ՈՎՔԵՐ ԵՆ ՈՐԴԵԳՐՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՈՎՔԵՐ ԵՆ ՈՐԴԵԳՐՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

«Ինչպես միջազգային, այնպես էլ տեղական որդեգրումները Հայաստանում վերջին տարիների ընթացքում կամաց-կամաց նվազում են: Մասնավորապես` 2014թ.-ին գրանցվել է տեղական 46 եւ օտարերկրյա 33 որդեգրություն: Այն դեպքում, երբ 2013թ.-ին` 58 եւ 31: Իսկ արդեն 2015թ.-ի առաջին եռամսյակում գրանցվել է 14 տեղական եւ նույնքան օտարերկյա որդեգրում: Օտարերկրյա պետություններից հիմնականում որդեգրում են ԱՄՆ-ից, Իտալիայից եւ Ֆրանսիայից»,- մեզ hետ զրույցում պատմեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ ԱՐԳԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
-Բողոքներ կան, որ որդեգրումների գործընթացը հաճախ բարդացնում են: Կա բացատրություն, որ դա արվում է մի կողմից՝ որպեսզի մանկատներում երեխաները չպակասեն, մյուս կողմից էլ, որ որդեգրողներից մեծ փողեր կորզեն: Այս ամենը կարո՞ղ էր ազդել որդեգրումների նվազման վրա:
- Կարծում եմ` որդեգրումների թվի նվազումը կապված է որդեգրության ենթակա երեխաների հաշվառման մեխանիզմների հետ: Այս առումով շատ կարեւոր է, որ մենք օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ անենք, որպեսզի հստակեցվի երեխայի կարգավիճակը, այսինքն` երեխան ենթակա է որդեգրմա՞ն, խնամատարությա՞ն, թե՞ խնամակալության: Այլ կերպ ասած` պետք է մշակվի երեխայակենտրոն մի ծրագիր, որում ներգրավված կլինեն սոցիալական աշխատողներ եւ այլ անհրաժեշտ մասնագետներ, ովքեր կմշակեն այդ ծրագիրը: Եթե այս խնդիրներն օրենսդրորեն հստակեցվեն, որեւէ մարդկային գործոն կամ սուբյեկտիվ մոտեցում չի կարող ազդել երեխայի որդեգրման հարցի վրա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

