ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ
Արխիվ 12-16ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ

Այս օրերին ամենաքննարկվող ու սպասվելիք իրադարձություններից մեկն անշուշտ հունիսի 13-ին Երեւանում կայանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղն է: Մինչ ազգային ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը պորտուգալացիների դեմ արդյունավետ մարտավարություն գտնելու մասին է մտածում, մեր հավաքականը դիրքերը զիջում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Այսպես՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հերթական թարմացված աղյուսակում նահանջել է 7 աստիճան եւ գտնվում է 84-րդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին, որն ի դեպ իր տեղը զիջել է երկրորդ տեղ բարձրացած Բելգիայի հավաքականին, իսկ առաջատարը աշխարհի չեմպիոն Գերմանիան է: Իսկ ահա Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Պորտուգալիայի ընտրանին 7-րդն է: Այս համեմատությունը արդեն իսկ հուշում է, թե ինչ ծանր խաղ է սպասվում մեր հավաքականին, առավել եւս, որ խաղին պորտուգալացիները կներկայանան ամենամարտական կազմով՝ դարպասապահներ Անտոնի Լոպես, Բետո, Ռուի Պատրիսիու, պաշտպաններ Բրունո Ալվեշ, Սեդրիկ, Դանիել Կարիսո, Էլիզեու, Ֆաբիու Կուենտրաու, Ժոզե Ֆոնտե, Ռիկարդո Կարվալյու, Վիեյրինյա, կիսապաշտպաններ Ադրիան Սիլվա, Վիլյամ Կարվալյու, Անդրե Անդրե, Բերնարդո Սիլվա, Ժոաո Մոուտինյո, Պիցի, Տիագո Մենդեշ, հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդու, Դանի, Էդեր, Լուիշ Նանի, Ռիկարդո Կուարեժմա, Սիլվեստրե Վարելա:
Հասկանալի է՝ մեր պաշտպանների համար առաջնայինը Ռոնալդուի գործողությունները «սահմանափակելը» պետք է լինի: Իսկ այստեղ մեծ խնդիր կարող է դառնալ այն, որ մեր ֆուտբոլիստներից շատերը ֆիզիկապես պատրաստ չեն դիմակայելու պորտուգալացու արագությանն ու ոչ էլ տեխնիկային:
Բացի այդ՝ մեր հավաքականը Եվրո-2016-ի հետ կապված գործնական հույսեր չունի, իսկ դա կարող է ֆուտբոլիստների մոտ ավելորդ ջանքեր չգործադրելու, վնասվածքներ չստանալու եւ ակումբներում խնդիրներ չունենալու գործոնն առաջ մղել:
Մի խոսքով՝ շանսերը քիչ են, թեեւ մեր հավաքականի հետ կապված` հրաշքներ հաճախակի եղել են, եւ հուսանք, որ հունիսի 16-ին դրանցից եւս մեկի ականատեսը կլինենք:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

