ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆ. «ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԱՌՁԵՌՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՉԻ ԴՐԵԼ»
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆ. «ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԱՌՁԵՌՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՉԻ ԴՐԵԼ»
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, «Իրավունքի» հետ զրույցում խոսելով Վարդան Պետրոսյանի գործի մասին, ասաց,որ սպասում է տուժող կողմի` վճռաբեկ դատարան բողոք բերելուն:
Տուժող կողմը պետք է բողոքարկի Վարդան Պետրոսյանի պատժի չափը երկարացնելն ու Տաթեւիկ Հակոբյանի ապագա բուժման համար առձեռն մոտ 8.000.000 դրամ պահանջելը: «Վարդան Պետրոսյանը կնքել է պայմանագիր այն հիվանդանոցի հետ, որտեղ պետք է վերականգնողական բուժում անցնի Տաթևիկը: Վարդան Պետրոսյանը Տաթեւիկի բուժման ողջ գումարը կհատուցի, եթե նա գնա բուժվի: Բայց տրամաբանություն ունեցող մարդը կհասկանա` ի՞նչ տարբերություն Տաթեւիկը տանի այդ գումարը տա հիվանդանոցին, թե Վարդան Պետրոսյանն անմիջապես վճարի հիվանդանոցին»,- մանրամասնում է փաստաբանը:
Փաստաբանի խոսքով` տուժող կողմն այլ մասերով բողոք բերելու իրավունք չունի: «Այդ հարցերով բողոքը (նկատի ունի պատժի չափը երկարացնելն ու Տաթեւիկ Հակոբյանի բուժման մասով պահանջը-խմբ.) իմ կարծիքով վճռաբեկ դատարանը չի կարող քննել, քանի որ դա օրենքի միատեսակ կիրառմանն առնչվող հարցեր չեն: Մի անձին մի տարի ավել պատիժ տալը վճռաբեկ դատարանն իրավասու չէ քննել»,- ասաց Բաղդասարյանը:
Տուժող կողմի` Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում էլ ասաց, որ իրենք այսօր վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ վերաքննիչ դատարանի որոշմաբ դեմ: Պահանջները նույնն են՝ պատժի խստացում և Տաթեւիկ Հակոբյանի վերականգնողական բուժման ծախսերի հատուցում:
Անդրադառնալով Վարդան Պետրոսյանի փաստաբանի այն դիտարկմանը, թե ինչ տարբերություն տուժող կողմի համար Տաթեւիկ Հակոբյանի բուժման գումարն առձեռն կստանան, թե միջնորդավորված, Ռուբեն Բալոյանն այսպես արձագանքեց. «Նախ ով է որոշում, թե որտեղ պետք է անցնի իր վերականգնողական բուժումը Տաթևիկ Հակոբյանը: Հրաժարվելով վնասի հատուցման գումարից՝ 7.8մլն դրամից, համաձայնեցինք սկսել Տ. Հակոբյանի բուժումը: Մեր առաջարկով Վ. Պետրոսյանին ընդամենը տեղեկացրել ենք, որ Տաթևիկ Հակոբյանը ներկայումս սովորում և աշխատում է, դրա համար էլ խնդրեցինք, որ բուժումն իրականացվի 18.00-ից հետո՝ GOLDS GYM-ում, քանի որ այն մոտ է գտնվում վերջինիս բնակության վայրին: Հիմա հարց է առաջանում՝ ում հետ պետք է հարմարեցնել բուժման վայրը՝ Ն. Բաղդասարյանին, Վ. Պետրոսյանին, թե՝ տուժող Տ. Հակոբյանին: Ինչ տարբերություն պաշտպանական կողմի համար, թե այդ բուժումը որտեղ է իրականացվելու: Արդյոք ողջամիտ է, որ տուժողը հրաժարվի ուսումից և աշխատանքից, կողմի ամբիցիաների պատճառով: Եվ եթե սրանք ընդամենը ամբիցիաներ չեն, ապա ինչպես ես դա կոչեմ: Այնուհետև, ինչպես կոչեմ, այն, որ Տ. Հակոբյանին անմիջականորեն առնչվող պայմանագրից ցանկանում են նրան դուրս մղել: Տրամաբանություն ունեցող մարդկանց համար հատուկ նշենք, որ անհարաժեշտ գումարը կարելի է փոխանցել, ոչ միայն Կարմիր Խաչ, այլև GOLDS GYM, և որևէ մեկը առձեռն գումար փոխանցելու պահանջ Վ. Պետրոսյանի առաջ չի դրել: Դե հիմա հավասարության սկզբունքից ելնելով, խնդրում եմ նույն հարցը տվեք Ն. Բաղդասարյանին՝ ձեզ համար ինչ տարբերություն, եթե բուժվողը Տաթևիկն է, մանավանդ, որ այդ գումարները մաս-մաս մեծ գումարներ չեն և պետք է վճարվեն յուրաքանչյուր բուժման կուրսից առաջ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

