«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ»
Արխիվ 12-16
«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ»

- Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ինքնասպանությունների 51 տոկոսը կատարվում է կենցաղային տարբեր խնդիրների պատճառով, իսկ 49 տոկոսի դեպքում դրդապատճառները տարբեր են: Այդ թվում՝ մարդիկ ինքնասպանություն են գործում այն բանից հետո, երբ հարում են այս կամ այն աղանդավորական շարժմանը: Հայաստանում մինչեւ1994 թվականը տարեկան գրանցվում էր ընդամենը 40 ինքնասպանություն, որն այսօր հնգապատկվել է: Այս ամենը ցույց է տալիս, որ ինչպես աղանդավորներն են շատանում Հայաստանում, այնպես էլ` ինքնասպանության դեպքերը: Ինքնասպանությունների բուն պատճառն իմանալու համար բոլոր դեպքերը մեկ առ մեկ պետք է ուսումնասիրել եւ տալ համապատասխան գնահատական:
Սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց.
- Դժվար է ինքնասպանության դեպքերի աճի վերաբերյալ միանգամից տալ մեկնաբանություն: Պատճառները տարբեր են` սկսած սոցիալական խնդիրներից, մինչեւ հոգեբանական խնդիրներ ու բարդություններ: Սա այնպիսի թեմա է, որն ուսումնասիրելու եւ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու կարիք ունի:
Հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ փաստեց.
- Վաղուց է, ինչ խուսափում եմ այս թեմայով խոսել: Խնդիրն այն է, որ ինչքան շատ ես խոսում ինքնասպանության մասին, այնքան ավելի թեման հանրային ես դարձնում: Մարդիկ իրենց խնդիրների լուծման համար միայն մեկ ճանապարհ են տեսնում` ինքնասպանություն, եւ սա միայն հայերին չի վերաբերվում, այն օրինաչափություն է: Ինքնասպանությունն այնքան բարդ երեւույթ է, որ սխալ է կապել մեկ-երկու պատճառի հետ: Այն մարդու դեպրեսիոն ճգնաժամի հետեւանք է: Ինքնասպանության առաջին պատճառներից կարող է լինել սոցիալական տարբեր խնդիրները, բայց լինում են դեպքեր, երբ ինքնասպանություն են գործում ապահով եւ հարուստ մարդիկ: Ցավոք՝ ինքնասպանությունները եղել են ու կլինեն, դրանց թիվն ավելանում է քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ: Ինքնասպանությունն անձնական ողբերգություն է եւ այս թեմային շատ զգուշությամբ եւ նրբորեն պետք է անդրադառնալ: Բայց այն, որ դրանց թիվն ավելացել է, անհանգստացնում է, ուստի պատճառները հստակ ուսումնասիրություն են պահանջում: