«Իրավունք» թերթի տպագիր համարներ

35 ՏԱՐԻ ԱՆՑ. «ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ» ՖԻԼՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԿԱԴՐԵՐՆ ՈՒ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

35 ՏԱՐԻ ԱՆՑ. «ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ» ՖԻԼՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԿԱԴՐԵՐՆ ՈՒ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

 

Տարին հոբելյանական է երբեք չհնացող ու այդքան սիրված «Կտոր մը երկինք» ֆիլմի համար: Ուղիղ 35 տարի առաջ կայացավ ֆիլմի պրեմիերան` Թորիկի եւ Անժելի արգելված թվացող սիրո պատմությունը: Եվ առ այսօր ֆիլմից ցիտված խոսքերը մնացին յուրաքանչյուրիս ընտանիքում, շրջապատում: Ժամանակի համար բավական համարձակ այս ֆիլմը թե՛ երաժշտությամբ, թե՛ դերակատարումներով ու ռեժիսուրայով առ այսօր հայ ֆիլմադարանի լավագույն գոհարներից է համարվում: Ի վերջո, թե ո՞րն էր այս ֆիլմի հարատեւման գաղտնիքը, «Իրավունքը» պարզեց «Կտոր մը երկինք»-ում իրենց ներդրումն ունեցած արվեստագետներից:

 

«ՖԻԼՄՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է»


Ֆիլմում կարճ, բայց եւ բավական բարդ դեր ուներ ՀՀ վաստակավոր արտիստ ԷՎԵԼԻՆԱ ՇԱՀԻՐՅԱՆԸ, ով ունենալով հարգված ընտանիք` այնուամենայնիվ, վստահել էր ռեժիսորին ու նկարահանվել անբարո կնոջ կերպարում: 35 տարի անց անդրադառնալով ֆիլմի շեշտադրումներին` դերասանուհին ասաց. «Այս ֆիլմում ամենակարեւոր հատկանիշը, որ գնահատում եմ, մարդկային վերաբերմունքն է ամեն ինչի նկատմամբ` այդ սերը, որ հաշվի չառնելով ոչինչ` ծնվեց երկու երիտասարդների միջեւ: Մանավանդ այն շրջանում, երբ շատ բարդ էր, բայց տղան (Թորիկը) կարողացավ գնալ ընդդեմ հասարակության կարծիքների եւ ճիշտ ընտրություն կատարեց: Իսկապես, ֆիլմի հիմքում դրված է բարությունը: Եվ չպետք է մոռանանք, որ գրական գործն ինչքան էլ լավը լինի, կարեւոր է, թե այն ինչպես կնկարահանվի: Իսկ այն իրականություն դարձնելուն ձեռնամուխ էր եղել մեր տաղանդավոր ռեժիսորներից մեկը` Հենրիկ Մալյանը, որը շատ նուրբ մոտեցում ունեցավ: Նույնիսկ այն կտորները, որտեղ մենք էինք նկարահանվել (նկատի ունի անբարո կանանց մուտքը ֆիլմում-խմբ.) շատ նուրբ էր ամեն ինչ արված»:


«ՈՉ ՄԻ ԱՆԲԱՐՈ ՏԵՍԱՐԱՆ ՉՆԿԱՐՎԵՑ»


Տիկին Շահիրյանը խոսեց նաեւ ժամանակի համար համարձակ թվացող իր դերակատարումից. «Միշտ ասում են` վա՜յ, այդ մուտքն ինչպե՞ս նկարվեցիր, բայց չեն նկատում մի կարեւոր բան, որ այնտեղ իրավիճակը եւ դերասանական խաղը այնքան ճիշտ էր, որ իրականում ոչինչ չկատարվեց: Ոչ մի անբարո տեսարան չնկարվեց, բայց այնքան ճիշտ էր ամեն ինչ լուծված, որ ենթադրվում էր արդեն մնացածը: Եթե նկատել եք, այնտեղ ոչ մեկի ո՛չ թեւն է երեւում, ո՛չ ոտքն է երեւում, ընդհանրապես, լպիրշ տեսարաններ չկան, եւ դրա համար էլ համաձայնել էի նկարվել, որովհետեւ գնահատում էի այդ հանճարեղ ռեժիսորի աշխատանքը»: Ամեն դեպքում, ֆիլմի անձնակազմը բավական երկար է համոզել Է. Շահիրյանին, որպեսզի համաձայնի նկարահանվել այդ կտորում, իսկ թե ինչպես է երեք «անբարո» կանանց մուտքը նկարահանվել իրականում, պարզեցինք հետեւյալը. «Այդ հատվածը, որտեղ երեքով մուտք ենք գործում, նկարահանվել է Սուխումիում` բոլորովին դատարկ փողոցում` առավոտյան ժամը` 4-5-ը: Իսկ հետո առանձին նկարվել է այն տեսարանը, թե իբր այդտեղ տղամարդիկ կան: Մինչդեռ իրականում հանդիսատես չի եղել, ոչ ոք չկար, մենք միայնակ փողոցում քայլում էինք: Այսինքն` դերասանական ճիշտ խաղով կարողացանք ներկայացնել այն»:


«ՍՈՖԻԿՈ ՃԻԱՈՒՐԵԼԻԻ ՓՈԽԱՐԵՆ` ԿՈՒԶԵՆԱՅԻ ՀԱՅՈՒՀԻ ՆԿԱՐՎԵՐ»


Ըստ ՀՀ վաստակավոր արտիստուհու` ֆիլմի հաջողության գրավականներից էր նաեւ ճիշտ դերաբաշխումը. «Շնորհալի մարդիկ էին հրավիրված: Ֆրունզե Մկրտչյանն էլ շատ փոքր դեր ուներ, բայց տպավորիչ: Երիտասարդները շատ ճիշտ էին խաղում, Գալինա Բելյաեւան (Անժելը) հրաշալի կերտեց այդ աղջկա կերպարը: Եվ այս ամենը ճիշտ էր ընտրված ու օպերատորական աշխատանքն էր նուրբ արված, այսինքն` մալյանական ոճը կար: Սակայն ուզում եմ նշել, որ Սոֆիկո Ճիաուրելիի (Թորիկի մորաքույրը) փոխարեն, որին շատ եմ սիրում, կուզենայի հայուհի նկարվեր: Իսկ մենք ունեինք այդպիսի դերասանուհի, որ կարող էր նկարվել այդ կերպարում: Կրկնում եմ` շատ սիրում եւ գնահատում եմ այդ դերասանուհուն, թող սխալ տպավորություն չստեղծվի»:


«ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՉՔՆՆԱԴԱՏԵՑ»


Ի վերջո, թե ինչպես ընդունվեց Էվելինա Շահիրյանի կերտած կերպարը 35 տարի առաջ` պրեմիերային ներկա հանդիսատեսի կողմից, դերասանուհին ժպիտով է հիշում. «Պրեմիերայի օրը ամուսնուս հետ լեփ-լեցուն դահլիճում նստած էի: Երբ մեր մուտքը սկսվեց, դահլիճն անդադար ծափահարում էր: Յուրաքանչյուր բան, եթե ճաշակով է արված, լպիրշ չէ, չնայած լպիրշ կերպար է ներկայացված, արվեստի գործ է: Եվ սա կար այս ֆիլմում, ինչի արդյունքում եւ ոչ մեկը չքննադատեց»:


ԱՆԺԵԼԻ ԴԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՏ 4 ՀԱԶԱՐ ԱՂՋԻԿ Է ՓՈՐՁՎԵԼ


ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ով ֆիլմում մարմնավորում է սկսնակ մսագործին, մեզ հետ զրույցում մտովի գնալով 35 տարի հետ` ասաց. «1980 թվականն էր, Գյումրիում էինք նկարահանում ֆիլմը, դա իմ առաջին դերն էր...»,- հիշեց դերասանն ու հատուկ առանձնացրեց ֆիլմում Անժելի կերպարը մարմնավորած` Գալինա Բելյաեւային. «Շատ համեստ աղջիկ էր եւ իսկական աստվածային գեղեցկություն ուներ, ես այդ ժամանակ նայում էի ու մտածում, որ Աստված նրան ստեղծելիս ոչինչ չի խնայել: Բայց այդքան գեղեցկության հետ շատ համեստ էր: Նկարահանման ընթացքում, երբ ավարտում էր իր կտորները, մի անկյունում նստում էր ու ինչ-որ բան գործում, աղջիկներից ինչ-որ մեկը ձեռագործ էր սովորեցրել իրեն: Հետո ընթացքում հասկացա, որ 3 ամսական հղի է:  Ամուսինն էլ ճանապարհելիս` Մալյանին ասել էր` հղի է, վախենում եմ նրան մենակ թողնել: Մալյանն ասել էր, որ հանգիստ եղիր, մենք նրան լավ կնայենք: Ֆիլմում պիտի լիներ նաեւ բաղնիքային տեսարան, ու Գալինան պիտի մտներ մերկ, որտեղ բոլոր  աղջիկներն ու կանայք էլ էին մերկ: Այդ տեսարանը նկարահանել են, բայց Գալինայի 3 ամսական հղիությունը երեւացել է, ու հենց այդ պատճառով այդ կտորը չընդգրկվեց  ֆիլմում»,- պատմեց Մովսիսյանն ու շեշտեց, որ Անժելի դերի համար մոտ չորս հազար աղջիկ է փորձվել. «Գեղեցիկ աղջիկներ էին գալիս, բայց Մալյանն ընտրեց Բելյաեւային: Մի օր Մալյանին հարցրի` իրեն որպես հա՞յ եք տեսնում, որ ընտրել եք, ասաց` այո, ասացի` բայց նա հայի քիչ է նման, պատասխանեց` ոչ, նա շատ է նման հայի` հատկապես Արեւմտյան Հայաստանի հայուհու: Սոֆիկո Ճիաուրելիի համար մեծ վեճեր եղան արդեն ավագ դերասանուհիների մեջ: Նրանք ասում էին` ինչու մենք չենք խաղում, իրոք, ոմանք նեղացան Մալյանից»:


«ՄԱԼՅԱՆՆ ՈՒՍԻՍ ՀԱՐՎԱԾԵԼՈՎ ԱՍԱՑ` ՔՈ ՀԱՐՑԵՐՆ ԷԼ ԼՈՒԾՎԵՑ»


Իսկ թե որն է ֆիլմի երկարակեցության գաղտնիքը, Հ. Մովսիսյանը շեշտեց. «Նախ` բոլոր շնորհքով մարդկանց կապը, որոնք հասկանում էին այն նյութը, թե ինչ է ուզում աշխարհին ասել Վահան Թոթովենցը, որին աքսորել էին իբրեւ գերմանական շպիոն: Շատ սիրով էինք աշխատում ֆիլմի վրա, այդ տարիներին բոլորը լավ էին ապրում, ամեն ինչ լավ էր, թեպետ` էլի արտագաղթ կար: Բայց ինչ գեղեցիկ ժամանակներ էին, ինչ վերածնունդ էր ապրում հայ ժողովուրդը»,- մտաբերեց դերասանն ու ժպիտով հիշեց, թե ինչպես գտան իր կերպարի պատանեկությունը մարմնավորող փոքրիկին. «Հետաքրքիր գտանք իմ երիտասարդ դերակարատարին: Բոլորինը կար, իմը չէինք կարողանում գտնել: Մալյանն ասաց. «Հարութ, արի գնանք Գյումրի, ման գանք, տեսնենք ինչ կարող ենք գտնել»: Մալյանի հետ քայլելն ու խոսելը  հաճույք էր, նա թեման թեմայի վրա չէր թողնում, կարող էր արագ փոփոխել թեման, ու պիտի արագ ուղեղ ունենայիր, որ հասնեիր իր հետեւից: Այդպես, արդեն 7-րդ դպրոցից էինք դուրս գալիս, հուսահատված ասաց. «Գնանք մի տեղ հաց ուտենք, սոված ենք»: Մեկ էլ տեսնեմ մի տղա, մոտ 12 տարեկան, տաբատի մեջից վերնաշապիկը դուրս եկած, վզկապը կիսատ-պռատ կապած, կոշիկների շնորոքները քանդված, գրքերը պայուսակից թափվելով վազելով գնում է: Ասացի, վա՜յ, սա լրիվ ես եմ, ես այսպես էի դպրոց գնում: Մալյանն ուսիս հարվածելով ասաց` քո հարցերն էլ լուծվեց: Բայց նկարահանման ժամանակ բացարձակ չերեւաց այդ երեխայի ակտիվությունը, մինչեւ հիմա իրեն չեմ տեսել, բայց կուզենայի գտնել ու շփվել իր հետ»:



«ՄԱԼՅԱՆԸ ԾԻԾԱՂԻՑ «ՈՒՇԱԹԱՓՎԵՑ»»


Հ. Մովսիսյանը նաեւ առանձնացրեց ռուս դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայայի ու իր կտորները. «Ֆիլմում տեսարան կա, որ Նատաշան ինձ գրկում է, այդ տեսարանը նկարահանելիս` բոլորը ծիծաղում էին, ինձ թվում էր` իմ վրա էին ծիծաղում: Հետո կողքից ասացին, որ Նատաշան այնքան գեր է, երբ ինձ գրկում է, իմ ձեռքերն իր մեջքին չեն հասնում, այդ տեսարանից առաջինը Մալյանը ծիծաղից «ուշաթափվեց»: Հետո, ֆիլմում խնձորների հատվածն է շատ հետաքրիր, երբ Թորիկի հետ խնձոր ենք բերում, ստիպված եղանք 3 անգամ 3 կիլոգրամ խնձոր բերել, որովհետեւ Նատաշան բոլորն ուտում էր նկարահանման ընթացքում ու ասում էր, որ կարող է ոտքը կամ մարմնի մի մասը բացել, բայց Մալյանն ասաց, որ մենք նման կադրեր ֆիլմում չենք ցուցադրելու»:


«ՄԱԼՅԱՆԸ ՉՈՒԶԵՑ ԻՆՁ ՀԵՏ ՌԵԺԻՍՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ»


Իհարկե, ֆիլմի մասին խոսելիս, յուրաքանչյուրի ականջներում նախեւառաջ շշնջում է մանսուրյանական մեղեդին: Մեզ հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ հիշեց, թե ինչպիսի դժվարությամբ, բայց երիտասարդական խանդավառությամբ ստեղծեց այս կախարդական մեղեդին. «Այս ֆիլմում Մալյանի հետ աշխատեցինք: Երբ համաձայնությունս տվեցի` այդ երաժշտությունը գրելու, հանդիպեցինք եւ սպասում էի, որ ինձ իր ռեժիսորական առաջարկները, մտահղացումները կամ իր պահանջները կներկայացնի, բայց Մալյանը ռեժիսորություն չուզեց ինձ հետ անել: Սա ավելի դժվարացրեց իմ վիճակը, որովհետեւ պետք է ինքս ինձ հարցեր բարձրացնեի եւ ինքս էլ պատասխանեի այդ հարցերին: Մալյանը չեղավ այդ հարցեր բարձրացնողը»:

Ի դեպ, նյութն էլ գրելիս հիշեցինք, որ վարպետը` Սոս Սարգսյանը, մի անգամ բեմից ելույթ էր ունենում, երբ գրպանից հնչեց բջջայինի զանգը ու սիրված մեղեդին...Հանդիսատեսը ոտքի կանգնեց ու սկսեց զանգի հնչյունների ներքո ծափահարել վարպետին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան