ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՔՉԱՑԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՔՉԱՑԵԼ ԵՆ

Բուռն քննական շրջանն արդեն սկսված է: Կան արդեն առաջին «պտուղները»` Ընդհանուր պատմություն, Աշխարհագրություն, Կենսաբանություն առարկաներից: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի մասնագետ ԳՈՀԱՐ ՉԱԼՈՒՄՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց. «Ընդհանուր պատմություն առարկայից դիմորդների քանակը 129-ն է եղել: Միջին միավորը` 13,33: Աշխարհագրություն հանձնել է 319 հոգի: Միջին միավորը 13,95-ն է եղել: Կենսաբանություն առարկայից քննություն հանձնել է 1356 դիմորդ: Միջին միավորը 12,91-ն է»:
Տիկին Գ. Չալումյանը նշեց, որ երեք առարկաներից բացակայողների ընդհանուր թիվը 61-ն է եղել: «Ինչ-ինչ պատճառներով քննություններից բացակայած դիմորդները իրավունք ունեն կրկին հայտագրվելու եւ մասնակցելու քննություններին` երկրորդ փուլում, եթե առողջական խնդիրներ են ունեցել եւ այլն»,- ընդգծեց նա:
Խոսելով դիմորդների ընդհանուր թվի մասին` տիկին Չալումյանը նշեց, որ այս տարի առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը հանրապետությունում փոքր-ինչ նվազել է` նախորդ տարվա համեմատությամբ (2014թ.-ին 12.500 է եղել,- հեղինակ): «Այս տարի առաջին փուլի համար հայտագրվել է 11803 դիմորդ` այդ թվում ԼՂՀ-ից», - ասաց նա:
Սակայն դիմորդների թվի նվազման ճշգրիտ պատկերը, ըստ ԳԹԿ-ի, պարզ կլինի երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո:
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ
ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ
2013թ. 15. 000 դիմորդ
2014թ. 12. 500 դիմորդ
2015թ. 11. 803 դիմորդ
ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԵՂԵԼ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, դիմորդների նվազման այս ֆոնին, դրական շարժ է արձանագրել: Ռեկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ հպարտությամբ է նշում, որ իրենց բուհում առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը աճել է հինգ տոկոսով: «Պոլիտեխնիկական համալսարանում 2014-2015 ուսումնական տարում 877 դիմորդ էր հայտագրվել առաջին փուլով, այս տարի` 919-ը»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց նա:
Պարոն Թոքմաջյանի փոխանցմամբ` ըստ մասնագիտությունների` ամենաշատ դիմորդների թիվը եղել է կոմպյուտերային համակարգերի ֆակուլտետում` 256 դիմում-հայտ: «Ամենացածր դիմելիություն եղել է էներգետիկայի ֆակուլտետում»: Ինչպես եւ ամեն տարի, բուհ ավելի շատ դիմել են արական սեռի ներկայացուցիչներ: «Պոլիտեխնիկում միշտ էլ ավելի շատ են եղել արական սեռի ներկայացուցիչները, չնայած, չենք դժգոհում նաեւ իգական սեռի խելացի ներկայացուցիչներից»:
ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՄԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ, ինչպես բոլոր տարիներին, այս տարի էլ դիմորդների մեծամասնությունը նախապատվություն են տվել բուժական գործ մասնագիտությանը:
Տիկին Հայրապետյանի խոսքով`դիմորդները բավականին տեղեկացված են ներկայանում ընդունող հանձնաժողով, ինքնուրույն կայացնում իրենց ապագա մասնագիտության ընտրությունը:
ԵՊԲՀ-ում նոր մասնագիտություններ չեն ավելացել: Առկա են` բուժական գործ, բուժական գործ` զինված ուժերում, ստոմատոլոգիա, դեղագիտություն...
Մ. Հայրապետյանի փոխանցմամբ` բուժական գործ մասնագիտությունն այս տարի հավելյալ տեղեր ունի. ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս 8 տեղ հատկացրել է:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

