«ԵՐԲ ՄԻ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԽՆԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ, ԱՍՈՒՄ ԵՆ` Ո՞ՒՐ Է ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ»
Արխիվ 12-16«ԵՐԲ ՄԻ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԽՆԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ,
ԱՍՈՒՄ ԵՆ`Ո՞ՒՐ Է ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ»
«Իրավունքը» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից պարզեց` Ուկրաինայից հայերի մեծ հոսք կա դեպի Հայաստան:
«Շատ չէ հոսքը, բայց մեզ դիմողներ կան, որոնք աշխատանքի խնդրով են դիմում նախարարությանը: Մենք էլ դիմում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարություններ»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե սիրիահայերը չեն վստահում Հայաստանի բիզնես միջավայրին, նախարարի խոսքով` Սիրիայի եւ Հայաստանի միջեւ բիզնես դաշտերի, օրենքների տարբերություն կա: «Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանում չկա բիզնեսմեն, ով ոգեւորվում է, հետո` հիասթափվում: Ով ասաց, որ հիասթափվածը հետո չի ոգեւորվում: Այստեղ չորս-հինգ տարի ապրողին պետք չէ ասել` նա սիրիահայ է: Նա հայաստանցի է: Նորերին պետք է կոչենք սիրիահայ»,-պարզաբանում է գործադիրի անդամը:
Հարցադրումը հստակեցրինք` կարծես թե հիասթափված սիրիահայերի թիվն ավելի շատ է, քան ոգեւորվածների ու հաջողակների: Ի պատասխան Հրանուշ Հակոբյանն ասաց, որ անհաջողություն ունեցողը սկսում է փնտրել իր արմատը: «Երբ մի լիբանանահայ ելույթ է ունենում, խնդիր է բարձրաձայնում, փոխանակ դիմի պատկան կառույցներին, հեռուստացույցով հնչում է` ուր է Հրանուշ Հակոբյանը: Բայց ես ինչ գործ ունեմ հարկերի մաքսերի, տնտեսական ծրագրերի հետ: Չի՛ կարելի»,- հորդորեց տիկին Հակոբյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

