսյանն այս անգամ կմասնակցի՞ հանրահավաքին, որն այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, բայց Երեւանի ավագանիում կրում է ԲՀԿ-ական մանդատ:
– Իմ գործընկեր Լյուդմիլա Սարգսյանը, լինելով այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, նաեւ «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի զոքանչն է: Կարծում եմ` իրականում այդ ամենն ազդում է իր գործունեության վրա, համենայնդեպս, ես այդպես եմ նկատել: Բազմաթիվ հարցեր կային, որ կարելի էր էլ ավելի կոշտ հակադարձել դրանց, որն իմ գործընկերը չէր անում: Ինչեւէ, իրեն հասկանում եմ ու չեմ էլ մեղադրում, որովհետեւ այնպես է ստացվել, որ ինքն իր քաղաքական հայացքներով մեր թիմն է համալրել:
– Բայց եթե հիմա Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում ԲՀԿ-ի քաղաքական հայացքները, ինչո՞ւ է շարունակում մնալ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
– Այդ ամենի համար ունենք ղեկավար, եթե մեր ղեկավարն ինչ-որ մի օր որոշի, որ տիկին Սարգսյանը պետք է իր մանդատը վայր դնի, ինձ թվում է` նա այդ հորդորին կհետեւի: Ամեն դեպքում, այստեղ եւս մեկ ավագանու մանդատ ունենալու կամ չունենալու խնդիր չէ: Մենք համատարած ձախողումներ ենք նկատում, ու այնպես չէ, որ մեր մեկ մանդատը վերականգնվի կամ մեկ մանդատը կորցնենք, դրանից մեծ բան է փոխվելու Երեւանում: Կարծում եմ` երեւանցիներն իրենք էլ իրենց մաշկի վրա զգում են, որ սխալ ընտրություն են արել: Միշտ ասել եմ, որ եթե Հայկ Մարությանը պետք է հրաժարական տա, ապա ավագանին պետք է ազատ արձակվի, եւ նոր ընտրություններ կայանան: Ի վերջո, պարոն Փաշինյանի հորդորով երեւանցիները հենց Հայկ Մարությանին են ընտրել իրենց քաղաքապետ, ոչ թե «Իմ քայլի» ինչ-որ մի ավագանու անդամի: Վստահ եմ` երեւանցիների մեծ մասն անգամ նրանց անուններով էլ չի ճանաչում, ուր մնաց, թե քաղաքապետի պաշտոնում պատկերացնեն իրենցից որեւէ մեկին:
– Վերադառնալով հանրահավաքին` ի՞նչ սպասումներ ունեք` այլ քաղաքական ուժերի մասնակցության առումով:
– Ըստ իս, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մտահոգված են մեր բարձրացրած խնդիրների շուրջ, անշուշտ, կմիանան: Քաղաքական առումով կմիանան, թե` ոչ, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, բայց որ իրենց մասնակցությունն ու ներկայությունն այդ հանրահավաքին կտեսնենք, ինձ թվում է` այդպես կլինի: Կարծում եմ` հանրահավաքը բազմամարդ է լինելու, որովհետեւ իրականում այն դժգոհության ալիքը, որը կա այսօր թե՛ Երեւանում, թե՛ ամբողջ ՀՀ-ում, ուղղակի, նույնը չէ, ինչ անցած տարի էր: Կորոնավիրուսը, իշխանությունների ձախողումները, համատարած անգործությունը, բազմաթիվ անօրինականությունները, անարդարությունները լցրել են ժողովրդի համբերության բաժակը: Վստահ եմ` ժողովուրդն իր վճռորոշ քայլը կանի եւ դուրս կգա փողոց, որպեսզի առաջին հերթին ներկա իշխանությունները սթափվեն եւ երկրորդ հերթին` անցնցում փոխանցեն իրենց իշխանությունը, որպեսզի բախումներ չունենանք: Ինչպես իրենք խաղաղ եկել են, պետք է խաղաղ էլ հեռանան, որովհետեւ կոնկրետ ապացուցել են, որ եկել են իշխանության ոչինչ չանելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մ. Հարությունյանի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:
https://iravunk.com/sim/?p=180189&l=am/