«ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԿՍՏԻՊԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ ՔՆՔՈՒՇ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳՆԻՆ»
Արխիվ 12-16«ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԿՍՏԻՊԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ ՔՆՔՈՒՇ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳՆԻՆ»
ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հոսանքի թանկացման հայտին, ասաց, որ ճիշտ է համարում հասարակության ընդվզումը, որի շնորհիվ էլեկտաէներգիայի սակագնին քնքուշ ձեւով են վերաբերվելու. ոչ մի ձեւով չեն բարձրացնելու հոսանքի սակագինը: «ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելը ոչ միայն բարիք բերող հանգամանք էր, այլեւ պարտավորություն: Բանն այն է, որ եթե Հայաստանն օգտվում է ընդհանուր կերակրատաշտից եւ գումար է ստանում, ապա իրենից ինչ-որ բան պետք է ներկայացնի: Այս պահին Հայաստանը միայն մինուսներով է գնում»,- ասաց կուսակցության ղեկավարը:
ԵՏՄ-ում, ըստ քաղաքական գործչի, մեզ հարցնելու են` որտեղից գոյացան ՀԷՑ-ի պարտքերը: Այսքանից հետո հարց է առաջանում` տնտեսական քաղաքականությունն ինչպես ենք վարելու: «Պետք է պատժել համապատասխան մարդկանց, որպեսզի նրանք վերադարձնեն այդ գումարները: Բայց ոչ մեկին իշխանությունը չի մեղադրում, միայն ասում է`ունենք պարտք»,- ասաց ՀԴԿ ղեկավարը:
Անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն տեսակետին, թե ՀԷՑ-ի խնդիրը տարիների պատմություն ունի եւ հասնում է երկրորդ նախագահ Քոչարյանի կառավարման ժամանակներից, քաղաքական գործչի խոսքով` տրամաբանական է, որ 250 մլն դոլար պարտքը մի օրում կամ մեկ տարում չէր կարող առաջանալ: «Եթե անգամ խնդիրը հասնում է դեպի Ռոբերտ Քոչարյան, այսօրվա իշխանությունները պատասխանատվությունից չեն ազատվում: Այդպես եղավ նաեւ ՀՀՇ-ի տարիներին: Երբ ՀՀՇ-ն հանձնում էր իշխանությունը, ՀԴԿ-ն ու ՍԻՄ-ը պահանջեցին Ռ. Քոչարյանից պատասխանատվության կանչել մեղավորներին, Քոչարյանը չպատժեց: Նույնը հիմա եղավ: Պետք էր հասկանալ` ինչո՞ւ ՀԷՑ-ը կուտակված պարտքով փոխանցվեց նոր կառավարիչներին»,- ասաց Սարգսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

